Հայելին ձվաձև էր, նուրբ զարդանախշերով, հատ-հատ պատրաստված գիպսից ու խնամքով սոսնձված:
Վահանի աշխատանքն է:
Սրանք էլ իր նվիրած ականջօղերը, որոնք ես հագնում եմ, երբ ցանկանում եմ, որ Վահանն ինձ առանձնահատուկ ուշադրություն դարձնի:
Շրթներկիս գույնն էլ Վահանի սիրած գույնն է` բաց շականակագույն:
Շրրջազգեստս, սպիտակ փոքրիկ ծաղիկներով, Վահանի բերածն է, Մոսկվա կատարած գործուղումից:
Վահան, Վահան:
Միայն թե չարթնանա մինչև մտնեմ կողքի դուռը ու մորս երկար-բարակ համոզեմ, որ գոնե երկու -երեք ժամ մնա Վահանի մոտ, մինչև աշխատանքից վերադարձս:
Ամեն անգամ մորս տուն մտնելիս սկսվում է...
Մի անգամ էլ նայեմ, չէ, հանգիստ քնած է: Ամբողջ գիշեր չքնեց: Առավոտյան կողմ քնեց և մինչև հիմա հանգիստ քնած է:
Դռան զգույշ ու գողունի թակոց: Մայրս է`տիկին Արփինեն, ինչպես Վահանն էր կոչում նրան: Բայց ինչու եմ անցյալով խոսում, դե, արդեն ութ ամիս կլինի Վահանն համարյա չի խոսում ու գրեթե չի գիտակցում լսածը:
Ամեն ինչ սկսվեց իմ վիժելուց հետո: Աշխարհում հազարավոր վիժումներ են լինում ու ոչինչ, բայց իմ վիժումը , իմ սիրելի ամուսնու համար եղավ ճակատագրական:
-Գնում ես Գայան ջան, իսկ սրան էլի թողնում ես ինձ,- չար կին է մայրս:
-Մամ, այդպես մի խոսիր, քո փեսան է և իմ ամուսինը, քո համար էլ քիչ բան չի արել:
-Ինչ է արել քո այսպես կոչված ամուսինը, քանդեց տունդ, աղջիկ ջան, ինքը ճարտարապետ, փոխանակ սարքելու քանդեց:
-Մամ, խիղճ ունեցիր, այն, որ ծայրամասում գտնվող տունդ փոխանակեց, բերեց կենտրոն, իմ
դռան հարևանությամբ, հերիք չէ, գիտես ինչ չարչարանք քաշեց ու ինչքան ծախս արեց:
-Պահ, պահ, մի սրան նայեք, իսկ որ ամբողջ գիշեր առանց տղամարդու ախ ես քաշում, կարծում ես պատի այն կողմում չի լսվում, ես էլ մայր եմ, սիրտս ցավում է քո համար: Գայ ջան, մեկին ճարի էլի, մեկ է սրանից էլ տղամարդ չի լինի, բա ես թոռ չպետք է ունենամ:
Կատաղությունից ինձ ուտում եմ, բայց դե...
-Մամ, կենդանի ամուսնուս օրոք, այդ ինչեր ես խոսում:
-Բժիշկները ձեռք են քաշել, հարազատ-բարեկամները նույնպես, միայն քո նման հիմարն է որ:
-Մամ, վերջացրու, ուշանում եմ, ու մի մոռացիր, որ սրանից երկու տարի առաջ քեզ վիրահատելու համար, ոչ քույրդ, ոչ էլ եղբայրդ արյուն չտվեցին, էլի Վահանն էր, որ կանգնեց կողքիդ ու իր արյունը տվեց, մոռացել ես:
-Շատ պետքս է էդ ապուշի արյունը: Արյուն տալուց հետո գլխումս անընդհատ ճարտարապետական հաշվարկներ են, թե քանի ժամ է գիշերվա մեջ սեփական աղջիկս տանջվում: Քոռանամ ես, էդ ճարտարապետի արյունն էր ինձ պակասում, հիմա էլ մտածում եմ դրա պատճառով ես էլ հանկարծ չգժվեմ:
Իմ լավ Վահան, ինչ եղավ քեզ, միգուցե քո անսահման ցանկությունը երեխա ունենալու, ու աչքերիդ առաջ փշրված երազանքդ, թե իմ ցավից էր, որ այդպես... սիրտդ տղամարդու նուրբ սիրտ է: Գոնե աչքերիդ առաջ չլիներ, էխ:
-Լավ, վերջացրու մամ:
-Աղջիկ ջան, բայց չէ որ ես փոքրիկի համար արդեն բարձ, վերմակ ու ներքնակ եմ կարել, վերմակն էլ տղայի-կապույտ գույնի: Գայ ջան, եղբայրդ պատերազմում զոհվեց, ուզում էի ամուսին կոչվածին համոզեի Աշոտիս անունով դնեիք, բայց...
-Մամ, առաջինը աղջիկ էր, ու վերջացրու, մի գուցե դեռ ամեն բան վերջացած չէ, երկրորդը Աշոտը պատերազմում չի զոհվել, այլ ավտովթարից, ինչեր ես հորինում բոլորի մոտ, ինչ Արցախ, ինչ ազատամարտիկ: Ինձ էլ ես խաբում:
-Յա~, բա Գայան ջան, Ղարաբաղ գնալուց չզոհվեց, բա դու չգիտես:
-Տիկին Արփինե, էլ ոչ մի խոսք, մնում ես թե ոչ, եթե ոչ, հարևանի աղջկան կանչեմ:
-Մնում եմ, գնա, բայց վերջին անգամ, երեսը չեմ ուզում տեսնել:
Կամաց դուրս եկա սենյակից:
Վահանն գիշերները չի քնում, փոքրիկ երեխայի նման բռնում է կուրծքս, կծկվում ու աչքերը փակում է:
Պրոֆեսոր Բարսեղյանը ասաց, որ դա կարող է անցողիկ լինել , բավական է մի պատահական
սթրես և ամեն բան կկարգավորվի:
Ներքևի հարկում թակում եմ հարևան Անահիտի դուռը:
-Բարև Ան ջան, Նվարդիկին կուղարկես մեր տուն, դե գիտես էլի, մայրս կարող է թողնի գնա, իսկ Նվարդիկը թող Վահանի սեղանի մոտ հանգիստ պարապի:
-Գնա, գնա հանգիստ եղիր, մի հինգ րոպեից կուղարկեմ:
...Երեկոյան ամբողջ մուտքը Վահանենց տանն էր:
Վահանն այդպես էլ առանց աչքերը բացելու մահացել էր (տիկին Արփինեի խոսքերով):
Տիկին Արփինեն այդ օրն իր բնակարանից դուրս չեկավ:
Բժիշկները արձանագրեցին թթվածնի անբավարարվածություն:
Վահանի մահը ոչ մեկի համար անսպասելի չէր:
Թաղումից չորս օր հետո, Գայանեն տիկին Արփինեի հետ Վահանի սենյակը հավաքելիս
չգտան Վահանի օրագիրը: Գայանեն հաստատ գիտեր, որ Վահանն գրում էր:
Երեկոյան, մոր հետ հերթական վիճաբանությունից հետո Գայանեն մնաց մենակ և երբ պատրաստվում էր քնելու, դուռը թակեցին: Հարևանուհի Անահիտն էր:
-Գայ, մենակ ես,- ձեռքին ինչ որ տետր էր, որից Գայանեն աչքը չէր կարողանում հեռացնել: Վահանի օրագիրն էր:
-Մի բան պետք է ասեմ, Գայ ջան, բայց...
-Ասա, հիմա ինձ ոչինչ անակնկալի չի կարող բերել:
-Չնեղանաս էլի, հիշու՞մ ես Վահանի մահվան օրը առավոտյան երբ Նվարդիկին ուղարկեցի ձեր
տուն, նա շատ արագ իջավ տուն ու առանց ոչինչ ասելու , գույնը գցաց լալիս էր: Հոր շատ
ստիպելուց հետո ասաց, որ երբ մտել է տուն տեսել է, թե ինչպես է մայրդ ձեռքով փակել
Վահանի բերանը ու սեղմած պահել: Անձայն վերցրել է սեղանից այս տետրը ու դուրս փախել:
Դե գիտես, Նվարդիկը Վահանի աշակերտուհին է, նրա նման վառ երևակայությամբ,մի հավատա բայց…
Կներես էլի, չէի կարող չասել, ամուսինս ստիպեց պատմել:
Սա էլ տետրը:
Գայանեն կորցրեց գիտակցությունը:
...Ուշքի եկած Գայանեն խնդրեց Անահիտին բարձրաձայն կարդալ տետրը, համոզված, որ պատի այն կողմում մայրն անպայման լսում է:
Տետրի առաջին էջում, ճարտարապետի նուրբ ձեռքով նկարված էր մի փոքրիկ աղջկա դիմանկար`ժպտուն աչքերով, երկու կողմից փոքրիկ պոչիկներ կապած մազերով, այնքան նման Գայանեին:
Նկարի տակ Վահանի գեղեցիկ ձեռագրով գրված էր ՙՍիրելի դստերս` Արփենիկին՚:
...Երբ Գայանեն նորից աչքերը բացեց, անսահման ցանկություն զգաց այդ աշխարհ չեկած, կամ տիեզերական արգությամբ աշխարհը լքած աղջնակին սեղմելու կրծքին, համբուրելու, համբուրելու...
Պատից Գայանեյին էր նայում սև ժապավենով երիզված Վահանի դիմանկարը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/StepanUmar
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել