Մեղրի. Պարադոքսալ ցիտադել. մաս 1ArmnewsTV.am-ը գրում է.

Խորհրդային տարիներին Մեղրի կարելի էր այցելել միայն Ներքին գործերի մարմիններից հատուկ վիզա ստանալուց հետո։ Անկախությունից հետո հարավային ճանապարհը բաց է: Գողթան աշխարհի նախկին Արևիք գավառը, ներկայիս Մեղրին, Երևանից հեռու է 400 կմ: Գուցե դա է պատճառը, որ շատերը Մեղրիի մասին միայն լսել են, բայց չեն տեսել: Հարավային դարպաս համարվող Մեղրին բաղկացած է երկու` մեծ և փոքր թաղերից` կառուցված սրածայր երկու լեռների արանքում: Մարդիկ հյուրասեր են, բերքն առատ` նուռ, թուզ, նույնիսկ կիվի և բանան, մի խոսքով` ինչ ուզեք: Մեղրիից սկսվում է Հայաստանի գարունը, իսկ աշունը ամենաուշն է հրաժեշտ տալիս: Ամռանն այստեղ շոգ է, իսկ ձմեռը` ոչ ձյունառատ:

1 700-ականների կեսերին Իրանից Հայաստան բերվեց առաջին դաշնամուրը: 300 տարի հետո էլ նույն ճանապարհը Հայաստանը Իրանին կապող միակ ճանապարհն է: Արաքսի ամենալայն հատվածը հնարավոր է տեսնել Մեղրիի Բրդոն սարից: Երկու տարի առաջ գարունը բացվեց, Բրդոն սարի գագաթը նոր բնակիչ ունեցավ: Ժորա պապը 7 տարեկան էր, երբ առաջին անգամ տեսավ Արաքսը: Դա առաջին ու վերջին անգամն էր, հետո ընտանիքով մեկնեցին Հայաստանից: Հիմա 80 տարեկան է` նորից Արաքսի ափին: Երջանիկ է, որովհետև եկել է ընդմիշտ: Երկու տարում ամայի հողակտորը կանաչեց, ամեն ինչ միայնակ է արել: Փոքրիկ տնակն էլ կառուցել է այնպես, որ ննջասենյակի պատուհանից Արաքսը տեսնի ամեն վայրկյան: Հարևաններ էլ ունի, բայց Արաքսից այն կողմ: Ալիին ու Համիդին ամեն օր է տեսնում: Նստում են գետի երկու ափերին ու մարմնի շարժումներով հասկանում իրար:

Դա Արաքսից այն կողմ, այս կողմում հյուրերի պակաս չունի: Ամեն օր ամենաքիչը 10 այցելու ունի, գալիս են նստում ամենաբարձր կետում ու ժամերով նայում Արաքսին: 80-ամյա Ժորայի մոտ գալիս են նաև եվրոպացիներ, ֆիլմ նկարում: Բրդոնի միակ բնակիչը Արաքսի ափ է հասել Սանկտ Պետերբուրգից: Այնտեղ թողել է երկու տները, ամառանոցը, կնոջը, տղաներին ու թոռներին: Երկու տարվա ընթացքում նրանցից ոչ ոք հյուր չի եկել, չի տխրում, քանի որ այնտեղ է, որտեղ ծնվել է: 

Ժորա պապն ուղեկցում է իր երազանքների բարձունքը, այնտեղ, որտեղ կանգնել էր 7 տարեկանում: Հյուրասիրություններն այստեղ է կատարում, վառում է բուխարին, խորոված անում, բաժակ բարձրացնում` առաջին կենացը Հայրենիքի մասին է: Ոչ բոլորին է թողնում օղի խմել, շարժվելու տեղ չկա, մեկ քայլ, կհայտնվես Արաքսում: Չգիտի ինչքան կապրի, առաջին անգամ բարձրաձայնում է վերջին ցանկության մասին:

Մեղրեցի երիտասարդները, թեև սովորում են մայրաքաղաքում, բայց այնտեղ չեն մնում, վերադառնում են: Լիլիկ Պողոսյանին Մեղրիում բոլորը գիտեն: Այն քչերից էր, որ մերժեց արտասահմանյան աշխատանքի բոլոր հրավերներն ու վերադարձավ Մեղրի:

Վերադարձավ Մեղրի, աշխատեց մանկավարժ, 25 տարի ղեկավարեց Մեղրու դպրոցը: Տարիներ շարունակ ուսումնասիրեց Մեղրիի պատմությունը` սկսած ծագումնաբանությունից: Քաղաք այցելողները քաղաքի պատմությունը լսում են հենց նրանից: Սրտնեղվում է, երբ լսում է, որ ևս մեկ մեղրեցի ցանկանում է հեռանալ հարավից: Մեղրեցիներից շատ քչերն են արտագնա աշխատանքի մեկնում: Աշխատատեղեր կան, այլ հարց է, թե որքան է աշխատավարձը: Մաքսատունը, Պղնձամոլիբդենային կոմբինատը, ռուսական զորամասն ու մյուս հիմնարկները լուծել են աշխատատեղերի խնդիրը: Մեղրեցիների համար միակ խնդիրը Երևանից հեռու լինելն է: 400 կմ բավականին երկար է, ճանապարհն էլ լեռնային: Ամեն ինչ` լինի մթերք, շինանյութ, մինչև հասնում է Մեղրի, գինը դառնում է կրկնակի: Քաղաքապետի դռան վրա էլ չկան ոչ ընդունելության, ոչ էլ աշխատանքային ժամերի գրաֆիկ: Ավելի շատ քաղաքում է, քան իր աշխատասենյակում: Արշավիր Հովհաննիսյանին մեղրեցիներն են ընտրել, բնիկ մեղրեցի է, անկուսակցական: Խոստումներ չի տալիս, կատարած աշխատանքների մասին իմանում են, երբ ամեն ինչ պատրաստ է լինում:

Քաղաքի բյուջեն շատ համեստ է, ամաչում են նույնիսկ գումարի չափն ասել: Բայց դա ոչ քաղաքապետին, ոչ էլ մեղրեցիներին չի մտահոգում: Առաջին անհրաժեշտության աշխատանքները կատարում են միասին, եթե խոսքը վերաբերում է Մեղրիին, բոլորն են բանվոր դառնում: Վերջին մեկ տարում քաղաքը փոխվել է, դա մեղրեցիներն են ասում: Քաղաքը նոր ու գունավոր լուսավորում է ստացել, փոխվել են տանիքները, ջրամատակարարման խողովակները, ճանապարհները: Թե ինչպես են գումար գտնում, գաղտնիք է, գիտեն միայն մեղրեցիները:

Մեղրեցիներին այսօր այլ հարց է մտահոգում: Համայնքների օպտիմալացման ծրագրով Մեղրի և Ագարակ քաղաքները պետք է դառնան մեկ համայնք: Այն դեպքում, երբ քաղաքներն իրարից հեռու են 12 կմ: Բնակիչները դեմ են, ասում են չենք թողնի: Քաղաքների միացման հարցի շուրջ մեղրեցիները 10-ից ավելի քննարկումներ են կազմակերպել: Եկել են այն կարծիքին, որ անիմաստ է և անհնար` շատ ծրագրեր կյանքի չեն կոչվի: Մեղրեցիներն ասում են. սա երկրի հարավային անառիկ դարպասն է, ոչ ոքի չեն ուզում միանալ, իրենց խնդիրներն իրենք կլուծեն: Միայն թե քարտեզում հարավային դարպասի տեղը չփոխվի:

 Սա Մեղրին էր առաջին հայացքից: Դժվարությունները մեղրեցիների առօրյա կյանքի միայն մի մասն է: Տարվա եկամուտը ստանում են հողից, բնությունն այստեղ այդքան էլ քմահաճ չէ: Արքայախնձորը, նուռը և թուզը մեղրեցու հաջողություններն են: Երևանից, նույնիսկ Վրաստանից ու Իրանից գալիս են գնում տոննաներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել