Սիրիահայության անվտանգության եւ ապագայի խնդրով պատասխանատվություն են կրում բոլոր այն ուժերը, որոնք կամ հրահրել են սիրիական ճգնաժամը, կամ գործուն մասնակցություն ունեն դրանում: Այդ ուժերն են՝ ԱՄՆ-ն, Եվրոմիությունը, Արաբական երկրներից Սաուդյան Արաբիան, Քաթարը…, ապա Թուրքիան եւ այնտեղ տեղակայված սիրիական ընդդիմությունը:
Սիրիահայության ապագան չի կարող որոշվել ներգաղթի միջոցով, որովհետեւ սիրիահայությունը շուրջ 90 տարի նրա համար չի ապրել ու ստեղծագործել Սիրիայում, որ հիմա այդ ամենը թողնի ու տեղափոխվի, ներողություն՝ «տեղահանվի» այլ տեղ, որովհետեւ սիրիահայությունը նույնպես բազմաթիվ իրավունքներ ունի, ինչպիսիք ունեն Սիրիայի եւ տարածաշրջանի այլ ազգություններ, հավաքականություններ, փոքրամասնություններ, եւ կամ փախստականներ: Որովհետեւ սիրիահայությունը պետք չէ, որ կիսի ադրբեջանահայության ճակատագիրը, ում իրավունքների մասին, թվում է, մոռացել են անմիջական պատասխանատվություն կրող բոլոր կողմերը, այդ թվում՝ ադրբեջանական կողմը…
Թյուրիմացություններից եւ թյուրըմբռնումներից խուսափելու համար ասենք, որ մենք կողմ ենք, որ համայն հայությունը ներգաղթի Հայաստան: Սա ամենայն լրջությամբ ենք ասում: Բայց հիմա խոսենք այն հարցերի մասին, որոնք եկել ու չոքել են մեր դռանը:
Մենք անցնում ենք դարակազմիկ երկու փորձություն ծրագրերի միջով:
Առաջինը դա 1985-ին սկիզբ առած Գորբաչովյան պերեստրոյկան էր, որից հետո հայաթափվեց Ադրբեջանը, Արցախի հարակից տարածքները, Վրաստանը, շարունակվում է հայաթափվել Հայաստանը, Ջավախքը… Ընդհանուր հաշվով Կովկասյան տարածաշրջանից բռնագաղթել կամ արտագաղթել է շուրջ 2 - 2.5 միլիոն հայ:
Երկրորդը՝ Արաբական գարունն է, որի առաջին թիրախն Իրաքն էր, երկրորդը Թունիսը, Եգիպտոսը, Լիբիան … եւ այժմ Սիրիան: Ճիշտ է նկատել Իգոր Մուրադյանը, որ ամերիկացիները հեռանում են Միջին Արեւլքից եւ նրանց հետ կհեռանան Միջին Արեւելքի քրիստոնյաները (1):
Ուրեմն խնդիրը միայն Սիրիան չէ եւ միայն սիրիահայությունը չէ, որ մի զարկով, մի ներգաղթով սկսենք ու փակենք սպառնալիքների ու մարտահրավերների լայն բացված երախները:
Առաջին խնդիրը սպառնալիքներն ու մարտահրավերները նախօրոք նկատելն էր եւ դրանց համապատասխան դիմակայության ծրագրեր մշակելը: Մեծ հաշվով դա չի արվել, բայց դա մեզ չի վերաբերում, որովհետեւ սպառնալիքներն ու մարտահրավերները մենք նկատել ենք դեռեւս 2005 - 2006 թվականներից եւ մտածել դրանց դիմակայության ուղիների մասին:
Յոթ տարի շարունակ ահազանգել ենք, եւ յոթ տարվա ընթացքում կարելի էր յոթ եւ յոթանասուն ծրագիր մշակել, եւ որն ամենակարեւորն է, ընթանալ ոչ թե իրադարձությունների պոչին կպած, այլ կանխագուշակել դրանց հնարավոր զարգացումներն ու հետեւանքները: Միջին Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության իրավական քաղաքական մեխանիզմները, թեեւ, մշակված են եւ ցանկացած պահի դրանք կարող են գործողության մեջ դրվել:
Երկրորդ խնդիրը հայության իրավունքները լիարժեք պաշտպանելու արվեստը սովորելու ու գործարկելու խնդիրն էր, որովհետեւ ինչ է նշանակում դիմել ՀՀ կառավարությանը, որ սիրիահայության ներգաղթ կազմակերպի (2): Իսկ կառավարությունը եւ ՀՀ համապատասխան գերատեսչությունները մինչեւ հիմա ինչ ծրագրեր են մշակել սիրիահայության իրավունքները տեղում պաշտպանելու, ընդհանրապես տարածաշրջանում հայության իրավունքները պաշտպանելու, ընդհանրապես հայության բնական անօտարելի իրավունքներն աշխարհում պաշտպանելու հարցերում:
Ինչու, սիրիահայության իրավունքների պաշտպանության ճակատամարտն արդեն տանուլ է տրված, որ մնացել է ներգաղթ կազմակերպելու հարցը: Ներգաղթ կազմակերպելն ամենադյուրին գործն է եւ թշնամուն հաճո ամենաընդունելի տարբերակը, որովհետեւ նրա հեռահար ծրագրերը հենց դրան են միտված, որ սիրիահայերին, իբրեւ թե գրկաբաց, ընդունեն հայրենիքում, որ նրանք տեղում չհարմարվելով՝ հեռանան Եվրոպա, ԱՄՆ, իսկ բռնագաղթի անմիջական պատասխանատուներից եւ ոչ ոք, եւ ոչ մի տեսակ պատասխանատվություն չկրի: Այսինքն, «Դուք ցանկացաք, պարոնա՛յք, դուք արիք»: Որովհետեւ պատասխանատվություն՝ նշանակում է իրավունքների պաշտպանություն, անվտանգության ապահովում, նյութական ու ֆինանսական ինչ-ինչ միջոցներ, իսկ նրանք չեն ցանկանում դրանք ծախսել… հայերի վրա: Որովհետեւ հայերը Կոսովոյի ալբանացիները չեն, որ սերբերի ու սերբական մշակույթի ցեղասպանություն իրականացնեն, բայց ճանաչվեն, որպես էթնիկ զտումների ենթարկված հավաքականություն, եւ դեռ ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ունենան:
Եթե փորձենք ամփոփել.
Առաջին. սիրիահայության ապագան հնարավոր է ապահովել նրա իրավունքների պաշտպանության միջոցով՝ տեղում: Զուգահեռ՝ արծարծելով այն խնդիրը, որ սիրիահայությունը բնօրրան հայրենիքում ցեղասպանության ենթարկված ու բնօրրան հայրենիքից բռնագաղթված հավաքականություն է եւ, որ նա իրավունք ունի վերադառնալու այնտեղ, հաստատելու իր անկախ պետությունը… այն վայրերում, որն առ այսօր բռնազավթված է եւ որոնք վիլսոնյան իրավարար վճռով Հայաստանի մասն են:
Երկրորդ. Սիրիան տարածաշրջանի ժողովուրդների Սարդարապատն է, որտեղ կամ նրանք են հաղթում ու ապահովում եւ իրենց իրավունքների լիակատար իրականացումը, եւ խաղաղ ստեղծագործական կենսագործունեությունը, եւ կամ ենթարկվում են դրսի թելադրանքներին ու սադրանքներին, մխրճվում քաոսի ու անիշխանության հորձանուտը, ճանապարհ հարթելով վաղվա իրենց ստրկության: Ինչու Սիրիան, որովհետեւ նրան հետեւելու է Իրանը, Լիբանանը... Իսկ դա նշանակում է, որ վաղը դիմելու եք կառավարությանը, որ իրանահայերի, լիբանանահայերի… ներգաղթ կազմակերպի:
Շատ չենք մանրամասնելու, որովհետեւ նշված բոլոր կողմերն իրականում գիտեն իրենց անելիքները. վարձկանները մահ ու ավեր, անկայունություն ու քաոս են սփռելու, ազատները՝ պաշտպանելու են խաղաղ բնակչությունն ու երկիրն ագրեսիայից, պաշտպանելու են ազատ ու անկախ ապրելու իրենց իրավունքը:
Վերջինների գործը ոչ միայն արդար է, այլեւ կարող է լինել հաղթական, չէ որ դա է մատնանշում Սարդարապատի մեծ դասը:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
19.07.2012 թ.
Ծանոթագրություն
1. «Խնդիրը խորանում է նրանով, որ անուղղելի է դառնում Սիրիայի, Լիբանանի եւ Եգիպտոսի քաղաքական դրությունը, ինչը կանդրադառնա քրիստոնյաների վիճակի վրա, որն առանց այդ էլ ծանր է»: Իգոր Մուրադյան, Քրիստոնյաները կհեռանան ամերիկացիների հետ: Lragir.am, 12.07.2012:
2. «Սիրիահայերը հինգշաբթի առավոտյան նախատեսում են երթով հասնել Հայաստանի կառավարության շենք, նամակ հանձնել կառավարությանը` պահանջելով պատշաճ կերպով կազմակերպել սիրիահայերի հայրենադարձությունը»: Նաիրա Բուլղադարյան, Պաշտպանության նախարարի սպանությունը մտահոգել է սիրիահայերին: Azatutyun.am, 18.07.2012:
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/432452.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել