ԱՍՏՎԱԾ ԻՄ - Դու ինձ չես սիրում, չես սիրել երբեք: 
Դու ինձ չես լսել, զբաղված ես եղել ,երբ քեզ եմ դիմել:
Ես էլ քեզ չեմ լսել, համոզված լինելով, որ ավելի լավ գիտեմ իմ վերջը, քան Դու:
Գիտեմ, որ մի օր, ինձ շատ անծանոթ ճանապարհներով կգամ կկանգնեմ Քո առաջ ու...
-Ես եմ, եկել եմ արդեն, ուզում եմ իմանալ իմ մեղքի բաժինը: Ես Քեզ կանչել եմ, Դու ինձ չես լսել, ես Քեզ կանչել եմ , բայց Դու չես եկել: Մի՞թե արդար է, որ Դու ինձ սովորեցրել ես միմիայն սիրել, բայց սիրվել, ավա~ղ չես սովորեցրել:
Ես ինքս եմ սովորել մասերի բաժանված ստվերս մոտեցնել իրար, սեղմել բռունցքիս մեջ ու կարկատել,կարկատել...
Ստվերս բռունցքիս մեջ դարձել է մի յուրօրինակ արև ու տաքացնելու փոխարեն թրջել է փոշոտված ուղեղս` սարքելով այն ցեխ, լղոզել ողջ մարմնովս մեկ:
Դրանից տարօրինակ ու հաճելի հոտ եմ առնում:
Հետաքրքիր է, Դու ծաղիկներ սիրու՞մ ես: 
Ախ, հա~, ծաղիկներ:

***
Երկու օրից Լուսինեի ծնունդն է:
-Մամ,ի՞նչ նվեր եմ տանելու:
-Եսիմ, տղա ջան, մի բան կմտածենք:
Մի ամբողջ օր մայրս չփխեց ու կարգի բերեց երկրորդ հարկում ապրող դասախոս Մարգարիտա Մկրտիչևնայենց տան բուրդն ու անկողինը:Ամբողջ գիշեր չքնեց ու կարգի բերեց իմ միակ վերնաշապիկն ու երեք կարկատաններով շալվարս`խնամքով քողարկելով կարկատանները:
Մարտի 18:
Ես ունեի երեք հազար դրամ փող ու հին, մաշված, բայց մաքուր ու խնամքով արդուկված շորեր:
ԱՍՏՎԱԾ ԻՄ - Դու ինձ չես սիրում:
Տանը հաց չկար: Ես պետք է իմ համակուրսեցիների հետ նշեի Լուսինեի ծննդյան օրը, իսկ մայրս տանը նստած պետք է ծամեր տառապանքի այն փշուրները, որոնք Դու հաճախ ես ուղարկում մեր տուն:
Մոտենում եմ Լուսինեենց շենքին: Ձեռքիս` համալսարանի ՙԲանասեր՚ թերթի նախավերջին համարն է, որի վերջին էջում իմ ՙԺպտա ինձ սիրելիս՚ բանաստեղծությունն է, նվիրված Լուսինեին ու էժանագին մի ծաղկեփունջ: Չգիտեմ ինչ ծաղիկներ են, դեղին, բայց շատ դուրեկան հոտով:
Վաճառողն երբ իմացավ որ ծնունդի համար եմ գնում, խորհուրդ տվեց գնել կարմիր վարդեր: Ինձ դուր եկան դեղին այս ծաղիկները և գինն էր հարմար, համ էլ կարող էի գնել մի տուփ ծխախոտ ու տուն գնալու փող էլ կմնար:
Վերելակն անձայն ինձ բարձրացնում է:
Լուսինեյենց դուռը կաշեպատ է, փայլուն, գեղեցիկ: Զանգի կոճակն էլ հրավիրատոմսի նման կանչող:
Համակուրսեցիների մեծ մասն արդեն եկել էր:
Մեր` բանասիրական 2-րդ կուրսի ուսանողներից միայն ես եմ բանաստեղծություններ գրում: Միակ ընթերցողն էլ մայրս է: Երբ առաջին կուրսում գրածս բանաստեղծությունը տվեցի Լուսինեին, ու ասացի որ իր համար է գրված, խնդրեց բարձրաձայն կարդալ բոլորի ներկայությամբ: 
Ես Լուսինեին մերժել չէի կարող:

Գիշերն եկավ, բայց չի մնա
Այնբ տեղ չունի իմ սրտում,
Լուսաբացը մինչև չգա
Գիշերը չի ջնջվելու:

Ու չի ջնջվի գիշերային
Դաժանագույն պատկերը
Եվ իմ կանչող տխուր ձայնին,
Կարձագանքեն բուերը:

Լուսաբացին ինձ փաթաթվող
Սառը քամին իմաստուն,
Ցրիվ կտա ինձ շատ տանջող
Երազները փոթորկուն:

Ես սպասում էի Լուսինեի արձագանքին: Լուսինեն սպասում էր ընդհանուրի արձագանքին: Ես նկատեցի Մարիամի արդեն ծափ տալու պատրաստ ձեռքերի բարձրացումը, երբ ...
-Հիմարություն,- ասաց Միրզոև Վլադը,-գիշերը քնելու համար է:
Լուսինեն աչքի տակով նայեց նրան ծիծաղեց ու ասաց.ՙՈչինչ լավն ա, կպցրու գրատախտակին՚:

***
Իսկ այսօր ես բերել եմ արդեն թերթում տպված իմ մի ուրիշ բանաստեղծություն:
Սեղանի շուրջը, երբ եկավ իմ հերթը շնորհավորելու, կենաց ասելու, Վլադն առաջարկեց վերջացնել կենացները և անցնել պարելու, ՙԹե չէ ծնունդը կվերածվի պոեզիայի ժամի՚:
Ու երբ տեղից , բարձրացավ ես համոզված եմ որ դիտմամբ կպավ թևիս ու կարմիր գինին թափվեց վրաս և հատակին փռված թանկարժեք գորգին:
Լուսինեի մայրը մի փալասի կտոր բերեց գորգը չորացնելու համար:
-Գոհար Համբարձումովնա, այդ փալասը հետո չշպրտեք, Արամի համար լավ շալվարի կտոր է:
Լուսինեն սպասում էր, բոլորը սպասում էին և բոլորին էլ թվում էր թե ես պատասխանելու եմ ինչ որ քառյակով...
ԱՍՏՎԱԾ ԻՄ - Դու ինձ չես սիրում, թե չէ բազմաթիվ անգամ փորձած նրբերշիկ,լանգետ ու մսի այլ կտորներ երբեք չկտրող դանակը այդքան հեշտ չէր մտնի Վլադի կողը:
Դու ինձ չես սիրում, թե չէ դանակը դեմ կառներ կողոսկրերից մեկին, այլ ոչ թե երկու կողոսկրերի արանքով այդքան հեշտ կսահեր ներս:
Դանակի շեղբից կաթող Վլադի արյունը կաթում էր գորգին, միանալով թափված կարմիր գինուն:
ԱՍՏՎԱԾ ԻՄ - Դու ինձ չես սիրում ,թե չէ Լուսինեի հայրը 03 զանգելու փոխարեն 02 չէր զանգահարի... …02

***
Խցիկում երկուսով ենք` ես ու բերանից սխտորահոտ եկող մի տարիքն առած մարդ:
-Քեզ ի՞նչի համար են բռնել, տղա ջան, գո՞ղ ես:
-Չէ, մարդ եմ խփել, դանակով:
Մա~րդ: Մի՞թե պետք էր որ շարք կանգնած մարդկանց մեջ, որպես մարդ կանգնած լինի նաև Միրզոև Վլադը:
-Յա~, մեռե՞լ է թե՞...
-Չէ, չստացվեց:
-Աղջկա հաշիվ կլինի,-գլուխը տարուբերում է,-բա աղջկա համար կռիվ կանեն, լի՞քը չեն:
-Լիքն են, բայց ես մեկի համար եմ կռվել, ինձ մեկն է պետք, ինձ մեկն է դուր գալիս:
-Ի~,ջահել ես:Եթե աշխարհում կա մի բան որի համար կարելի է կռվել դա փողն է ու...զրոն:
-Ի՞նչ զրո:
-Զրոն աշխարհի ամենամեծ թիվն է, փորձիր քո մեկ դրամի կողքին դնել մեկ զրո, հետո էլի ու էլի և կտեսնես թե ինչ ուժ ես ստանում, թե ինչպես են քեզ սիրում...
Փո~ղ:
Եթե ես էլ փող ունենայի, կունենայի Միրզոև Վլադի կոստյումից, ոսկե ժամացույց, բջջային հեռախոս և այսպես չէր ստացվի:

***
-Զրոն աշխարհի ամենամեծ թիվն է, հզոր, ամենակարող, իսկ քեզ տղա ջան, կտան մեկ տարի, գուցե: Եթե քննիչը քո այդ Վլադի նմանի մեկը լինի, կավելացնի մի զրո ու... 

***
Ձեռքիս ծաղկեփնջից թարմ ռեհանի հոտ է գալիս ու հոտոտելով ծաղկեփունջը մտնում եմ վերելակ: Վերելակը, սիրամարգի ճչոցների նման ձայն հանելով ինձ բարձրացնում է վեր:
Դու ինձ չես սիրում, թե չէ հիմա վերելակում Լուսինեն էլ կլիներ:Կփակեր աչքերը ու կհամբուրվեինք: Դա կլիներ աշխարհի ամենաջերմ ու երկար համբույրը:
Լուսինեյենց դուռը կաշեպատ է: Վարպետները լավ գործ չեն արել:Կաշվի կտորների կարերը տեղ-տեղ իրար չեն համընկնում: Զանգի կոճակն էլ կորցրել է իր վաղեմի սպիտակ գույնը:
Չգիտեմ սեղմե՞մ կոճակկը թե՞ ոչ:
Եվ ի՞նչ պետք է ասեմ, որ ես արդեն եկե՞լ եմ:
Կբացվի դուռը ու ամենագեղեցիկ ժպիտը ինձ տեսնելով կդառնա զարմանք:
Չենք տեսնվել չորս տարի, ավելի ճիշտ չորս տարի մեկ ամիս ու երեք օր:
Իսկ այսօր, այս պահին սեղմում եմ զանգի կոճակը:
Այս պահին գուցե համոզվեմ մենակությունն անմա՞հ է, թե լուսաբացի մոտեցող ձայների վախից մահացել է:
Այս պահին գուցե գլուխս գրկես ու շշնջաս, որ կորցրածս տարիները իզուր են եղել կամ իզուր են ջնջվել:

***
Դուռը բացվեց:
Լուսինե-ժպիտը ինձ տեսնելով դարձավ զարմացած մի սարսափ:
-Լուսինե, ով է, ներս կանչիր,-Գոհար Համբարձումովնայի ձայնը չէր փոխվել:
-Հեչ, մամ, ժավել են վաճառում:
-Այս գիշերվա կեսին ի՞նչ ժավել:
Դուռը շրխկաց երեսիս:
Ծաղիկները թափվեցին դռան տակ փռված փալասի վրա ու ամբողջ աստիճանավանդակը լցվեց ռեհանի թարմ հոտով:

***
ԱՍՏՎԱԾ ԻՄ - Դու ինձ չես սիրում, թե չէ իմ բանտարկված ժամանակ մորս չէիր տանի մոտդ:
Հիմա մեն-մենակ եմ աշխարհում:
Վաղը կգնամ գերեզմանոց:
Անպայման այս նույն ծաղիկներից կտանեմ, թող ամբողջ գերեզմանոցը լցվի ռեհանի բույրով:
Կնստեմ մորսգերեզմանաթմբի մոտ, կշնչեմ ռեհանի բույրը: Հետո հարց կտամ .
-Մամ, գիտե՞ս ինչ բան է զրոն:
-Գիտեմ, տղա ջան, բայց դու միայն ժպտա:
Ժպտա սիրելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել