Newsbook.am-ը գրում է.

Եվ այսպես, Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել Հայոց Ցեղասպանության մասին հայտարարությամբ, որտեղ ցավակցել է Ցեղասպանության զոհերի թոռներին.  «Մեր հայ քաղաքացիների ու աշխարհում գտնվող ամբողջ հայերի համար մի հատուկ նշանակություն կրող ապրիլի 24-ը, մի պատմական խնդրի վերաբերյալ մտքերը ազատորեն բաժանման համար մի արժեքավոր առիթ է ներկայացնում:

Օսմանյան կայսրության վերջին տարիները, ինչ որ կրոնական ու ցեղային արմատ կկրեն, թրքական, քրդական, արաբական, հայկական և այլ միլիոնավոր Օսմանյան քաղաքացիների համար ցավերով լի, մի դժվար ժամկետ լինելուն անհերքելի է: Մի արդարացի մարդկային ու խղճմտորեն կեցվածքը, կրոնական ու ցեղային արմատ չդիտելով այս շրջանում տեղի ունեցած բոլոր ցավերը հասկանալուն հարկավոր կանի:

Բնականաբար ոչ մի ցավերը հիերարխիա կառուցումը ոչ էլ ցավերը իրար հետ համեմատումն ու մրցությունը ցավի ենթակայի համար մի իմաստ չի արտահայտի: Ինչպես մեր նախնիները ասացին՝ «կրակը կվառի իր ընկած տեղը»:

Մինչ սոցցանցերի տիրույթում հայ օգտատերերը փորձում էին ենթադրություններ անել և գնահատականներ տալ թուրք քաղաքական գործչի այս հայտարարությանը, ժամեր անց մեդիայից կախվեց մեկ այլ տեղեկություն՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է կառավարության կողմից պաշտոնապես տարածված իր ապրիլքսանչորսյան ուղերձին: Եվ պատկերացրեք, Էրդողանը ժամեր առաջ տարածած սրտաճմլիկ տեքստի բովանդակությանն այնպիսի համուհոտ էր հաղորդել, որ նախորդի իմաստային բովանդակությունից ոչինչ չէր մնացել: Էրդողանը պարզապես հավելել է, որ ցավակցական ուղերձը վերաբերում է ոչ միայն հայ զոհերի թոռներին, այլև նույն ժամանակաշրջանում մահացած օսմանցի մյուս քաղաքացիների` թուրքերի, բոսնիացիների, ալբանացիների և լազերի թոռներին:

Բոլորի զոհերի հոգիներին հանգստություն մաղթելով` Էրդողանը նշել է, որ «հիշատակման միջոցառումները երբեմն օգտագործվում որպես շահագործման միջոց աշխարհում», ինչին իրենք դեմ են: Թուրքական դարավոր դիվանագիտության փայլուն օրինակ, որով Թուրքիան մշտապես կարողացել է տարածաշրջանում և միջազգային ատյաններում պահպանել հավասարակշռությունն ու չոր դուրս գալ ցանկացած կեղտաջրից:

Սակայն Էրդողանի՝ թուրքական դիվանագիտական հնարքների կիրառումն ուշագրավ է նաև նրանով, որ նա իր երկու հայտարարություններով Եվրոպային ցույց է տալիս, որ ինքը բռնված է հումանիզմի նոպայով, միևնույն ժամանակ՝ երկխոսության գնդակն, ըստ էության, ուղարկված է Սերժ Սարգսյանի դարպաս՝ ինքն արդեն ցավակցել է. ուրիշ բան, որ ժամեր անց այնպես է հերքել ցավակցությունը, որ այդ լղոզվածության համապատկերում դժվար է հասկանալ՝ շիլան ձկի՞ց էր, թե՞ մսից:

Մարինա Բաղդագյուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել