1in.am-ը գրում է.

Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը նամակ է հղել Թուրքիայի ժողովրդին, որը հրապարակել է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը։ 

Ստորև ներկայացնում ենք նամակի ամբողջական տեքստը.

«Ես հոգնել եմ իմ զայրույթից: Միշտ հավատացած էի, որ եթե դուք հասկանայիք այն, ինչ ես գիտեմ, ինձ պես կզգայիք: Կմտածեիք, որ արդեն բավական է, և ժամանակն է հաղթահարել անցյալը:

Բայց և այնպես անկարելի է հաղթահարել:

Ես մի խոստում եմ տվել շատ հայերի նման և չեմ կարող դրժել այդ ուխտը, քանի որ այն միշտ կհալածի ինձ:

Ես այս ուխտը պահել եմ` տեսնելով բնաջնջումը Կամբոջայում, նախկին Հարավսլավիայում, Ռուանդայում… շատ տարբեր վայրերում այն բանից հետո, ինչ մենք ասել էինք, որ կսովորենք, երդվել էինք, որ Ցեղասպանություն այլևս չպետք է լինի:

Նաև տեսել եմ ձեր քաղաքացիական հասարակության` հանդուգն կերպով ոտքի կանգնելը և ճշմարտությունն ասելը: Ականատեսն եմ, թե ինչպես սպանվեց Հրանտ Դինքը, քանի որ նա հետևեց այն կտակին, որը յուրաքանչյուր հայ պարտավորություն ունի պահելու:

Մենք երբեք խաղաղություն չենք ունենա առանց ճանաչումի այն հրեշային ոճրի, որը շարունակվում է ժխտման և անտարբերության միջոցով:

Մենք հանձն ենք առել հիշել այն, սակայն ոճիրը շարունակում է բաց վերք մնալ ճիշտ այն հողի վրա, որտեղ իրագործվել է ոճիրը:

Ես սաստիկ հոգնել եմ ձեր կառավարության սարսափելի ժխտումից, սաստիկ հոգնել եմ նրանից, որ չեմ կարողանում առաջ շարժվել: Սակայն չունեմ այլընտրանք, քան ուժասպառ լինելս ընդունելն է:

Մի ամբողջ դար ձեր կառավարությունը պարտադրել է այս ժխտումը ձեզ: Երբեք գոյություն չպիտի ունենան հանձնաժողովներ «իրականությունը բացահայտելու» համար, և մենք հետաքրքրված չենք տեսնելու ձեր բաց արխիվները: Մենք իրականությունը գիտենք մեծ թվով ականատեսների շնորհիվ, մենք տեսել ենք պատերազմի ձեր մեղսակիցների արխիվները, լսել ենք աշխարհի բոլոր ցեղասպանատգետների և Հոլոքոստի գիտնականների իմաստուն խորհուրդը:

Այսօր ձեզնից միայն խնդրում եմ, որ անեք այն, ինչ ձեզնից հասնում է. հարցրեք ձեր կառավարությանը շարժառիթները և ընդվզեք այս յուրահատուկ մարտահրավերին ընդառաջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել