2013 թ.-ի ամռանը Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ նշանակվեց լեգենդար Անչելոտտին, որը, ի դեպ, փոխարինեց ոչ պակաս լեգենդար Մոուրինիոյին: Անչելոտտիի նշանակման պահից սկսած բոլորն ունեին մեծ սպասելիքներ՝ մի քանի պատճառով: Ռեալը մի քանի տարի շարունակ շեղվել էր իր հիմնական մարտավարական սկզբունքից, իսկ Անչելոտտին պաշտպանողական ֆուտբոլի կողմնակիցներից չէր: Երկրորդ՝ Ռեալը երկար տարիներ տիտղոսներ չէր նվաճում, իսկ Անչելոտտին հայտնի էր տիտղոսներ նվաճելու իր մարզչական անցյալում: Իհարկե, ոչ բոլոր երկրպագուների ոչ բոլոր սպասելիքները կարող են արդարացվել, սակայն ընդամենը հաշված շաբաթներ անց, ըստ էության, չկատարելով կադրային լուրջ փոփոխություններ, փոխվեց Ռեալի խաղի ողջ փիլիփոսափայությունը: Իսկ ահա երեկ Ռեալը 12 տարվա ընդմիջումից հետո հայտնվեց չեմպիոնների լիգայի եզրափակչում. ի դեպ՝ չխաղալով հարձակվողական ֆուտբոլ, ու կարծես բոլորը գոհ են արդյունքից: Հիշեցնեմ, որ տարիներ առաջ Կապելլոյին հաջողվեց Ռեալին դարձնել Իսպանիայի չեմպիոն, սակայն հենց մրցաշրջանի ավարտից հետո նա ստիպված էր հրաժարական տալ, քանի որ իր ղեկավարած թիմի խաղն իր դիտարժանությամբ չէր բավարարում երկրպագուների սպասելիքները: Անչելոտտին կարողացավ միաձուլել դիտարժանությունն ու արդյունավետությունը. գրեթե նույն խաղացողներով փոխեց կառավարման մոդելն ու փիլիսոփայությունը. հասկացավ՝ ինչ են սպասում իրենից երկրպագուները:

Հ.Գ.Արդյո՞ք ի սկզբանե մենք մեր կառավարիչներից կարող ենք ունենալ այն սպասելիքները, ինչ ունեին Ռեալի երկրպագուներն Անչելոտտիից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել