Բոլորս էլ տեղյակ ենք, որ ժամանակակից աշխարհում պատերազմների, հակամարտությունների կամ էլ նույնիսկ փոքր ճգնաժամերի ժամանակ զուգահեռ ընթացող տեղեկատվական պատերազմները դարձել են սովորական երևույթներ: Նույնիսկ կարելի է ասել, որ տեղեկատվական պատերազմը դարձել է վերը նշված իրադարձությունների բաղկացուցիչ մաս: Ուկրաինական հակամարտությունն այս դեպքում ևս բացառություն չեղավ: Այս հակամարտության սկզբից ի վեր մենք ստանում ենք երկու տարբեր կողմերից շեշտակիորեն տարբերվող տեղեկատվություն՝ սկսած այս հակամարտության կամ էլ ճգնաժամի դրդապատճառների և առօրյա զարգացումների մասին:
Մի կողմից Արևմուտքն է օգտագործում իրեն հասանելի բոլոր միջոցները մեզ իր տարբերակը «հրամցնելու» համար, իսկ մյուս կողմից դա անում է Ռուսաստանը, և թերևս ոչ պակաս հնարավորություններով և միջոցներով: Ինչևէ, վերջին ամիսներին տեղի ունեցող դեպքերի մասին եկեք չխոսենք և անդրադառնանք կոնկրետ վերջին օրինակին:
Տեսեք, այսօր ռուսական մեդիան, հղում անելով Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքի «ապստամբներին», տարածեց տեղեկատվություն, թե իբր Կիևի հրահանգով սկսվել է քաղաքի վրա գրոհը: Այժմ էլ րոպե առ րոպե հաղորդվում է տեղեկատվություն՝ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, և այս ամբողջը ռուսական մեդիան ներկայացնում է որպես «բրեյքինգ նյուզ», ասել է թե կարևորագույն, հրատապ հաղորդման ենթակա իրադարձություն: Մյուս կողմից, երբ հետևում ես արևմտյան մամուլին, կարելի է ասել, որ վերջին զարգացումների վերաբերյալ հանդիպում ես բավական թռուցիկ անդրադարձի: Այնպիսի տպավորություն է, որ կարծես ոչ մի լուրջ բան չի կատարվել և շարունակում կատարվել: Ասեմ ավելին, տվյալ լուրն էլ ներկայացվում է որպես «ոչ շատ հավաստի» (Washinton Post): էլ չեմ ասում, որ թեման արագ շրջանցելու համար խոսվում է այն մասին, թե իբր ռուսական կողմնորոշում ունեցող ապստամբները գնալով ավելի են լարում իրավիճակը, Կրասնոարմեյսկում և Ռոդինսկում գրավում են մի շարք այլ վարչական շենքեր:
Գիտեք՝ ինչ, այս պարագայում շատ դժվար է ցուցաբերել կողմնապահություն և ի գիտություն ընդունել որևէ կողմից հաղորդվող լուրը: Ի վերջո, ինչ իմանաս, թե ով է չափազանցնում կամ հակառակը` նվազեցնում տեղի ունեցող զարգացումների կարևորությունը, կամ էլ ի՞նչ հիմք ունենք հավատալու մեկին կամ էլ մյուսին: Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ինքս հաճախակի չեմ կարողանում կողմնորոշվել: Բայց ամեն դեպքում հարկ է նշել, որ վերջին զարգացումներին անդրադարձել է նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Վերջինս ամեն դեպքում հաստատել է, որ Ուկրաինայի ուժայինները գրոհել են քաղաքը, և դեռ մի բան էլ հպարտ-հպարտ ասել է, թե իրենց կողմից լուրջ հաջողություններ են գրանցվում: Վերջինս նույնիսկ հաղորդել է մանրամասներ՝ արդյունքում կրած զոհերի մասին:
Մի խոսքով, ստացվում է այնպես, որ արևմտյան մամուլը չի ցանկանում մեջբերել նույնիկ Ավակովին, ով առնվազն, ըստ Արևմուտքի, լեգիտիմ իշխանության բաղկացուցիչ մաս է: Այս պարագայում, թերևս, կարելի է որոշ առումներով ավելի շատ հավատալ ռուսական մամուլին, քան նույն արևմտյանին: Ի վերջո, ռուսական մամուլն ինչքան էլ չափազանցնի, միևնույնն է, իրականությանը փաստացի ավելի մոտ տեղեկատվություն է հաղորդում: Մեծ հաշվով, եթե հա՛մ Կիևը, հա՛մ էլ Ռուսաստանը խոսում են Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող հատուկ գործողության մասին, իսկ Արևմուտքը կասկածամտությամբ է մոտենում տեղի ունեցող իրադարձությունների հավաստիությանը, ապա մենք էլ կարող ենք իրավունք վերապահել մեզ և կասկածամտությամբ վերաբերել նույն Արևմուտքից եկող տեղեկատվությանը: