Armfootball.com-ը գրում է.
Կիրակի օրը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած «Փյունիկ» - «Գանձասար» հանդիպման ընդմիջմանը տեղի ունեցած միջադեպը հայկական մամուլում որոշակի զգուշավորությամբ է քննարկվում: Դա է հայկական ֆուտբոլի այսօրվա առանձնահատկությունը:
Հանդիպման ընդմիջման ժամանակ, այն պահին, երբ բոլոր ֆուտբոլիստները, բացի պահեստայիններից, հանդերձարանում էին, «Փյունիկի» ու Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը վազում է խաղադաշտ ձեռքին մարզաշապիկն ու հեռախոս, շտապ ինչ-որ տեղ է զանգում և անհետանում է խաղադաշտից: Այդ ամենը ֆիքսում են ֆոտոխցիկները, իսկ ականատեսները պնդում են, որ ֆուտբոլիստի մեջքը ամբողջովին կարմիր էր, ինչը կարող էր լինել միայն հարվածներից հետո:
Գլխավոր մարզիչը խաղից հետո պարզաբանումներ չտվեց, իսկ արդեն այսօր ակումբի պաշտոնական կայքում հայտնված պարզաբանման մեջ նշվում է, որ ֆուտբոլիստը անձնական լուր է ստացել ընտանիքից և անմիջապես վերցրել է հեռախոսն ու դուրս վազել: Այնուհետև ֆուտբոլիստը, բնականաբար, չի կարողացել շարունակել հանդիպումը:
Հարց է առաջանում, մի՞թե գլխավոր մարզիչը տեղյակ չէր այդ ամենից: Կամ եթե տեղյակ էր, ինչու՞ էր փորձում քողարկել: Կամ մի՞թե հանդերձարան մտած ֆուտբոլիստը կարող է հեռախոսից օգտվել: Միթե պրոֆեսիոնալ ակումբում ֆուտբոլիստները չեն անջատում հեռախոսները ու դնում մի կողմ, մինչև հանդիպման ավարտը: Բնականաբար անջատում են, և խաղադաշտ մտնելու պահին Հովհաննիսյանի ձեռքին ամենևին էլ իր հեռախոսը չի եղել, ֆուտբոլիստը շտապ վերցրել է այն ճանապարհին պատահած մարդկանցից մեկից: Եվ միթե այդ լուրն այնքան անսպասելի էր ֆուտբոլիստի համար, որ նա հեռախոսը ձեռքին ոչ թե դուրս է գալիս մարզադաշտի տարածքից (ինչը Ավանի ակադեմիայում ավելի հեշտ կլիներ անել), այլ մտնում է խաղադաշտ:
Պարզ է, որ կատարվածի մասին ոչ ոք չի խոսի: Չեն խոսի այն ֆուտբոլիստները, ովքեր եղել են հանդերձարանում: Չի խոսի նաև գլխավոր մարզիչը: Չի խոսի հենց ինքը` ֆուտբոլիստը: Ակումբը կփորձի քողարկել կատարվածը: Մամուլը հրապարակում է այն, ինչը հասանելի է: Ցանկացած ենթադրություն կարող է վնասել հենց ֆուտբոլիստին: Այդպիսին են այսօրվա հայկական ֆուտբոլի առանձնահատկությունները:
Բայց չէ որ ֆուտբոլասերին չես խաբի: ՉԷ որ Վանգա տատիկի ունակությունները պետք չէ ունենալ կատարվածի մասին կարծիք կազմելու համար: Չէ որ ֆուտբոլասերը գիտի, թե «Փյունիկ» ՖԱ-ում կատարվող ամեն իրադարձություն ում կողմից է հսկվում: Չէ որ ֆուտբոլասերը երբեք չի հավատա նման հայտարարությանը, եթե իր աչքով է տեսել կատարվածը: Կարող ես ծածկել, կարող ես հերքել, բայց ֆուտբոլասերին չես կարող խաբել:
Մեզ մնում է հուսալ, որ մենք դեռ խաղադաշտում կտեսնենք Արման Հովհաննիսյանին, ով իր դիրքում լավագույններից մեկն է Հայաստանի առաջնությունում: Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես Հայաստանից դուրս կարիերան շարունակելու փորձեր կատարեց հայկական ֆուտբոլից վտարված Ժորա Հովհաննիսյանը, թե ինչպես կարիերան ավարտեց երիտասարդ ու հեռանկարային Էդուարդ Կակոսյանը: Մնում է հուսալ, որ միջադեպը կեզրափակվի «Փյունիկ» ՖԱ-ի պաշտոնական հայտարարությամբ:
Ոչինչ այս աշխարհում հավերժ չէ, ամեն բան էլ անցողիկ է, ամեն բան էլ իր ավարտն ունի: Մի օր այն մարդիկ, ովքեր այսօր հայկական ֆուտբոլում են, կհեռանան: Հույս ունենանք, որ այդ պահին Հայաստանում գոնե մի քանի ակումբ ու մի քանի ֆուտբոլիստ մնացած կլինեն: