Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ հոգեւոր դասի երկու սպասավոր եւս կարգալույծ է հռչակվել: Նրանցից մեկը Տ. Մխիթար աբեղա Գուտուզյանն է (Արգենտինայի հայոց թեմ), ում կարգալույծ են հռչակել եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար:
Իսկ կարգալույծ հռչակված մյուս սպասավորը Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանն է, որը, ինչպես հրապարկվեց, «եկեղեցականին անհարիր ընթացքի համար է կարգալույծ արվում եւ դասվում է աշխարհականների շարքը` Մարտիրոս Բերբերյան ավազանի անունով»:
Պաշտոնական Էջմիածնի տարածած հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ է նա կարգալույծ արվել:
Այս հայտարարությունից հետո կարգալույծ արված հոգեւոր սպասավորներին սատարող հայերի եւ քրիստոնյաների արձագանքը բավականին կոպիտ է: Իսկ կարգալույծ արված սպասավորներից մեկը՝ Տեր Մարտիրոս քահանա Բերբերյանը այսպես է արձագանքում իր՝ կարգալույծ լինելու մասին հրապարակումներին.
«Ես զգում եմ ինձ քահանա և մնում եմ քահանա հավիտյան, որովհետև սա նույնն է, ինչ մկրտված մարդուն ասել, թե այսօրվանից նա մկրտված չէ: Սա խորհուրդ է, և երբ խորհուրդը կատարվում է անձի վրա, այդ խորհուրդը ոչ ոք իրավունք չունի այդ մարդուց վերցնելու՝ բացի Քրիստոսից՝ վերջին դատաստանի օրը: Որպես ադմինիստրատիվ ղեկավար՝ կաթողիկոսն իրավունք ունի արգելելու, որ քահանան եկեղեցու մեջ պատարագ չմատուցի, կնունք չանի և այլն»: Այս գրառումը քահանան թողել է ֆեյսբուքյան իր էջում, իսկ զուգահեռ նրա համայնքի անդամները դժգոհում են, որ իրենք չեն ընդունում Էջմիածնից եկող հրահանգը եւ պայքարելու են իրենց քահանային վերադարձնելու համար:
Նշենք որ Armenian Renaissance կազմակերպությունը եւս արձագանքել է կարգալույծ արված հոգեւոր սպասավորների մասին տեղեկատվությանը եւ գտնում է, որ տեղի է ունեցել ապօրինություն:
Կազմակերպության հայտարարությունում, որը ուղարկվել է ԳԱԼԱ-ի էլեկտրոնային փոստին, ասվում է.
«Վա՜յ ձեզ կեղծավորներիդ, օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ Երկնքի Արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն» (Մատթ. 23:13): Ասում են` մեր օրերում Գարեգին Բ կաթողիկոսի համար ազնիվ ու նվիրյալ հոգևորականներին «կարգալույծ» հռչակելը խղճի պարտք է, հավատարմության երդում, ինչը նա իրականացնում է` չխնայելով ջանք ու եռանդ: Նմանաբնույթ ապօրինի վճիռների այս «մոդայիկ տեղատարափը» ոչ մի կերպ չի դադարում` պատճառ դառնալով համաժողովրդական հուզումների, պոռթկումների, գայթակղությունների և ի վերջո, եկեղեցուց հեռացման: Այն տպավորությունն է, որ Էջմիածնի ներկա ղեկավարները ոչ թե Աստծուն են ծառայում, այլ` հակաքրիստոսին: Անցյալ տարեվերջին կամայական կերպով, խաբեությամբ ու վրեժխնդրության ոգով եկեղեցական ծառայությունից դուրս դրվեց Եղիա աբեղա Խաչատրյանը, իսկ այսօր էլ նույն բռնակալ ճակատագրին արժանացան Մխիթար աբեղա Գուտուզյանը և Մարտիրոս քահանա Բերբերյանը: Ովքե՞ր են հաջորդները… Զավեշտալին այն է, որ հակառակ մամուլում և հասարակության մեջ բարձրացած մեծ աղմուկին` այդպես էլ կարգալույծ չհռչակվեցին հանցագործ աշխարհի հետ սերտ կապեր վայելող Վաչե քահանա Հայրապետյանը, միասեռական հակումներով օժտված Հակոբ աբեղա Գրիգորյանը և ուրիշներ:
Armenian Renaissance կազմակերպությունը ընթերցողի դատին է որոշել հանձնել նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի որոշ օգտատերերի ուշագրավ գրառումները:
Տեր Մարտիրոս Բերբերյան. «Սիրելինե՛ր, ապօրինի որոշումներուն ես անձնապէս չեմ ենթարկւում: Տէր Մարտիրոսը կը մնայ Քահանայ Յաւիտեան: Թեմական խորհուրդը պէտք է ընտրուի եւ ոչ թէ նշանակուի: Նոր նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի թեմական խորհուրդը ապօրինի է, որովհետեւ չէ ընտրուած: Այն նշանակուած է առաջնորդի կողմէ իրեն ծառայող եւ իր խօսքը լսող մարդոցմով, որոնք նոյնիսկ չեն ճանաչում ինծի, եւ կ’երեւի` տարին մէկ կամ երկու անգամ կ’ուգան Պատարագի ցուցադրութեան համար: Թող բարձրեալն Աստուած ներէ իրենց, որովհետեւ, վստահ, առանց իմանալու նամակ են ստորագրել` առաջնորդի սուտ խօսքերուն հաւատալով: Ես կարծում եմ, որ սրանք չեն իմանում` ի՛նչ է Քահանայութիւնը. եթէ իմանային, այսպէս քայլեր չէին ըներ: Իրենց համար Եկեղեցին հիմնարկութիւն է, եւ քահանաները` աշխատողներ, առաջնորդը` ֆիլիալի տնօրէնը: Դրա համար ալ Քահանային հետ կը վարուին պաշտօնեայի պէս: Ձեր բոլորէն կը խնդրեմ` աղօթեցէ՛ք մեր կաթողիկոսի եւ սրբազանի համար, որ Աստուած իրենց հոգիները փոխէ, որովհետեւ ապօրինի կարգալոյծ անելով` իրենք Սուրբ Հոգիին դէմ մեղք գործեցին, որովհետեւ իմ ծառայութիւնը Քրիստոսի խօսքը տարածելն էր եւ մարդկանց գեհէնի կրակէն ազատելը: Այս ձեւով իրենք նպաստեցին սատանային: Աստուած օգնէ իրենց. ես վստահ եմ, որ իրենք այդ քայլին գնացին առանց իմանալու: Խնդիրն այն է, որ ով որ ասում է «անհարիր ընթացք» եւ ապօրինի կարգալոյծ է անում, պիտի խնդրէի իրմէ, որ կանգներ իջման Սեղանի առջեւ եւ քններ իր անձը ու Քրիստոսի առաջ ինք իրեն հարց տար, թէ արդեօ՛ք ինքը հարիր եկեղեցականի ընթացք եւ կեանք ունի: Ես 14 տարի անարծաթ ծառայել եմ, ստեղծել եմ հօտ, աղանդաւորներ դարձի եմ բերել եւ լիարժէք քահանայութիւն արել եմ: Կ’երեւի Հայ եկեղեցւոյ այսօրուայ ղեկավարութեան պէտք չեն այսպիսի քահանաներ»…
Համո Մոսկոֆյան. «Աստված պահապան, և լեզուները պապանձվեն Ձեզ չարախոսող ամբարիշտների: Մենք չենք թողնի, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոսկեպատ քրմերի ու մաֆիոզների որջ դառնա: Մեր Հայ Եկեղեցին սրբերի տաճար է: Տե՛ր Մարտիրոս, մենք քո վահանն ենք չարի թագավորության դեմ»:
Անահիտ Բաղրամյան. «Այո՛, որպես հավատարիմ ծառաներ` իրավունք չունենք լռելու: Տեր Մարտիրոսի նկատմամբ որոշումը պիղծ է, ինչպես պիղծ է և թեմական խորհրդի ընտրությունը: Մեկ ամիս առաջ եկեղեցու հավատացյալները ստորագրություններով նամակ գրեցին թեմի առաջնորդին՝ Եզրաս սրբազանին` խնդրելով «հանգիստ թողնել» ժողովրդին ու Աստծուն նվիրված ծառայող քահանային, ինչպես նաև հանդիպում ունեցան նրա հետ: Սակայն ինչպես համոզվեցինք, մեր հոգևոր առաջնորդներին է՛լ հավատացյալներ պետք չեն: Ես այսպիսի առաջնորդներից հրաժարվում եմ»:
Շողիկ Մանուկյան. «Մեր բոլորիս կողմից սիրելի Տեր Մարտիրոսը, «թեմական խորհրդի խնդրանքով» կարգալույծ է հռչակվել: Ժողովուրդը հարյուրավոր աջակցություն-նամակներ է գրում, իսկ թեմական խորհուրդը խնդրում է կարգալույծ անել: Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդն արդյո՞ք ճանաչում է Տեր Մարտիրոսին, կամ ժողովուրդի կարծիքը հաշվի առե՞լ է: Եվ ո՞վ են այդ խորհրդի անդամները: Ավետարանն ասում է` եթե ձեռքդ գայթակղեցնում է, կտրի՛ր: Այսպիսի առաջնորդները ամբողջ մի ժողովուրդ են գայթակղեցնում: Իսկ մենք հասկանում ու տեսնում ենք ու լռե՞նք: Վաղը ինչպե՞ս պիտի կանգնենք Դատաստանի առաջ»:
Ալլա Աթաբեկյան. «Տեր Մարտիրոսը հոգևոր մեծ Առաջնորդ է, և մեր հավատացյալների համար ոչ մի նշանակություն չունի, թե ինչ անարդար որոշում են կայացրել նրա վերաբերյալ: Մեր քահանան միշտ էլ մեզ համար կմնա մեր հոգևոր հովիվը: Շատ ցավում եմ, որովհետև հենց այսպիսի դեպքերում է, որ առաջանում են գայթակղություններ, և մեր հավատացյալները հայտնվում են աղանդների թիրախում: Թող Աստված զորացնի՛ Ձեզ, սիրելի՛ քահանա: Ինչպես գիտեք, Աստծո հավատարիմ ծառաներն են, որ ենթարկվում են հալածանքների»:
Շաղիկ Գևորգյան. «Միայն այն, որ կարգալոյծ հռչակողը Գարեգին երկրորդն է, արդէն պարզ է, թէ ինչ մաքուր հոգեւորականներ են: Առաջինը պէտք է կարգալոյծ հռչակուի Գարեգին երկրորդը, իսկ երկրորդ պատուաւոր տեղը կարգալոյծ հռչակուելու պատկանում է հռչակաւոր բենթլիին (անունը չգիտեմ, ես իրեն բենթլի եմ ասում)»:
Արամ դպիր Դիլանյան. «Ցավում եմ, տե՛ր հայր, որ կատարեցին այդ ծայրահեղ քայլը: Ես ոչ մի պահ չեմ վստահում այն խոսքերին, որ կարդացի, իբրեւ թե, դուք անհարիր ընթացք եք ունեցալ: Անհարիր է Ձեզ նմանին կարգալույծ անելը:
Մերի Ավագյան. «Դէ հերի՛ք է, է՛լի, ինչքա՞ն կարելի է անհիմն, անձնական խռովվածության պատճառով կարգալույծ անել հոգևոր Հայրերի: Ժամանակն է խորհելու` գուցե դո՞ւք չեք լավ ղեկավար, որ նրանք չեն ենթարկվում, և ինչպես գրված է` «եկեղեցական ուխտը դրժում են»: Այս երկու Հայրերին չեմ ճանաչում, բայց անչափ տխրել եմ»:
Քրիստինա Մկրտչյան
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2014/05/blog-post_6551.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել