Մի հպանցիկ հայացք ձգելով նոր կառավարության նախարարական պորտֆելների նվիրատվության պրոցեսին, ակամայից հիշում եմ «Կարգին հաղորդման» այն սկետչը, որտեղ նման արտահայտություն է հնչում՝ «Ապեր ես էլ եմ կնգադ հետ եղել, ինձ էլ չայ կտա՞ս»: Չխորանալով նյուանսների մեջ հպանցիկ անդրադառնամ նախարարական պորտֆելներ ստացած կամ վերստացած որոշ անձանց.
Քաղաքաշինության նախարար է նշանակվել Նարեկ Սարգսյանը, ով բավականին մեծ սկանդալների արդյունքում ազատվեց Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից, իր պաշտոնանկությունը պատճառաբանելով իր բարի կամքի դրսևորումով, որ իբր նա հեռանում է՝ իր տեղը զիջելով երիտասարդ սերնդին: Վերոնշյալ անձից զզված հասարակությանը դեռևս չէր հասցրել վայելել նրա պաշտոնանկության բերկրանքը, երբ հայտարարվեց, որ նրա համար հորինվել է մի նոր պաշտոն՝ «կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ» բարձրագոչ անվանմամբ:
Հասմիկ Պողոսյանը վերանշանակվել է իր պաշտոնում. ինչո՞ւ: Չէ՞ր կարելի նշանակել մեկին, ով թեկուզ ՀՀԿ-ից է,բայց իր քաղաքական գործունեության ընթացքում չի հայտնվել որևէ քաղաքական կամ քաղաքացիական սկանդալի կիզակետում: Հասմիկ Պողոսյանը ևս իր պաշտոնավարման արդյունքում հայտնվել է մի շարք սկանդալների կիզակետում, ընդ որում դրանցից որոշները եղել են ճղճիմ, քաղքենիական, քյաբաբային մակարդակում:
Էդուարդ Նալբանդյան. Էդուարդ Նալբանդյանը այն արտգործնախարարն էր ում քթի տակ Հունգարիան ռամիլ սաֆարով ոճրագործին արտահանձնեց ադրբեջանին, ընդ որում այդ գործընթացը կայծակնային արագությամբ զարգացող գործընթաց չէր, իր հանգուցալուծումը ստացել էր ադրբեջանի ու Հունգարիայի բավականին երկար քաղաքական ֆլիրտի արդյունքում ու վերոնշյալ անձնավորությունը ահագին երկար ժամանակ ուներ՝ տեղյակ լինելու այդ պրոցեսի սկսելու, զարգացման ու հանգուցալուծման մասին: Այս արտգործնախարարի գործունեության հետ են կապվում մի շարք երկրների հետ դիվանագիտական անիմաստ հարաբերությունների ստեղումը, ինչպիսիք են Զիմբաբվեն, Սվազիլենդը և այլ դեռևս աբորիգենային հասարակություն ու հանիբալիզմը, որպես կացութաձև իրենց մեջից չհանած պետություններ:
Հրանուշ Հակոբյան. «Իմ պաշտոնը ես եմ հորինել». Սփյուռքի նախարարություն կոչվող գերատեսչությունը իր ստեղծման օրից չի ունեցել իմաստ: Նույնիսկ չեմ մեղադրում Հրանուշ Հակոբյանին այդ գերատեսչությունը սխալ ղեկավարելու մեջ, քանզի մի գերատեսչության ստեղծումը և սխալ ղեկավարումը, որի գործառույթը կայանում է ամռանը սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանում «ման տալու» մեջ, ոչ թե իր,այլ ուրիշ այլ անմեղսունակների մեղավորությունն է: Կարելի էր այս նախարության փոխարեն սովետական «Ինտուրիստի» մոտիվներով պետական տուրիստական գործակալություն բացել ու վերջ, քանզի ես չեմ հիշում մի այլ գործառույթ, որ այս գերատեսչությունը իրականացրել է իր կենսագործունեության բոլոր տարիների ընթացում։
Գալուստ Սահակյան. հայոց քաղաքական մտքի ռահվիրան, ինչպես մի անգամ նշել եմ հոդվածներցս մեկում: Լուրեր են պտտվում Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ նշանակելու մասին: Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ նշանակելու դեպքում մի շարք իրենց հարգող ՀՀ քաղաքացիներ, ուղղակի չդիմանալով այդ «վիրավորանքին», հնարավորության դեպքում կլքեն ՀՀ-ը ու դրանցից մեկը հնարավոր է ես լինեմ, քանզի ես, եթե ինչ որ մեկը հարցնի, թե ով է մեր ԱԺ նախագահը «ամոթից գետինը կմտնեմ», եթե պատասխանեմ, որ նա Գալուստ Սահակյանն է. լրիվ անկեղծ եմ ասում: Մնացած մեծ ու փոքր թերությունները չեմ ուզում նշեմ:
Ինչ է դուրս գալիս.հասարակական դժգոհության լայն ալիքից խուսափելու համար, ինչ որ չինովնիկ իր իսկ գործունեության արդյունքում պաշտոնանկ է արվում, բայց, հույսը դնելով ժողովրդի կարճ հիշողության վրա, Սերժ Սարգսյանը ասում է մոտավորապես այսպիսի մի բան՝ «Թող մի քիչ խախանդվի, մի բան էլ քո համար կմտածենք, դու մի քիչ ուղղակի սպասի» ու այս տրամաբանությամբ տեղի են ունենում նշանակումներ ու վերանշանակումներ: Ով Հայաստանի 3-րդ ինքնիշխան Հանրապետության հետ վարվել է որպես վերջին պոռնիկի, ստանում է ավելի բարձ պաշտոն, քան երբևէ ունեցել է: Չեմ զարմանա, եթե Սուրեն Խաչատրյանը ու Վարդան Ղուկասյանը վերադառնան քաղաքական դաշտ, արդեն ավելի լայն լիազորություններով ու բարձր պաշտոնով:
Գագիկ Մամուլյան