Ryanair-ը համարվում է Եվրոպայի ամենամեծ ավիաընկերություններից մեկը, որն աշխատում է low-cost տարբերակով, այսինքն՝ ծախսերը նվազագույնի է հասցված ամեն ինչում: Նման բիզնես մոդելի հիմնադիրը Southwest Airlines ավիաընկերությունն է, որի մասին ավելի մանրամասն ներկայացնելու եմ գրքում: Այս գրառումը նվիրված է Ryanair-ի բիզնես մոդելին, թե ինչպես կարելի է ամեն մի քայլով կրճատել ծախսերն ու դառնալ եկամտաբեր:
Ryanair-ի հիմնադիրն Իռլանդիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է՝ Թոնի Ռայնը, ում ազգանունի սկզբնատառերով էլ հիմնվել է ավիաընկերությունը: Իր հիմնադրումից հետո, երկար տարիներ Ryanair-ն ուներ ընդամենը մեկ ինքնաթիռ, որն իրականացնում էր Դուբլին-Լոնդոն չվերթը: Որպես Բիզնեսի զարգացման համար խորհրդատու՝ Թոնի Ռայնը հրավիրում է Մայքլ Օլիրիին: Վերջինս մեկ անգամ մեկնում է ինքնաթիռով ու ասում.
-Լսիր Թոնի, փակիր այս ավիաընկերությունն ու այլ բիզնեսով զբաղվիր:
Բայց Թոնին անդրդվելի էր և պատասխանում է.
-Մայքլ, եթե կարողանանք տարեկան 2 մլն. դոլար եկամուտ ունենալ, ապա 25%-ը քոնն է:
Մայքլն անցնում է գործի, մեկնում է ԱՄՆ, զրուցում է Southwest Airlines-ի մասնագետների հետ, ծանոթանում է քիչ ծախսեր, կամ low cost-ի բիզնես մոդելին ու վերադառնում Իռլանդիա:
Ինչպես նկատեցիք ավիաընկերությունն իռլանդական է, որն ունի շատ տարօրինակ մոդել, օրինակ՝ 2009 թվականին ավիաընկերության տնօրենը հայտարարում է, որ զուգարանն ինքնաթիռում վճարովի է լինելու: Կարծում եմ կպատկերացնեք, թե ինչ պայքար էր գնում Եվրոպայում նման արտահայտության դեմ: Արդյունքում պայքարողները կարողանում են հասնել հաջողության և ղեկավարությունը ետ է կանգնում այդ մտքից:
Մյուս տարօրինակ քայլը հետևյալն է՝ ավիաընկերությունը բանակցում է Բոինգի հետ, որպեսզի նոր ինքնաթիռների վերջին մի քանի նստարանները հանեն և տեղը տեղադրեն բար և աթոռներ: Բնականաբար, բարում կվաճառվեին հյութեր, խմիչքներ և կավելանար բյուջեն: Ինքնաթիռում անվճար սուրճ չի տրամադրվում, վճարեք 3 եվրո և ըմպեք սուրճ:
Ryanair-ն օգտագործում է ընդամենը մեկ տեսակի ինքնաթիռ, քանի որ շատ տեսակի դեպքում պետք է պահի հսկայական քանակությամբ տարբեր մասնագետներ, իսկ այս պարագայում նա կարողանում է ունենալ ինքնաթիռի մեկ տեսակի հմուտ մասնագետներ և խնայում է զգալի ծախսեր: Հիմնական ինքնաթիռները Բոինգ 737-եր են և համարվում են ամենանոր մոդելներից մեկը Եվրոպայում՝ միջին տարիքը 3-5 տարեկան: Ինքնաթիռների բոլոր պահեստամասերը A կատեգորիայի են, այսինքն մատակարարվում են միայն գործարաններից, այլ ոչ թե ինչ-որ կողմնակի ընկերությունից:
Մի քանի խոսք ինքնաթիռների գնման պրոցեսից: Իռլանդիայում է գտնվում աշխարհում ինքնաթիռների լիզինգով զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ GPA-ն: Այսինքն՝ GPA-ն Բոինգից մեծ քանակությամբ ինքնաթիռներ է գնում՝ քանակի հաշվին ստանալով զգալի զեղչեր և կախված պայմանագրից՝ մի քանի տարով՝ 6, 7, 10, վարձակալությամբ տալիս է գրեթե բոլոր ավիաընկերություններին: Իսկ Ryanair-ը ոչ թե գնում է ինքնաթիռները, այլ վարձակալում է GPA-ից, հետևաբար կարողանում է խնայել զգալի գումարներ:
Քանի խոսք է գնում լիզինգի մասին, ներկայացնեմ մի հատված լիզինգի պատմությունից, որն ի հայտ է եկել դեռևս 11-րդ դարում Վենետիկում: Վենետիկցի առևտրականներից ծովայինները լիզինգով խարիսխ էին գնում, պատկերացնո՞ւմ եք: Այն երկաթից էր, թանկ էր և վենետիկցի վաճառականները ծովայիններին երկարաժամկետ կտրվածքով վարձակալությամբ խարիսխ էին տրամադրում:
Ryanair-ը 3000 կմ-ից ավել ոչ մի չվերթ չի իրականացնում: Ըստ վիճակագրության սովորական ավիաընկերության ինքնաթիռներն օդում անց են կացնում 8 ժամ, իսկ Ryanair-ինը՝ 14 ժամ: Այսինքն՝ ինքնաթիռը պետք է մշտապես աշխատի: Եթե վայրէջքից հետո ինքնաթիռը հանգստանում է նվազագույնը 30-40 րոպե, ապա Ryanair-ի դեպքում ուղևորների իջեցումը, բեռնաթափումը, նոր բեռների բարձումն ու ուղևորների նստեցումը տևում է ընդամենը 23 րոպե: Մրցակիցներից ոմանք գումար էին տվել օդանավակայանների ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս գաղտնի նկարեն, թե ինչպես է Ryanair-ի անձնակազմը հասցնում նման արագությամբ աշխատել: Սակայն չմոռանանք, որ Ryanair-ի ինքնաթիռի մոտ մարդիկ ոչ թե ավտոբուսով են գնում, այլ ոտքով, քանի որ ավտոբուսը թանկ արժե, իսկ ինքնաթիռը կանգնում է ամենահեռու կանգառում, որի համար քիչ գումար է վճարում օդանավակայանին:
Ryanair-ի տոմսերի 99%-ն օն-լայն է գնվում և ընթացքում կայքն առաջարկում է բազմաթիվ լրացուցիչ ծառայություններ, որոնք չեն մտնում տոմսի ինքնարժեքի մեջ: Ավիաընկերությունն այնքան խնայող է, որ ուղևորն ինքը պետք է իր տոմսը տպի և մոտենա հաշվառման սեղանին, եթե տոմսը տպված չեղավ, ապա մեկնելու համար 40-50 եվրո տուգանք պետք է վճարի և նստի ինքնաթիռ: Ryanair-ի ինքնաթիռները ոչ մի խոշոր օդանավակայանում վայրէջք չեն կատարում, քանի որ այն շատ թանկ արժե: Ղեկավարությունը նախընտրում է ավելի փոքր, էժան և մեծ քաղաքներից հեռու օդանավակայանները:
Ուղեբեռի չափը նույնպես շատ փոքր է՝ 15%-ով փոքր, քան մնացած ավիաուղիներինը, իսկ ավել բեռն ավելի թանկ է, քան մնացածների պարագայում է: Ընդամենը մեկ ուղեբեռ, եթե կինը պայուսակով լինի և ունենա մեկ ճամպրուկ, ապա պայուսակը պետք է տեղավորի ճամպրուկում:
Ryanair-ում աշխատելու համար աշխատակիցը պետք է 2000-3000 դոլար վճարի, որպեսզի մասնակցի անվտանգության համակարգերի ուսումնասիրության, էքստրեմալ վիճակների կարգավորման դասընթացներին: Անգամ ընկերության 400 եվրոյանոց հագուստն ուղեկցորդուհիներն իրենց գումարներով են գնում: Այստեղ խնայվում է ամեն ինչում: Ահա այսպես, աշխատակիցը վճարում է իր ուսման համար, հագուստի համար և արդյունքում ստանում է աշխատանք: Ուղևորափոխադրումների ոլորտում գոյություն ունի սեզոնայնություն, ըստ որի որոշ ամիսների ուղևորները քիչ են մեկնում: Այդ պարագայում ուղեկցորդներն ու ուղեկցորդուհիներն առանց վճարվելու ժամանակավորապես աշխատանքից ազատվում են և պարտավորվում են ոչ մի նոր աշխատանք չփնտրել:
Ավիաընկերության հիմնական թիրախն այն մարդիկ են, ովքեր ուղղակի մի օր որոշում են ինքնաթիռով որևէ տեղ մեկնել: Այսինքն պատկերացրեք մարդը մտնում է համացանց և տեսնում է ակցիա՝ 1 եվրոյանոց ինքնաթիռի տոմս: Տոմսերը երբեք մի տարի առաջ չեն վաճառվում, այլ թռիչքից ընդամենը 15 օր առաջ: Հիմա հարց կարող է առաջանալ, թե որտեղից է ընկերության եկամուտները գոյանում, պատասխանեմ՝ լրացուցիչ ծառայություններից: Եվ հենց այս մոդելի շնորհիվ Ryanair-ը շուրջ 3 անգամ ավելի շատ գումար է աշխատում, քան մնացած ստանդարտ ավիաընկերությունները: