Թող ինձ ներեն քո աչքերը,
Եվ շուրթերդ թող ինձ ներեն,
Քանզի միայն հեռանում եմ ես քեզանից
Ու… չեմ լքում ամենևին:
Մոտ է հիմա այն ճանապարհը, որը գալարվում է օրերի քաոսում ու մոտենում վերջնագծին: Անհնարին երկար է թվում այն ժամանակը, որն անցնելու է առանց ինձ աչքերիդ մեջ սուզվելու հնարավորություն տալու:
Անհնարին է և այս կարոտը, որը երկնքի պես եզրեր չունենալով անելք և անկարևոր է դարձնում բաժանման մոտեցումը: Առանց քեզ… Ու միթե էական է երկրագնդի որ անկյունում եմ ես քնելու և որում` դու, եթե սիրտս ամեն զարկից վեր է թռչելու ու վազելու գիրկդ` անհյուրընկալ, անկարոտ, բայց` հարազատ և ցանկալի…
Հիմա մոտ են այն վայրկյանները, երբ ես վախենալով եմ շունչ քաշելու և ամեն րոպե պայքարելու եմ հիմար մտքերի դեմ: Ինձ չի հերիքում քո շունչը վերջին անգամ զգալը, քեզ հրաժեշտ տալու, քեզ գրկելու, համբուրելու սպանիչ պահանջը և այն միտքը, որ դու սպասելու ես իմ վերադարձին: Գուցե և ոչ… Հիմա ինձ պետք էր լսել քո ձայնը, զգալ քեզ կողքիս և «քեզ ի՞նչ բերեմ» հարցիս` «քեզ ու շատ շուտ» պատասխանը…
Անկարևոր են բոլոր խոսքերը, լռությունը` առավել ևս:
Կարճ թե երկար, հեռու թե մոտ. կարոտ է: Կարոտ մտքի, կարոտ սրտի, ձեռքերի, կարոտ բույրի…
Հ.Գ. Ես գնում եմ, իսկ դու չեկար:
Կկարոտե՞ս…