Totalfootball.am-ը գրում է.

Lillustré շվեյցարական ամսագիրը պատմել է Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մասին:

62 տարեկան հասակում Բեռնար Շալանդը նոր կարիերա է սկսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Նա նաև նոր կյանք է սկսում իր կնոջ՝ Անուկի հետ միասին:

 

Ապրիլի 4, կեսգիշեր, ինչ-որ տեղ Կովկասում: Լսվում է Աերոֆլոտ ռուսական ընկերության Airbus320-ի ձայնը, որը մեկնել է Մոսկվայից: Օդանավի դիմացի հատվածում նստած է Բեռնար Շալանդը և անքնության դեմ պայքարում է մեծ սպիտակ թղթի վրա տակտիկական սխեմաներ պատկերելով: Մի տարիքում, երբ շատերը նախընտրում են ավարտել ակտիվ գործունեությունը Շո-դու-Միլյու փոքրիկ բնակավայրում ապրող նախկին ուսուցիչը թռչում է նոր արկածների: Մեկ ժամից կրքով լի մարզիչն իր բոլոր զենքերով և ուղեբեռով կժամանի Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք: Հայաստանը փոքրիկ նախկին խորհրդային երկիր է, որն ունի 3.3 միլիոն բնակչություն: Ըստ պայմանագրի, գործատուն իրավունք ունի արդյունք չապահովելու դեպքում դադարեցնել համագործակցությունը: Իսկ արդյունքը տարեց դարպասապահ Ռոման Բերեզովսկու (40 տարեկան) և Դորտմունդի «Բորուսիայում» հանդես եկող թեթև Հենրիխ Մխիթարյանի առաջնորդած թիմը Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ դուրս բերելն է:

«Եթե մի փոքր խենթ չես, չես կարող անել այս գործը»

Խմբում Պորտուգալիայի, Սերբիայի, Դանիայի և նույնիսկ Ալբանիայի պես մրցակիցներ ունենալը (գումարած Ֆրանսիան, որը խաղալու է հաշվարկից դուրս), նշանակում է որ խնդիրը շատ բարդ է. «Եթե մի փոքր խենթ չես, չես կարող անել այս գործը»,- ասում է Շալանդը և փորձում է ժպտալ ուղեբեռին սպասելիս:

«Թունից» իր ֆուտբոլիստների կողմից անվստահության արդյունքում հեռնալուց 15 ամիս անց նրա մոտ ֆուտբոլային կիրքը գագաթնակետին է: Երկու թոռնիկի տեր Շալանդը ապահովել է իր ֆինանասական վիճակը, նրա չորս երեխաներն ապրում են ինքնուրույն կյանքով (32, 29, 25 և 20 տարեկան), նա կարող էր հանգիստ սյունակագիր լինել Tages-Anzeiger թերթում կամ աշխատել որպես «Բազել» ակումբի պատվիրակ: Սակայն դա իր ոճը չէ: Փոխարենը նա միշտ սիրում է ռիսկի դիմել: Երբ 30 տարեկան էր և կար տան վարկի պատասխանատվությունը, նա լքեց իր ուսուցչական աշխատնքը և խորացավ պրոֆեսիոնալիզմի մեջ՝ սկսելով մարզել «Լաշո-դե-Ֆոնդս» թիմը: Կամ 2007-ին, երբ նա հանկարծակի համաձայնեց «Ցյուրիխի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել փառքով հեռացած Լյուսիեն Ֆավրեին: Ապա աշխատեց Շվեյցարիայի երիտասարդական հավաքականում: Այս բազմաթիվ ռիսկային թռիչքներն ավելի բացատրելի են դարձոնւմ, թե ինչու է նա տեղափոխվել Հայաստան:

«Սա կյանքի պարգևած նվերն է»

Բայց ինչու՞ ընդունել իր հարազատ Բրևինից այդքան հեռու արված այս գրեթե խելագար մարտահրավերը: «Որովհետև կինս ինձ հետ է, որովհետև ակումբում աշխատելն այլևս ինձ չի հետաքրքրում, որովհետև ես զգացի, որ հայկական ֆուտբոլի ղեկավարներն ինձ ցանկանում էին, որովհետև երկու տարի անց Ֆրանսիայում պահեստայինների նստարանում ինձ տեսնելու նույնիսկ ուտոպիստական գաղափարն ինձ գրավում է»,- ասում է մարդն ով մարզել է «Սերվետը», «Սիոնը», «Քսամաքսը»:

Շալանդը միայնակ չի գնում Հայաստան: Նա իր հետ որպես օգնական տանում է Արթուր Պետրոսյանին՝ «Ցյուրիխի» հայ նախկին հարձակվողին, ով ներկայումս մարզում է գերմանալեզու ակումբի երիտասարդական թիմը: Իր հետ մեկնում է նաև ֆիզպատրաստության երիտասարդ մարզիչ Թոմաս Ռիչարդը, ով դասախոս է Լոզանի համալսարանում և ըստ Շալանդի, հիանալի մասնագետ է. «Այս փորձը կարող է շատ կարճ տևել, բայց կարող է նաև հակառակը լինել և դառնալ շատ յուրահատուկ: Հայաստանը մեծ ֆուտբոլային տերություն չէ, բայց ես հավատում եմ այս թիմի ներուժին: Հանգիստ երկիր է, մարդիկ ընկերասեր են, շփվող, ուշադիր և լուրջ, հիանալի աշխատանքային պայմաններ են: Ի վերջո, սա նվեր է, որն ինձ պարգևում է կյանքը: Ինչու՞ պետք է հրաժարվեի»:

Նվեր, որը նա կկիսի Անուկի՝ իր 56-ամյա կնոջ հետ: 35 տարվա ամուսնության ընթացքում Շալանդներն առաջին անգամ պետք է ապրեն և աշխատեն արտասահմանում՝ երեխաներից հեռու: «Նրանք քաջալերեցին մեզ: Մեր ընտանիքում յուրաքանչյուրի արյան մետ կա ֆուտբոլը: Միասին մենք շատ հույզեր ենք կիսել»,- ասում է Բեռնարը՝ կարդալով իր կրտսերով որդու ուղարկած հաղորդագրությունը. «Հաջողություն եմ մաղթում այս նոր մարտահրավերում: Շատ հպարտ եմ քեզանով»:

Լենռադահուկային մրցումների չեմպիոնուհին

 

Անուկ Շալանդն ամուսնուն կմիանա մայիսի յոթին՝ Պատրուլ դե Գլասիեյի ավանդական լեռնադահուկային փառատոնից հետո, որտեղ նա մեկ անգամ չէ չեմպիոն դարձել: Զույգն անմիջապես կտեղափոխվի 165m2 տարածքով բնակարան, որը գտնվում է Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Երևանի գլխավոր փողոցի ժամանակակից շենքերից մեկի 7-րդ հարկում: «Այստեղ ենք տոնելու Եվրո-2016-ի եզրափակիչի ուղեգիր նվաճելը»,- մարգարեանում է նրա ուրախ ամուսինը:

Անուկը ողջունում է ճամփորդություններից և բացահայտումներից կազմված իր նոր կյանքը: «Մինչ այժմ մենք ստիպված էինք լինում տեղափոխվել Շվեյցարիայի տարածքում, իսկ այս անգամ իսկապես մեծ սցենար է սպասում: Մինչ այժմ իմ երևակայությամբ եմ պատկերացնում այն, ինչ պատմում է Բեռնարը, բայց կարծում եմ, որ ամեն ինչ ինձ շատ է դուր գալու: Ինչ էլ, որ լինի, սա արժեքավոր փորձ կլինի»,- ասում է նա՝ անհանգստանալով, որ ապրելու է երեխաներից 3000 կմ հեռավորության վրա: «Հետ ու առաջ եմ անելու՝ ձանձրույթի դեմ պայքարելու համար: Սակայն Skype-ը թույլ չի տա, որ շատ հեռու զգանք միմյանցից»,- հուսադրում է նա ինքն իրեն: Արվեստի և ճարտարապետության սիրահար Անուկ Շալանդը պետք է փորձի իր երջանկությունը գտնել մի երկրում, որը ծնել է Շառլ Ազնավուրին, Էդուարդ Բալադուրին, Ալան Պրոստի մորը, Անրի Վերնոյին և Պատրիկ Ֆիորիին: Ուղղափառ քրիստոնյա երկիր Հայաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է և բնականաբար հարուստ մշակութային ժառանգություն ունի. «Արդեն առանձնացրել եմ մի քանի տեսարժան վայրեր քաղաքում և երկրում, որտեղ պետք է այցելենք»,- ասում է Բեռնարը՝ իր մատն ուղղելով դեպի կախարդական ձնով պատված Արարատ լեռանը: 5165 մետր բարձունքով լեռը բնական սահման է Թուրքիայի հետ:

Մայիսի 31-ին Սիոնում

Գագաթներ Բեռնար Շալանդը պետք է հաղթահարի, եթե ցանկանում է իրագործել իր գեղեցիկ նախագծերը: Չնայած նրան, որ իր իսկ պնդմամբ եզրափակիչ փուլ դուրս գալը հրաշք կլինի, կա հավատալու հիմք. «Նախորդ՝ Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանն արտագնա խաղերում 10 միավոր վաստակեց՝ 4-0 հաշվով Կոպենհագենում հաղթելով դանիային և 2-1 հաշվով Պրահայում հաղթելով Չեխիային, ինչպես նաև 2-2 հաշվով ավարտելով իր հանդիպումն Իտալիայի դեմ»,- հիացմունքով նշում է նա, ապա մռայլվում է. «Շատ վատ է, որ նույնը չհաջողվեց անել տանը»:

Նորանշանակ մարզիչը իր կոլեկտիվը, որն 90 տոկոսով բաղկացած կլինի արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներից, հաղթանակող մեքենա կփորձի դարձնել մայիսի 25-ից սկսած. մայիսի 31-ին Սիոնում թիմը կխաղա Ալժիրի հետ, որը պատրաստվում է Աշխարհի առաջնությանը, ապա կմրցի Գերմանիայի աշխարհահռչակ Մանդշաֆթի հետ: Լուրջ գործերը կսկսվեն սեպտեմբերի յոթին Կոպենհագենում կայանալիք Դանիայի դեմ խաղով: Սակայն մինչ աշուն պետք է ճիշտ հաջորդականությամբ ամեն անել ամեն ինչ. «Մենք կորցնելու ոչինչ չունենք: Հայաստանը փոքր ֆիգուր է խմբում: Պետք է համարձակ փորձենք օգտագործել մեր հնարավորությունները՝ առանց վախի և կոմպլեքսների»: Մարզիչը չի ցանկանում լսել պայմանագրի այն կետի մասին, որ կարող է կարճ ժամանակում հեռացվել անբավարար արդյունքների դեպքում: Բեռնար Շալանդը երազանք ունի՝ դառնալ ազգային հավաքականի մարզիչ: Շվեյցարիայի ֆուտբոլային ասոցիացիան չի թվում, թե իրեն տեսնում Օտմար Հիցֆելդի հետևորդի դերում, և նա կփորձի իր պահանջմունքն իրագրործել Կովկասում: Առանց վախի և կոմպլեքսների...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել