Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
5 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը

2001 թ.-ի սեպտեմբերի 11-ի ողբերգության մասին մի շարք տեսություններ կան: Որոշ մարդիկ անգամ հայտնում են, որ իրենք կանխագուշակել էին այդ ողբերգությունը: Ուոլ Սթրիթի աշխատակից Բարեթ Նեյլորը ասում է, որ երկու անգամ կանխազգացել է, որ Առևտրի համաշխարհային կենտրոնում սարսափելի ողբերգություն է լինելու: Առաջին անգամ նա այդպիսի կանխազգացում է ունեցել 1993 թ.-ին գնացքով երթևեկելիս: Նրա ներքին ձայնը հուշում էր նրան վերադառնալ տուն: Նա հենց այդպես էլ արեց, և փրկվեց այդ առավոտ Առևտրի համաշխարհային կենտրոնում տեղի ունեցած ռմբակոծությունից: 8 տարի անց նրան նորից վախի զգացում պատեց: Հենց այդ վախն էլ ստիպեց նրան չգնալ Առևտրի համաշխարհային կենտրոն: Կես ճանապարհից նա վերադարձավ տուն և ուղիղ եթերով տեսավ, թե ինչպես է Առևտրի համաշխարհային կենտրոնն այրվում: Նեյլորը գործնական մարդ էր, ով հակված չէր հավատալ գերբնական երևույթներին: Այնուամենայնիվ, իր ունեցած կանխազգացումների շնորհիվ նրա կյանքը երկու անգամ փրկվել է:
4 Լիտլտոնի դպրոցի հրաձգությունը
2010 թ.-ին մի զինված մարդ մտավ Կոլորադո նահանգի Լիտլտոն քաղաքի Դիեր Քրիք (թարգմանաբար՝ եղնիկների գետնախորշ) միջնակարգ դպրոց և կրակոցներ արձակեց: Պատահարի արդյունքում ոչ ոք չմահացավ, սակայն 14-ամյա Մեթյու Թյուն վիրավորվեց և ծայրահեղ ծանր առողջական վիճակում էր: Ապաքինման ընթացքում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նա ասաց, որ կրակոցներից ամիսներ առաջ նա կանխազգացել էր, որ դպրոցի վրա հարձակում է տեղի ունենալու: Նա ասաց, որ երազում տեսել էր այդ հրաձգությունը:
Մեթյուն և իր մայրը հավատում են, որ այդ երազը նախազգուշացում էր մի քանի ամիս անց կատարվելիք հարձակման մասին: Միաժամանակ, ինչ-որ առումով կանխատեսելի էր, որ տղան կարող էր նման մղձավանջ տեսնել: Բանն այն է, որ այդ դպրոցում տասնամյակներ շարունակ հրաձգություններ են եղել, և Մեթյուն գիտեր այդ մասին:
3 Ռիվա Ստինկամպի գեղանկարը
Պարաօլիմպիական խաղերի չեմպիոն Օսկար Պիստորիուսը 2013 թ.-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, կրակել ու սպանել է իր ընկերուհուն՝ հարավաֆրիկացի մոդել Ռիվա Ստինկամպին: Պիստորիուսը պնդում է, որ ինքը կարծել է, թե ինչ-որ գող է ներխուժել իր տուն և իրեն թվացել է, թե ինքը հենց գողին է կրակում: Այնինչ, Ռիվան պարզապես ցանկացել էր Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ իր այցելությամբ անակնկալ մատուցել Պիստորիուսին: Պիստորիուսի գործով դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է:
Ռիվայի մայր Ջուն Ստինկամպը ամսագրերից մեկին տված հարցազրույցում ասել է, որ իր դուստրը կանխազգացել էր, որ մահանալու է երիտասարդ հասակում: 14 տարեկանում նա իր մահվան մասին անգամ գեղանկար է նկարել: Գեղանկարում Ռիվան պատկերված է իբրև հրեշտակ, ով կանգնած է դեպի դրախտ տանող աստիճանների ներքևում: Հեռվում պատկերված է ատրճանակով զինված մի մարդ: Նկարում պատկերված հրեշտակը սարսափահար տեսք ունի և ձեռքերով փակել է բերանը: Ցավոք, Ռիվան այլևս չի կարող բացատրել գեղանկարի իրական նշանակությունը, սակայն նրա ծնողները համոզված են, որ Ռիվան իր մահն է պատկերել:
2 Տիտանիկի խորտակումը

Տիտանիկի խորտակմանը նախորդել են մի շարք դժբախտություններ: Այս մարդատար նավը քիչ էր մնում բախվեր մի այլ նավի: Որոշ մարդիկ ասում են, որ մի կատու իր ձագերի հետ միասին հեռացել է նավից, ինչը շատերի կողմից ընկալվել է որպես վատ նշան: Բազմաթիվ մարդիկ հրաժարվել են նավ բարձրանալ՝ ասելով, որ վատ կանխազգացում ունեն: Այդ կանխազգացման շնորհիվ նրանց հաջողվել է փրկվել մահից: Էնի Վորդը Կարդեզաների սպասուհին էր: Նա այն մարդկանցից էր, ովքեր հրաժարվեցին նավ բարձրանալ, քանի որ վատ կանխազգացում ունեին: Մայոր Արչիբալդ Բաթը ևս վատ կանխազգացում ուներ, սակայն նա ռիսկի գնաց և բարձրացավ Տիտանիկ նավը: Այնուամենայնիվ, նախքան նավ ոտք դնելը, նա կտակ էր գրել: Բաթը վախենում էր, որ կենդանի վիճակում Եվրոպա չի վերադառնա: Փաստորեն, նրա մտավախությունը տեղին էր:
1 Շերոն Թեյթի սպանությունը

1966 թ.-ին դերասանուհի Շերոն Թեյթը իր նախկին սիրեցյալի տանն էր: Նա ողջ օրը տանջվել էր իրեն համակած սարսափելի կանխազգացումից և այժմ փորձում էր վանել վատ մտքերը: Հանկարծ նա տեսավ, թե ինչպես է մի մարդ սենյակ մտնում: Նրան թվաց, որ այդ մարդը տան նախկին սեփականատեր Փոլ Բերնն է: Խնդիրն այն է, որ Բերնը երեք տարի առաջ ինքնասպան էր եղել:
Շերոնը փախավ այդ ուրվականից և աստիճաններով ցած վազեց: Ներքևում նա ինչ-որ դիակ տեսավ: Այս տեսիլքներից սարսափած Շերոնը խմիչք լցրեց իր բաժակի մեջ և շտապեց վեր բարձրանալ: Նրա առջև մի անգամ ևս հառնեցին դիակն ու Բերնի պատկերը: Հաջորդ տարիներին Շերոնը միանգամայն վստահ էր, որ այն դիակը, որ երևացել էր իր աչքին, հենց ինքն էր: Նա հնարավորինս շատ մարդկանց պատմեց այդ գիշերվա տեսիլքների մասին, սակայն դա չօգնեց նրան փրկվել:
3 տարի անց Շերոնը Չարլզ Մենսոնի և նրա ղեկավարած «Ընտանիք» հանցախմբի զոհը դարձավ: Երբ Շերոնին սպանեցին, նա երեխայի էր սպասում: Նրա փոքրիկը պետք է լույս աշխարհ գար ընդամենը երկու ամսից, սակայն նրան այդպես էլ վիճակված չէր ծնվել:



