Զարկեցե´ք դարբիննե´ր կռանը սալին, Զարկեցե´ք կռանը – շղթայքն ամրանան, Անիծյալ արքայի կապանքն ամրանան, Զարկեցե´ք դարբիննե´ր կռանը սալին:

Հովհաննես Հովհաննիսյան 

Մ.թ.ա. 161 թվական. Արտաշատ.

Սգո թափորը դաժան էր: Երբեք դեռ չէր եղել նման թափոր: Սգո շունչը կարելի էր զգալ հարյուր մղոն հեռավորությունից:Սևազգեստ զանգվածն այնպիսի հառանչանք էր  արձակում, որ նույնիսկ ձիերն էին սարսռում: Թափորի մեջ հաճախ կարելի էր հանդիպել արունլվա մարդկանց, ում ձեռերին կամ վզին երևում էին բացված երակներ: Ճանապարհին նրանք ընկնում էին: Դիակները հավաքում էին հատուկ այդ առաջադրանքի համար նախատեսված զինվոներն ու տանում խարույկի մոտ:

Արտաշես արքային ճանապարհ էին դնում հանդերձյալ աշխարհ:

Քրմերը վառել էին սուրբ կրակներն ու ազդ էին արել ժողովվելու բոլոր վիշապներին, որոնց քթերին կհասներ սրբազան կրակի ծուխը: Եկած վիշապները հավաքվել էին Մեծ կրակի շուրջն ու պտույտներ էին գործում` ավելի զարհուրելի դարձնելով տեսարանը:

 Մարդիկ սպանում էին  իրենք իրենց` արքայի հետ հոգիների աշխարհ ճամփա ընկնելու համար: Քրմերը խոտաբույսեր էին լցնում կրակի մեջ, երգում հին քամիների ու ջրերի երգերը, պատրաստում կրակը` կլանելու արքայի և իր հավատարիմների հոգիները: Վիշապները պտտվում էին այս ամենի վերևում և օրհնում էին իմաստույն արքայի անցած կյանքը:

-Կանցնի արքան ջրի տարերքը, կանցնի նա հրո տարերքն ու կիշխի նա այնտեղ, որտեղ սպասումեն հոգիները,-ասում էր գլխավոր քուրմ Բակուրը` գոհ լինելով Արտաշեսի դիակիզման արարողակարգի մոգական զորությունից:

-Նա խլում է ինձնից այն, ինչ իմն է օրենքով,-ասաց Բակուրին Արտավազդը` արքայի որդին, Հայքի արքայազնը:

-Դու կթագավորես մեծագույն երկրի վրա ու կհետևես նախնյաց սուրբ օրենքներին ու կդառնաս մեծագույն տիրակալ:

-Բայց ինչպե՞ս, ինչպես ես կդառնամ մեծագույն տիրակալ, եթե երկրիցս ոչինչ չի մնացել, մարդիկ չեն աշխատում, բոլորը սգում են, շատերը սպանում են իրենց, երկիրս ավերակ է դառնում:

Բակուրը դարձավ դեպի Արտավազդն ու իր երկար մատներով բռնեց Արտավազդի կոկորդը:

-Հարգանք ունեցիր հորդ հանդեպ:

Արտավազդը հանկարծակիի եկավ ու փորձեց պաշպանվել: Քրմի մատները չափազանց երկար էին և ուժեղ: Արտավազդն առանց թրի էր: Նա շոշափեց իր սև զրահի տակ թաքցված դաշույնը, հանեց այն ու կտրեց Բակուրի կոկորդը:

Արտավազդը ապշեց: Երբ մահացու վիրավորված քուրմը թուլացրեց իր երկար մատները, Արտավազդը շունչ քաշեց: Բոլորը իրեն էին նայում: Արտավազդը երկյուղեց: Նա առաջին անգամն էր մարդ սպանում: Նա մասնակցել էր տասից ավել ճակատամարտերի, բայց առաջին անգամ էր իր ձեռքով մարդ սպանում:

-Քուրմին սպանեց:

-Օրենքը խախտեց:

-Հոր անունը պղծեց:

-Չարքի բաժին դարձավ…

Երկնքում, կրակի շուրջ պտտվաղ վիշապներից մեկը, որը հարավի Մեծ գետի ոգին էր, այս բառերի վրա ցած իջավ, մի պահ կախվեց Արտավազդի գլխին , նայեց նրա աչքերի մեջ ու ձուլվեց նրան:

Արտավազդի թիկնապահներից մի քանիսն արդեն արել էին մի քանի քայլ` արքայազնին պաշպանելու համար: Քրմերից մեկը զսպեց նրանց:

-Կանգնե՛ք,-սաստեց նա զինվորներին:

Արտավազդը կապտում էր: Թափորը կարծես մոռացել էր բուն սուգն ու ողջ ուշադրությամբ հետևում էր Արտավազդին: Ամբոխի մեջ սակայն շարունակում էին ընկնել երակները բացած մարդիկ: Նրանց սակայն ոչ ոք չէր բարձրացնում ու դեպի կրակը քարշ չէր տալիս:

Լարվածությունն օդում անտանելի էր դառնում: Նույնիսկ մյուս վիշապներն էին մնացել օդում կախված և հետևում էին այս ամենին:

Տնքոց լսվեց: Այն ասես գետնի տակից էր բարձրանում: Արտավազդի մարմինը ցնցվեց: Նա ծնկի իջավ: Նրա գլուխը ուռեց, նրա բերանը բացվեց անհավատալի չափսերի և նրանից դուրս սողաց վիշապը...նա մահացած էր:

Վիշապի դիակը բոլորին ճնշեց: Ողջ թափորը ոտքի իջավ:

-Վիշապը չկարողացավ հաղթել ներսի չարքին,-ասաց քուրմը:

Մնացած վիշապները վեր թռան: Նրանց աչքերը վառվեցին ու բերաններից հուր թափվեց: Վիշապներն իջան ու սկսեցին հրդեհել Հայքի մայրաքաղաքնմ ու նրա շրջակայքը: Նրանք ավիրածություններ արեցին ընդամենը մեկ ժամ, սակայն ավերակ դարձրեցին չորս հայկական քաղաք: Վերջում նրանք կանգնեցին քրմերի առջև, նայեցին նրանց աչքերին ու հեռացան:

Քրմերից մեկը` ամենահեղինակավորը Բակուրից հետո, ասաց.

-Փորձանքն է կանգնած այս հողի վրա, արքան է անշունչ, ժառանգը` անտաշ, վիշապն ասաց, որ չեն գա երբեք, չեն անցնի իրենք այս հողի վրա:

Ամբոխը սկսեց լացել: Թե լացում էին առաջ արքայի համար, հիմա լացում էին իրենց համար:

-Չարն է մտել ժառանգի մեջ, պետք չէ Հայքին Արտավազդն այլև, խախտեց նա օրենքը, պղծեց նա հորը, սասանեց հիմքը ու դարձավ բաժին, չարքերի բաժին:

Արտավազդը ցնցված էր: Նրա աչքերը հազիվ էին տեսնում: Նրա հայացքը մշուշոտ էր: Արունը կուտակվել էր նրա գանգում: Ամեն վայրկյան կարող էր դուրս ցայտել բերանից, քթից, ականջներից, աչքերից: Նա մի կերպ ոտքի կանգնեց, օրորվելով քայլեց իր ձիու մոտ:

-Կլինես դու որսի, ու կբռնի քեզ քաջքն ու կնետի զնդանը:

Երբ Արտավազդը, հալածված ու դիվոտված, հեռանում էր թափորից, նրա հետևից շտապում էր քրմական անեծքը: Իսկ արքայի մահացած աչքերից կաթում էին անեծքի արցունքները: Արտավազդը դատապարտված էր:

-Այսուհետ, հայեր, ականջ արե՛ք, մունետիկներ ճամփա ընկեք, սուրհանդակներ լուրը տարեք, անեծք է դրվում Արտավազդին, նա կգամվի Մասիսում, խուլ անձավում: Նրան կգամեն երկաթե շղթայով: Ու թող լինի կարգը այսպես, որ ամեն դարբին կիրակնամուտին երեք անգամ հարված անի իր սալիկին, որ չթուլանա, որ չմաշվի չարքի շղթան, որ չազատվի, որ չազատվի զարքի ոգին:

 

Այդ ժամանակ դարձավ Արտավազդը չարք, ով ծարավ էր վրեժի և հիվանդ էր նախանձով: Նրան օգնության հասան միայն շները, որոնց վրա կար շունչ դրած, որ ծառայեն հայ արքային: Շներն օր ու գիշեր կրծում էին Արտավազդի շղթաները` փորձելով ազատել նրան, սակայն, ամեն կիրակնամուտին դարբինները հարվածներ էին կատարում իրենց սալերին ու նորից ամրացնում շղթաները: Հզոր էին ժամանակին հայոց քրմերի խոսքերը և ավելի զորեղ էին նրանց անեծքները:

Մ.թ.ա. 73. Մեծ Հայք, Տիգրանակերտ

Արքայից արքան, Արևելքի ամեհի առյուծը, ինչպես անվանել էր նրան հռոմեացի Ցիցեռոնը, հանգրվանել էր իր նորակառույց մայրաքաղաքում` պատրաստվելով դեպի Եգիպտոս կատարվելիք արշավանքին: Քաղաքը զարդարված էր գույնզգույն դրոշակներով: Ամենուր հնչում էր երաժշտությունը, իսկ բոլոր մեհյանները պայթում էին զոհերի առատությունից: Հայոց մեծ տոնն էր` Նավասարդը:

Տիգրանը բազմած էր իր վրանում: Նրա գլուխն ուժեղ ցավում էր: Պալատական հեքիմները պատրաստել էին դեղաբույսեր, սակայն արքան չէր կարողանում հանգստանալ, այլ ավելի ու ավելի շատ էր սկսում տառապել վրա հասած գլխացավից:

Վերջապես նրա աչքերը փակվել էին և նա արդեն ընկղմվում էր քնի մեջ, երբ լսեց դարբինների ձայնը:

Արքան կատաղած ոտքի ելավ:

Նա մռնչաց առյուծի պես:

-Լռությու՛ն,-պահանջեց նա:

Դարբինները շարունակում էին հարվածել իրենց ծանր մուրճերով:

-Գժվե՞լ եք ինչ է, Նավասարդն է: Ոչ ոք չպիտի աշխատի, ի՞նչ եք անում դուք այստեղ,-ասաց նա դարբիններին, երբ իր թիկնապահների հետ ուղևորվեց նրանց մոտ` բողոքելու և պատժելու:

-Ների՛ր արքա,-ասաց դարբիններից ավագը,-մեզ ասեցին, որ ցավում է ձեր գլուխը, բայց չենք կարող հիմա դադար տալ գործին: Արտավազդի բաժինն է սա:

Տիգրանը մնաց լուռ կանգնած:

Նրա հայացքից դողում էին Արևելքի բոլոր արքաները, նրա ձայնը խոնարհվել էր ստիպում հարավի բոլոր ցեղերին, նրա փառքը զսպում էր հյուսիսի բարբարոսներին, իսկ ուժը սպառնում էր Հռոմին: Դարբինը նայում էր ուղիղ արքայի աչքերին:

-Զարկե՛ք Արտավազդի բաժինը,-ասաց արքան ու հեռացավ:

Մ.թ. 932 թ. Կարս

Թագավորական պալատից քիչ հեռու, Կարսի հրապարակի հյուսիսային մասում արքայական զինանոցն էր:  Այնտեղ էր իր հաստատուն քայլերով առաջ ընթանում վեհափառ հայրապետը` ոչ առանց դժվարության քարշ տալով իր հետևից հայրապետական գավազանը:

-Շահնշահն այստե՞ղ է,-հարցրեց նա ծնկի իջած հարյուրապետից:

-Այստեղ է, վեհափառ,-պատասխանեց զինվորականը:

-Աբա՛ս,-ձայն տվեց կաթողիկոսը,-Աբաա~ս:

-Շահնշահը չի լսի, նրանք ինչ-որ բան են կռում: Թագավորն ու դարբինը: Արդեն մոտ կես ժամ,-ասաց հարյուրապետը:

Կաթողիկոսը ականդ ջրեց: Իրոք որ, լսվում էին մուրճի անդադար հարվածներ: Հայրապետը բացեց դուռն ու նույն վստահ քայլվածքով ներս մտավ: Երկար-բարակ միջանցքի վերջում զինանոցի դարբնոցն էր:

-Աբաս,ի՞նչ ես անում, որդի՛ս,-հարցրեց վեհափառը:

-Արտավազդի փայն ենք տալիս, վեհափա՛ռ:

-Ինչո՞վ ես զբաղվում, Աբա՛ս, հիմա քննարկում ենք վանքային համալիրներից գանձվող հարկերի տոկոսները, բարի եղիր, միացի՛ր մեզ:

Վեհափառը շուռ եկավ ու հեռացավ:

-Հեթանոսական սնահավատություն….ոչ մի կերպ չեն դաստիարակվում:

Աբասը մնաց մոլորված կանգնած: Հայոց և Վրաց Շահնշահը երեք անգամ էլ հարվածեց սալիկին, մի կողմ դրեց մուրճը, լվացվեց, հագավ ոսկեզօծ շորերն ու գնաց իր պալատները` ձանձրալի ժողովին մասնակցելու:

1915 թվական,  Վան

Դարբնոցի երդիկները բաց էին: Սառը քամին սուլում էր առաստաղի տակ: Ցուրտ էր: Կատուն կուչ էր եկել անկյունում: Նրա մորթին գզզված էր: Տարբեր գույնի աչքերը սարսուռով նայում էին դարբնի դեմքին: Մեկ ժամ առաջ` առաջնորդվելով դիվային բնազդով, կատուն հանել էր իր տիրոջ աչքերը, իսկ այժմ դևը մի պահ բաց էր թողել նրան և կատվի երերուն գիտակցքությունը չէր կարողանում հասկանալ ինչ է կատավում մարդու դեմքի հետ:

Դարբինն ընկած էր գետնին: Մուրճը նրանից հեռու էր գցված: Կրծքին հրազենի վերքեր էին: Աչքերը հանված էին: Սալիկին հարվածող չկար: Սառը քամին շարունակում էր խաղալ առաստաղի տակ:

1969 թվական, Երևան

-Ընկե՛ր բրիգադիր, կիսամյակի պլանը գերակատարել ենք, մեզ խրախուսանք կհասնի՞:

-Խրախուսանքը խրախուսանքով, բայց կոտրված մուրճերի համար ո՞վ ա պատասխան տալու:

-Է, ընկե՛ր բրիգադիր, մենք մեղավո՞ր ենք, որ մուրճերն անորակ են:

-Անորակ չեն, , է՛: Էդ մուրճերը Գդանսկի Լենինի անվան Պողպատագործական Կոմբինատի արտադրանքն են, էդ դուք ենք անորակ, որ օրը ցերեկով չեք ամաչում, աննպատակ տեղը հարվածում եք էդ մուրճերով ստեղ-ընդեղ: Ես զարմանում եմ, թե պլանը ոնց եք կատարել:

-Ախր, ընկե՛ր բրիգադիր...

-Զահրումար, ընկեր բրիգադիր, էլ չտեսնեմ մուրճերը նպատակից բացի ուրիշ բանի համար օգտագործեք, բոլ եղավ, թե չէ մյուս անգամ պարգևատրական ուղեգրերդ դեպի Սիբիր կստանաք:

2026 թվական, Armenia City

-Դա կրկնվու՞մ է ամեն շաբաթ:

-Այո, ամեն շաբաթ, արդեն երեք ամիս է:

-Ու ինչպե՞ս է դա տեղի ունենում:

-Դե մեր մանչուկը շատ ուժեղ է: Նա դեռ մեկ տարեկան հասակում սիրում էր վերցնել ամուսնուս ծանրաքարերն ու խաղալ դրանցով, իսկ երբ մի անգամ հյուր էինք գնացել մեր պապիկին, նա վերցրեց նրա մուրճն ու սկսեց հարվածել մետաղյա իրերին:

-Դուք փորձե՞լ եք վերցնել նրա ձեռքից մուրճը:

-Այո, բայց նա սկսում է բարձր աղաղակել ու լացել, նա շատ լավ երեխա է, նա շատ բարի է, պարզապես այդպես է սիրում խաղալ: Ամուսինս նրա համար գնել է հին դարբինական գործիքներ, այժմ մեր տունը նմանվում է իսկական դարբնոցի, ինչպես հին ֆիլմում` «Եռանկյունիում»:

-Իսկ հարևանները՞:

-Հարևանները բողոքում են, բայց միևնույն ժամանակ չեն դիմում ոստիկանություն կամ այլ իրավապաշըտպան մարմիններ: Նրանցից ոմանք ասում են, որ մուրճի հարվածներից հետո ավելի լավ են կարողանում քնել ու ընդհանրապես սկսել են իրենց ավելի լավ զգալ: Լավ է, որ ապրում ենք հայկական թաղամասում

-Զարմանալի երևույթներ, զարմանալի մարդիկ, զարմանալի փաստեր: Ինչեր ասես տեղի չեն ունենում աշխարհում: Մնացեք մեզ հետ և տեղյակ եղեք նորություններին աշխարհի բոլոր ծայրերից: Ձեզ հետ էր Պանամերիկյան Հայկական Հեռուստաընկերությունը Գլենդելից, Քալիֆորնիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել