Ասածներս մեր երկրի քաղաքական ասպարեզին է վերաբերում, որտեղ բառն ու միտքը արժեզրկված են, որովհետև հազվադեպ են ամրապնդվում գործով:
Այլ դեպքերում, չեմ կարծում, թե բառն ու խոսքը շատ վատ վիճակում են: Բառը դեռ ունի իր գինը, այն դեռ մնում է մարդկային հաղորդակցման առաջնային և կարևորագույն միջոցը, ու մենք դեռ հավատում ենք խոսքի ուժին: Դեռ կենդանի են «ականջներով սիրելն» ու «տղամարդու խոսք տալը»:
Չէ, մենք՝ մահկանացուներս, սիրում ենք բառը, ինչ ուզում եք ասեք:
Մտքի արժեզրկումն էլ նորից կկապեի միայն Հայաստանյան իրականության հետ, որտեղ նախ և առաջ մտավորականն է արժեզրկված: Իհարկե, խոսքն այստեղ միայն ու միայն արժեքային համակարգի մասին է, երբ առաջնային տեղ է գալիս նյութը, և հետո միայն՝ միտքը: Սակայն, նորից, ամեն ինչ այդքան վատ չէ, որքան կարող է թվալ: Դեռ կան միտքը գնահատողներ, և նրանք ուժեղ են հենց դրանով: Մտքի արժևորման վառ ապացույցն էլ հենց մեր «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունն է:
Ինչ անել մտքի ու բառի վիճակը լավացնելու համար: Գլոբալ լուծումներ գտնելուց երբեք էլ լավ չեմ եղել ու շատ չեմ էլ հավատում գլոբալ լուծումների ուժին, ինչպես չեմ հավատում մեծ բարեփոխումների վերաբերյալ քաղաքական դատարկ ճառերին:
Սակայն կարելի է ու պետք է ամեն ինչ սկսել մեր շրջապատից՝ ընտանիքից, ընկերներից, ծանոթ երեխաներից: Կարդալ, քննարկել, խոսել տարբեր թեմաների շուրջ, վիճել, խոսքն ապացուցել գործով, չտալ անհիմն խոստումներ, լինել խոսքի տերը, հիշել, որ խոսքը բուժող է ու նաև սպանող...
Ահա այն ամենը, ինչ մենք կարող ենք անել մեր շուրջը՝ բառն ու միտքը արժևորելու, դրանց հանդեպ հարգանք ստեղծելու ու պահպանելու համար:
Եվ, իհարկե, պետք է պահենք-պահպանենք «Ազգային արժեքների պահպանման ճակատ»-ը. ևս մի միջոց մտքի ու բառի նշանակությունն ուժեղացնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել