Առողջ սննդակարգը առողջ բալիկ ունենալու կարևոր նախապայմաններից է: Կան որոշ մթերքներ, որոնք բացասաբար են անդրադառնում թե՛ հղի կնոջ, թե՛ պտղի առողջության վրա: Որոշ մթերքների օգտագործումը կարող է ցավալի հետևանքների հանգեցնել, օրինակ՝ վիժում, վաղաժամ ծննդաբերություն: Այնուամենայնիվ, շատերը չգիտեն, թե հղիության ընթացքում ինչ մթերքներ պետք է բացառել սննդակարգից: Ստորև ներկայացված մթերքները հակացուցված են հղի կանանց:

 1  Մեծ ձկներ

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ձկան մեծությունը բացարձակապես կապ չունի դրա վնասակարության հետ: Այնուամենայնիվ, մեծ ձկները ավելի շատ սնդիկ են պարունակում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի նյարդային համակարգի վրա: Որքան ավելի երկար են ապրում ձկները և որքան ավելի շատ են մեծանում, այնքան ավելի շատ սնդիկ է կուտակվում նրանց մեջ: Սնդիկը կուտակվում է նաև մարդկանց օրգանիզմում: Այն կարող է վնասել երեխայի ուղեղին, լսողական ու տեսողական համակարգերին: Ուստի պետք է հրաժարվել սնդիկի բաձր պարունակությամբ ձկների օգտագործումից:

Սնդիկի փոքր պարունակությամբ ձկնատեսակներն օգտակար են հղի կանանց համար: Դրանք B-12 վիտամինի ու ցինկի կարևորագույն աղբյուր են: Ձողաձուկը, սաղմոնը և կարմրախայտը հարուստ են օմեգա-3-ով, ինչը նպաստում է երեխայի ուղեղի զարգացմանը: Այնուամենայնիվ, դրանք ևս պարունակում են սնդիկի որոշակի չափաբաժին, ուստի պետք է խուսափել դրանց չարաշահումից: Հղիները պետք է իրենց սննդակարգից բացառեն սուշին: Հում ձկների մեջ հիմնականում այնպիսի մանրէներ են լինում, որոնք հանգեցնում են աղեստամոքսային լուրջ խնդիրների:

 2  Երշիկ, նրբերշիկ, հոթ-դոգ


Հղի կանանց մոտ լիստերիոզ հիվանդությամբ հիվանդանալու վտանգը 20 անգամ ավելի մեծ է, քան բնակչության մյուս շերտերի մոտ: Այս հիվանդության դեպքում ընկերքի միջոցով մանրէն փոխանցվում է սաղմին, ինչի հետևանքով կարող են առաջանալ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են վաղաժամ ծննդաաբերությունն ու վիժումը: Բացի այդ, պտուղը կարող է մեռելածին լինել: Այս հիվանդության առաջացման պատճառ են հանդիսանում ոչ միայն երիշկն ու նրբերշիկը, այլև չպաստերիզացված կաթնամթերքը, սառեցված ու ծխեցված ծովամթերքը: Հենց այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում դրանցից ևս հրաժարվել:

 3  Ալկոհոլ


Հղիության ընթացքում ալկոհոլի չարաշահումը կարող է առաջացնել պտղային ալկոհոլային համախտանիշ: Դրա պատճառով երեխան կարող է մտավոր հետամնացությամբ կամ սրտային արատով ծնվել: Ալկոհոլի չարաշահումը նաև մեծացնում է մեռելածին երեխա ունենալու վտանգը: Ալկոհոլի անգամ չափավոր ընդունումը կարող է բացասական ազդեցություն գործել երեխայի ուղեղի զարգացման վրա:

 4  Կոֆեին


Խորհուրդ է տրվում հղիության գոնե առաջին եռամսյակում հրաժարվել կոֆեինի օգտագործումից: Կոֆեինը միզամուղ է: Այդ իսկ պատճառով դրա օգտագործումը կարող է հանգեցնել օրգանիզմի որոշակի ջրազրկման և նվազեցնել օրգանիզմում պարունակվող կալցիումի մակարդակը: Կոֆեինով ըմպելիքներ օգտագործելու փոխարեն առատորեն խմեք ջուր, բնական հյութ և պաստերիզացված կաթ: Առողջապահական կազմակերպությունները խորհուրդ են տալիս հղիության ընթացքում օրական օգտագործել առավելագույնը 200 մգ կոֆեին: 2008 թ.-ին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր ավելի քան 200 մգ կոֆեին են ընդունում, վիժման բարձր վտանգի տակ են: Մի այլ հետազոտության արդյունքներից բխում է, որ 100 կամ ավելի մգ կոֆեինի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ պտղի աճի վրա: Ուստի, եթե չեք կարող իսպառ հրաժարվել կոֆեինի օգտագործումից, սահմանափակվեք օրը 100 մգ կոֆեինով: 237 միլիլիտր սուրճի մեջ մոտ 95 մգ կոֆեին է պարունակվում, 237 միլիլիտր թեյի մեջ՝ մոտ 47 մգ: Կոֆեին պարունակվում է նաև որոշ գազավորված ըմպելիքների մեջ:

 5  Կիսաեփ միս ու թերխաշ ձու


Պետք է հրաժարվել կիսաեփ մսի ու թերխաշ ձվի օգտագործումից: Հում ձվով պատրաստված մթերքները (օրինակ՝ գոգլ-մոգլ) ևս պետք է բացառել սննդակարգից: Բանն այն է, որ հղիության ընթացքում սննդային թունավորման ռիսկն աճում է: Հղի կանայք բոլորից ավելի ծանր են տանում սննդային թունավորումը: Հում կամ թերխաշ ձվերի, վատ եփված մսի կամ չպաստերիզացված կաթի օգտագործման հետևանքով սալմոնելլա բակտերիան կարող է ներթափանցել հղի կնոջ օրգանիզմ և վնասել պտղի զարգացմանը: 

 6  Լյարդ


Քանի որ կենդանիների լյարդը հարուստ է A վիտամինով, հարկ է խուսափել դրա օգտագործումից: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ հղիության վաղ շրջանում A վիտամինի չարաշահումը կարող է խաթարել պտղի բնականոն աճը:

Մեր հետագա հոդվածներում մենք կներկայացնենք հղիների համար օգտակար մթերքների ցանկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել