Տևական ուշացումով (ինչի համար ներողություն եմ խնդրում) այսօր կանդրադառնամ Beniamin ընթերցողի կողմից մեկնության առաջադրված հատվածին Հովհաննես առաքյալի ընդհանրական առաջին նամակից (Ա Հովհ. 5:16-17)`
Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, և Աստված մահացու մեղք չգործողին կյանք կշնորհի. մեղք կա, որ մահացու է. դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես։ Ամենայն անիրաւութիւն մեղք է. բայց մեղք կայ, որ մահացու է։  
Վերոբերյալ հատվածից առաջ (14-15) Սուրբ առաքյալը խոսում է աղոթքի և Բարձրյալին վստահելու մասին ասելով` «Եվ ա՛յս է այն վստահությունը, որն ունենք մենք նրա հանդեպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսիև քանի որ գիտենք, թե նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաև, որ կստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից»:
Հետքրքիր է այն, որ առաքյալը  հորդորում է մեզ աղոթել, սակայն աղոթելիս մեծապես կարևորում է չլինել եսակենտրոն, այլ հատկապես աղոթել եղբոր (հավատակցի, մերձավորի, հարազատի) համար: Նոր կտակարանում բազում անգամներ է խոսվում դիմացինի համար աղոթելու (Ա Թես. 5:25 Եբր. 13:18 Ա Տիմ. 2:1, Հակ. 5:14) և դրա կարևորության մասին: Նման աղոթքը շատ ավելի զորեղ է համարվում, քանի որ այն հեռու է եսասիրական ձգտումներից և բացարձակ սիրո դրսևորում է:
Առհասարակ Հովհաննես առաքյալի առաջի նամակում եղբայրասիրությունը շեշտադրված կարևոր կետերից է (հմմտ. 2:10-11, 3:10-18, 4:20-21), ահա այդ է պատճառը, որ առաքյալը հորդորում է աղոթել մեղքի մեջ գտնվող եղբոր համար, սակայն հետաքրքրականն ու արտառոցն այստեղ այն է, որ Հովհաննես ավետարանիչ-առաքյալը խորհուրդ է տալիս աղոթել միայն այն դեպքում, երբ եղբոր գործած մեղքը մահացու կամ հունարենից թարգմանած` մահվան հանգեցնող չէ: Առաքյալն ինքը տալիս է «մեղք» հասկացության ամենահակիրճ բացատրությունը` «Ամեն անիրավություն մեղք է» (Ա Հովհ. 5:17), իսկ
«մահացու մեղք» արտահայտության շուրջ Սուրբ Գրքի մեկնությունների մեջ մի շարք կարծիքներ կան, որոնցից մի քանիսին փորձենք անդրադառնալ ստորև:
ա. Գոյություն ունի մարդու և մեղքի փոխհարաբերության 2 տեսակ` կամավոր մեղք և ակամա մեղք: Հրեաները այս 2-ից ակամա գործած մեղքը համարում էին կենդանական զոհաբերման միջոցով քավվող մեղք, սակայն մարդը մինչև մահ իսկ ներման ու քավության չէր կարող արժանանալ, եթե գիտակցաբար գնում էր դեպի մեղքը և ապրում դրա մեջ` հստակ իմանալով, թե ի՛նչ է Աստված «պահանջում» իրենից: Նման պարագայում մեղքը համարվում էր մահացու: Չի բացառվում, որ նամակում հենց այս հանգամանքն է շեշտված:
բ. Վաղ եկեղեցում հաճախ աններելի և մահացու էր համարվում Քրիստոսի հավատքից հրաժարվելը, ինչը հատկապես տարածված էր 1-3-րդ դարերում քրիստոնյաների արյունալի հալածանքների արդյունքում: Ամենայն հավանականությամբ Տերունական այն խոսքի համաձայն, թե «ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ» (Մատթ. 10:33), առաջին դարում չափզանց խիստ էր դրված հավատուրաց քրիստոնյաների հարցը` այն համարելով աններելի և մահցու մեղք: Հավատուրացության այս հարցը այնքան արդիական էր ու լուծման կարոտ նախնական եկեղեցում, որ 3-րդ դարում այդ թնջուկը լուծելու համար անգամ ժողով գումարվեց և այդ ուղղվածությամբ մի քանի աշխատություններ գրվեցին:

գ. Սուրբ Պողոս առաքյալը «մահացու մեղք» է համարվում սուրբ Խորհուրդներին և հատկապես «Տիրոջ բաժակին»` Սուրբ Հաղորդությանը, անարժանորեն մոտենալը, որովհետև ինչպես Պողոս առաքյալն է ասում. «...ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։ Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ և ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են...» (Ա Կորնթ. 11:29-30)
դ. Որոշ մեկնություններ մահացու մեղք են համարում մեղքի մեջ մնալն ու դրա դիմաց չապաշխարելը: Որպես այսօրինակ մեղքի մահացիության հիմնավորում հաճախ առաջ է քաշվում Եբրայեցիներին ուղղված նամակի հետևյալ խոսքը. «որովհետև մեկ անգամ մկրտվածների համար, - որ ճաշակեցին երկնավոր պարգևներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, Աստծու գեղեցիկ խոսքի վայելքն ունեցան և գալիք աշխարհի զորությունները ճանաչեցին, - եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն և դարձյալ խաղք ու խայտառակ դարձնում» (Եբր. 6:4-6): Փաստորեն մահվան հանգեցնող մեղք է թե՛ չապաշխարելը, թե՛ ապաշխարելուց հետո վերստին նույն մեղքին դառնալը, որով «վերստին խաչն ենք հանում Հիսուսին»:
ե. Չի բացառվում, որ մահացու մեղք կարող էր դիտարկվել, ժխտումը, թե Հիսուս Քրիստոսը՝ մարմնով է եկած (աստվածաբանորեն ասած` երևութականությունը): Հովհաննեսն ինքը նամակում խոսում է այդ երևույթի դեմ` պնդելով, որ նման մոլորության մեջ գտնվող անհատը «Աստծուց չէ։ Եւ այդ հոգին Նեռինն է» (Ա Հովհ. 4:3-4):
զ.  Հետևելով Փրկչի այն խոսքին, թե «ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի։ Եվ ով որ մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթ. 12:27-28), մի շարք մեկնիչներ մահացու, այսինքն աններելի են համարում հայհոյությունը Սուրբ Հոգու դեմ:
է. Եկեղեցական ավանդության մեջ վաղ միջնադարից սկսյալ զարգացել է 7 մահացու մեղքերի վերաբերյալ ուսմունքը: Այդ մեղքերն են` 
հպարտությունը           ծուլությունը
նախանձը                      որկրամոլությունը
բարկությունը               բղջախոհությունը:
ագահությունը

Թեև այս 7-ը հատուկ են գրեթե բոլոր մարդկանց, մահացուն դրանցում այն է, որ հանդուրժելով դրանց գոյությունը` մարդն ինքը կամովին իրեն տանում է դեպի մահ և կործանում: Տրամաբանական է, որ «մահացու մեղք» ասելով Հովհաննես առաքյալը նկատի չի ունեցել հենց այդ 7 մեղքերը, սակայն չի բացառվում, որ եկեղեցական այս ավանդությունը զարգացած լինի հենց այսօրվա քննարկելիք հատվածի հիման վրա:
Այսքանով հանդերձ, հստակ ու պարզորոշ չենք կարող ասել, թե ըստ Հովհաննես ավետարանչի ո՞րն է «մահացու» մեղքը, թե արդյոք այն մասնավոր ինչ-որ մեղք է, թե կամայական մեղքի որոշակի դրսևորում... Այսպիսին է Աստվածաշունչը, այն մեր առջև հաճախ է հարցականներ թողնում: Եվ երևի դա է պատճառը, որ 1000-ամյակներ շարունակ մարդիկ չեն դադարում որոնել ու բացահայտել ճշմարտությունը: Իսկ թե նշվածներից որը հատկապես ավելի սրտամոտ կլինի ընթերցողին (գուցե և բոլորը), չեմ կարող ասել: Գուցե դուք էլ ծանոթ լինեք ինչ-ինչ մեկնությունների, որոնք սիրով կընթերցեմ մեկնաբանություններում:

Միայն մի բան պետք է աչքից բաց չթողնել. երբեք ու երբեք չտրվենք մեղքին մահու կործանման չափ և հաճախ աղոթենք մեղքի մեջ գտնվող մեր եղբայրների համար:
Տերը օրհնի մեզ բոլորիս:
Եթե ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով` 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել