Աշխարհում պոտենցիալ բախման թեժ կետերից մեկը մնում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը: Չինաստանի և Ճապոնիայի միջև չի դադարում Արևելաչինական ծովում գտնվող՝ բնական ռեսուրսներով հարուստ երեք անմարդաբնակ կղզիների (ավելի հայտնի որպես Սենկակու կղզիներ) շուրջ ծավալված տարածքային վեճը: Երկու երկրների միջև այս վեճն արդեն տևում է ավելի քան 40 տարի, երբ ԱՄՆ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրավված այդ տարածքները հանձնեց Ճապոնիային, որը Չինաստանն այդպես էլ չմարսեց:
Ինչևէ, ժամանակի ընթացքում Չինաստանի հզորանալուն զուգընթաց, Պեկինը ավելի հաճախակի է սկսել խոսել այս կղզիների հանդեպ իր հավակնությունների մասին, որը բնավ դուր չի գալիս ո´չ ԱՄՆ-ին, ո´չ էլ առավել ևս Ճապոնիային: Չինաստանն անցած տարվա նոյեմբերին նույնիսկ որոշումում կայացրեց Ճապոնիայի հետ Արևելաչինական ծովում վիճահարույց տարածքների շուրջ օդային պաշտպանության նույնականացման գոտի ստեղծել, որը խստորեն դատապարտեց ԱՄՆ-ն՝ ի դեմս այդ երկրի Պաշտպանության նախարար Չաք Հեյգելի: Ընդամենը մի քանի օր առաջ, երբ վերջինս պաշտոնական այցով գտնվում էր Չինաստանում, անդրադարձել էր նաև այդ հարցին: Ճապոնիան, սակայն, կարծես ևս ձեռքերը ծալած չի նստում, և իր հերթին փորձում է ընթացող զարգացումներից որոշակիորեն ապահովագրել ինքն իրեն:
Վերջին 40 տարիների ընթացքում Ճապոնիան առաջին անգամ ընդլայնում է իր ռազմական ներկայությունը վիճելի կղզիներում: Այդ երկրի պաշտպանության նախարար Իձունորի Օնոդերան հայտարարել է, որ Յոնագունիյում (Yonanguni) իրենք ձեռնամուխ են լինում նոր ռադարային համակարգի կառուցմանը, որն իբր պետք է որոշակիորեն չեզոքացնի Չինաստանից եկող պոտենցիալ վտանգը` իր մոնիտորինգային և հետախուզական հնարավորություններով: Ճապոնացի նախարարի խոսքերով, չի բացառվում, որ նմանատիպ համակարգեր կառուցվեն նաև մի շարք այլ մոտակա կղզիներում:
Այժմ մի շարք փորձագետներ կարծում են, որ սա կարող է լրջորեն նյարդայնացնել Չինաստանին: Ինչ խոսք, Չինաստանը բազմիցս նշել է, որ Ճապոնիայի հետ վիճելի կղզիների, ստորջրյա ժայռերի և ծովային սահմանների շուրջ ձևավորված խնդիրներն իրենք պատրաստ են լուծել բանակցային եղանակով, բայց մյուս կողմից, հաշվի առնելով ներկայիս միջազգային գործընթացներն ու ուժային վերադասավորումները, շատ դժվար է ասել, թե Չինաստանը դեռ ինչքան է պատրաստ հաստատակամ մնալ իր սկզբունքներին: Ճապոնիան այսօրվա դրությամբ միանշանակ պատրաստ չէ միայնակ դիմակայելու չինական ագրեսիային: Ասեմ ավելին, Չինաստանի և Ճապոնիայի ռազմական հնարավորությունները պարզապես համեմատելի էլ չեն: Ճապոնիայի միակ հույսն ու ապավենը ԱՄՆ-ի՝ առայժմ բացարձակ գերիշխանությունն է տվյալ տարածաշրջանում: Մյուս կողմից, սակայն, ինչպես քիչ առաջ ասացի, վերջին զարգացումները աշխարհում կարող են իրենց ուղղակի ազդեցությունն ունենալ Չինաստանի քաղաքականության վրա: Աշխարհը տեսավ, թե ինչ արեց ԱՄՆ կամ էլ, պատկերավոր ասած, Արևմուտքը, երբ Ռուսաստանը բոլորի աչքի առջև իրեն միացրեց Ղրիմը: Իսկ Չինաստանը Ռուսաստանից պակաս հնարավորություններ չունի, որպեսզի կարողանա իր «հարցերը» լուծել:
Հուսանք, բանը դրան չի հասնի: Ի վերջո, եթե այդ հավանական բախումը չի լինելու մեր տարածաշրջանում, ապա դա դեռ չի նշանակում, որ դրա հետևաքները մեզ վրա ոչ մի անդրադարձ չեն ունենալու: Չմոռանանք, թե ինչ փոխկապակցված աշխարհում ենք մենք ապրում…