«Կարմիր գծանշումներով կայանատեղերի» հարցը վերջերս կրկին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, և դրա համար մի աղմկահարույց առիթ կա. բանն այն է, որ այդ կայանատեղերում մեքենան կայանելու իրավունք չունեցող, բայց կայանող վարորդները կամ մեքենայի սեփականատերերը ստացել են բազմաթիվ տուգանքներ, որոնք չմուծելու հետևանքով սառեցվել են նրանց բանկային հաշիվները՝ ԴԱՀԿ-ի (դատական ակտերի հարկադիր կատարման) կարգադրությամբ (ինչպես այսօր տեղեկացրեցին բանկից): Արժե մեկ անգամ ևս հիշել, որ կարմիր գծերով կանգառների գործը, ինչպես հայտնում են ժողովրդական աղբյուրները, պատկանում է ԴԱՀԿ-ի ղեկավարությանը:
Բայց այս ամենը մի կողմ. այս գրառման նպատակն է բերել փաստեր ընդդեմ կարմիր գծանշումներով կայանատեղերի լեգալ և լեգիտիմ լինելը հիմնավորող փաստարկների:

Փաստարկ 1. «Ընկերությունը հանրային ծառայություն է մատուցում վարորդներին, որի համար նրանք պետք է վճարեն»: Փաստ՝ ոչ մի վարորդի հետ ծառայության մատուցման պայմանագիր կնքված չէ, մինչդեռ նույնիսկ հանրային ծառայությունները մատուցվում են պայմանագրի հիման վրա: Հակառակ դեպքում դա դառնում է քաղաքացուն պարտադրված ծառայություն, ինչը հակասում է օրենքին:

Փաստարկ 2. «Կարմիր գծերով կայանատեղերի միջոցով կարգավորվում է ոլորտը»: Փաստ՝ դրա միջոցով ոլորտը ոչ թե կարգավորվում է, այլ կենտրոնացվում, սեփականաշնորհվում և մասնավորեցվում, ինչը կարգավորման հետ կապ չունի, քանի որ կարգավորելու բան էլ չկա, լայն իմաստով:

Փաստարկ 3. «Ընկերությունն իրականացնում է մեքենաների տեսագրում, ինչով ապահովում է մեքենաների անվտանգությունը»: Փաստ՝ մեքենաների տեսաձայնագրումը չի ապահովում մեքենաների անվտանգությունը: Դուք կարող եք տեսագրել՝ ինչպես մի մեքենա հարվածեց իմ մեքենային և հեռացավ, կամ ինչպես մեկը կոտրեց մեքենայիս ապակին և մի բան գողացավ սրահից: Բայց ինձ պետք չի, որ նկարահանեն՝ ինչպես են փչացնում կամ կողոպտում իմ գույքը, ինչ պետք է, որ իմ գույնք չփչացնեն ու չկողոպտեն: Իսկ դա ձեր տեսաձայնագրող սարքերը չեն կարող անել, այնպես որ փաստարկը մատից ծծած է:

Փաստարկ 4. «Սահմանված գումարները մատչելի են հանրությանը»: Փաստ՝ սահմանված գումարներն ու տույժերը դուրս են որևէ տրամաբանական հիմնավորումից: Մեկ ժամվա համար 100 դրամի ի՞նչ ծառայություն եք մատուցում, որ այդքան գումար եք ուզում: Չէ, ես հասկանում եմ, որ դուք վարկ եք վերցրել, տեսախցիկներ եք տեղադրել, հոսանքալարեր եք քաշել, բայց կարո՞ղ եք բացատրել, ինչի պետք է վարորդները վճարեն ձեր վարկերը: Չեք կարող: Առավել ևս որ այդ տեսախցիկները, ինչպես ցույց տրվեց վերը, ոչ մի բանով վարորդներին չեն օգնում: Դրա փոխարեն կենդանի պառկովշիկներն ավելի լավ էին ապահովում մեքենայի անվտանգությունը: Հետո՞ ինչ, որ հանրությանը մատչելի է, դա դեռ չի նշանակում, որ հանրությունն ամեն հիմար որոշման համար պետք է վճարի: Այդ նույն տրամաբանությամբ՝ կարմիր գծանշումներով կայանատեղերի տերերի համար հաստատ մատչելի է տարեկան մի հարյուր վարորդների համար նոր մեքենա գնելը, դե թող գնեն՝ միայն այն հիմնավորմամբ, որ դա իրենց համար մատչելի է:

Փաստարկ 5. «Քաղաքապետարանը ոչ մի բողոք չի ստացել»: Փաստ՝ ավելի քան 6 ամիս է, ինչ բոլոր լրատվականներում ու սոցիալական մի քանի ցանցերում գրվում-հիմնավորվում-ապացուցվում է կարմիր գծանշումներով կայանատեղերի մասին որոշման ոչ լեգալ և ոչ լեգիտիմ լինելը, այնպես որ, քաղաքապետարանը, եթե հանրային շահի մասին է մտածում, ոչ թե մասնավոր շահի, չի կարող այդ փաստը չիմանալ: Եվ երկրորդ փաստը՝ վարորդի գործը բողոքելը չէ, քաղաքապետարանի գործն էլ բողոքներ սպասելը չէ: Այնպես եք ասում՝ բողոք չենք ստացել, կարծես բողոք ստանալուն պես ձեզ կոտորում եք խնդիրը լուծելու համար:
Եթե մինչև հիմա էլ կարծում եք, որ բողոք չեք ստացել, ապա այս գրառումս պաշտոնապես համարեք Բողոք N1:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել