1.3 մետր հասակով այս գիրուկի անունը Դարիուս է: Նա գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ իբրև աշխարհի ամենամեծ ճագար: Նրա տերը Մեծ Բրիտանիայի Վուսթեր քաղաքի 62-ամյա բնակիչ Անետ Էդվարդսն է: Էդվարդսն ասել է, որ իր ճագարն օրը 12 գազար է ուտում, այսինքն՝ տարեկան ավելի քան 4000 գազար: Դարիուսն ուտում է նաև խնձոր, կաղամբ և այլ բանջարեղեն: Ամսվա կտրվածքով այս ճագարն ուտում է 360 գազար, 30 խնձոր և 15 կաղամբ: Հենց այդ պատճառով էլ Անետը ցանկանում է դիետայի նստեցնել իր ճագարին: Դարիուսի սննդի վրա տարեկան 4000 դոլար է ծախսվում:

Այս լուսանկարում Դարիուսը պատկերված է Անետ Էդվարդսի ընկերուհու աղջկա՝ 6-ամյա Միայի հետ:

Դարիուսը մոտավորապես 23 կգ է:

Տիկին Էդվարդսը սովոր է մեծ ախորժակ ունեցող ճագարներ խնամել: Նախկինում նա խնամում էր Դարիուսի մայր Էլիսին, որը համարվում էր աշխարհի ամենամեծ ճագարը, նախքան Դարիուսը կգերազանցեր մոր սահմանած ռեկորդը: Էդվարդսն ուղղակի ապշած էր՝ տեսնելով, թե ինչ ապշեցուցիչ արագությամբ էր նորածին Դարիուսը մեծանում: Նա չէր կարծում, որ ծնվելուց 5 տարի անց Դարիուսը կհռչակվի աշխարհի ամենամեծ ճագարը: Դարիուսը հսկա ճագարների ընտանիքից է, սակայն նա գերազանցել է իր նախնիներին և համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ճագարը: Նրա չափերը պարզապես ապշեցուցիչ են: Հարցազրույցներից մեկի ժամանակ Էդվարդսն ասել է. «Եթե Դարիուսին մնար, նա անդադար կուտեր: Նա չափազանց շատակեր է: Ես ստիպված եմ լինելու հետևել, որ Դարիուսը չափավոր սնվի: Իմ ճագարը շատ լավ բնավորություն ունի, ուստի ես չեմ կարողանում շատ բարկանալ նրա վրա, երբ նա փորձում է հարկ եղածից ավելի շատ սնունդ թռցնել»:

Տիկին Անետն ասել է, որ Դարիուսը շատ ակտիվ է: Այդ ակտիվությունը լավ է անդրադառնում նրա առողջության վրա: «Բարեբախտաբար, նա սիրում է ողջ ժամանակ ցատկոտել: Ես ստիպված էի երեխաների համար նախատեսված դարպաս տեղադրել, որպեսզի նա աստիճաններով չբարձրանա: Ես նրան շան պես եմ վերաբերվում: Նա անգամ ինձ հետ նստում է բազմոցին՝ հեռուստացույց դիտելու համար»:


Մարդիկ սիրում են այցելել Էդվարդսի տուն՝ Դարիուսին տեսնելու: Նա շատ շներից ավելի մեծ է: Էդվարդսի ընտանիքի բոլոր անդամները սիրում են Դարիուսին: Նրա աչքերում ինչ-որ չարաճճիություն է կայծկլտում: Երբ Էդվարդսին հարցրել են, թե ինչպես է նրան հաջողվել այսքան գիրացնել Դարիուսին, վերջինս պատասխանել է. «Ոչ մի գաղտնիք չկա: Ես պարզապես շատ լավ եմ խնամում նրան ու երես եմ տալիս գազարներով»:

Մայրցամաքային հսկա ճագարները սովորաբար ապրում են 4-5 տարի, սակայն լավ խնամքի դեպքում կարող են մինչև 7 տարի ապրել: Այս ճագարները համարվում են հնազանդ, ջերմ ու խելացի կենդանիներ: Նրանք հանգիստ են զգում իրենց մարդկանց կողքին, եթե մարդկանց միջավայրում սոցիալիզացիան տեղի է ունենում վաղ տարիքում:




