Այսօր մեծանուն ռուս հեղափոխական, քաղաքական և պետական գործիչ Լենինի ծննդյան օրն է. ապրիլի 22, 1870, Սիմբիրսկ – հունվարի 21, 1924, Մոսկվա
Հիշենք Մեծերին: ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, Փառք ու պատիվ:
Լենինը ռուս քաղաքական և պետական գործիչ է, մարքսիզմի տեսաբան, աշխարհում առաջին սոցիալիստական հեղափոխության առաջնորդը և առաջին բանվորագյուղացիական պետության (1917–22 թթ-ին` Խորհրդային Ռուսաստան, 1922–24 թթ-ին` Խորհրդային Միություն) հիմնադիր-ղեկավարը:
Լենինը 1887 թ-ին ընդունվել է Կազանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց դեկտեմբերին ուսանողական ցույցերին մասնակցելու համար հեռացվել է և աքսորվել: 1891 թ-ին ավարտական քննություններ է հանձնել Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1893 թ-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, մասնակցել «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը և ձերբակալվել: 1897 թ-ին 3 տարով աքսորվել է Ենիսեյան նահանգի Շուշենսկոյե գյուղ: 1900 թ-ին մեկնել է արտասահման. փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Գեորգի Պլեխանովի և ուրիշների հետ սկսել է «Իսկրա» («Կայծ») թերթի տպագրությունը: Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) 2-րդ համագումարում (1903 թ.) ստեղծել է բոլշևիկների կուսակցությունը:
1907 թ-ից տարագրվել է: 1917 թ-ին վերադարձել է Պետրոգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) և առաջադրել «Ապրիլյան թեզիսները»՝ սոցիալիստական հեղափոխության կուրսը (մարտավարությունը և ռազմավարությունը): Նույն տարվա հոկտեմբերին ղեկավարել է զինված ապստամբությունը: Խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարում (հոկտեմբերի 25) ընտրվել է խորհրդային առաջին կառավարության՝ ժողկոմխորհի նախագահ, միաժամանակ, 1918 թ-ից Բանվորագյուղացիական պաշտպանության խորհրդի նախագահն էր, Համառուսաստանյան կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), հետագայում՝ նաև ԽՍՀՄ ԿԸՀ-ի անդամ:
1918 թ-ից ապրել է Մոսկվայում, որը նույն թվականի մարտից` ՌԽՖՍՀ, իսկ 1922 թ-ից ԽՍՀՄ մայրաքաղաքն էր: Վճռորոշ դեր է խաղացել Ռուսաստանի և Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև Բրեստի խաղաղության պայմանագիրը (1918 թ-ի մարտի 3-ին) կնքելիս: Նույն օրը ծանր վիրավորվել է ահաբեկչական գործողության հետևանքով: Քաղաքացիական պատերազմի (1918–20 թթ.) տարիներին եղել է «ռազմական կոմունիզմի» քաղաքականության գլխավոր նախաձեռնողը: Հավանություն է տվել հակահեղափոխության և նենգադուլի դեմ պայքարի համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի ստեղծմանը, որը բռնի միջոցներով անզիջում պայքար էր ծավալելու՝ վերացնելու համար ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց մամուլի օրգանները: Այդ քաղաքականությունը հանգեցրեց միակուսակցական համակարգի առաջացմանը, ընդդիմադիր անվանի մտավորականների արտաքսմանը երկրից: Ռուսաստանում սկսված սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամը հաղթահարելու նպատակով 1921 թ-ին որդեգրել է նոր տնտեսական քաղաքականություն, որը հնարավորություն էր տալիս մասամբ ազատականացնել նյութական արտադրության ոլորտը:
1922 թ-ին հիվանդացել է և այլևս չի մասնակցել երկրի քաղաքական կյանքին:
Լենինը Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի գաղափարների հավատարիմ հետևորդն էր և ձգտել է դրանք կիրառել Ռուսաստանի հասարակական զարգացման խնդիրները լուծելու համար: Ընդունելով ռուս մարքսիստների տեսակետն այն մասին, թե երկիրը թևակոխել է զարգացման կապիտալիստական ուղի, նա պաշտպանել է բուրժուադեմոկրատական հեղափոխության անհրաժեշտությունը Ռուսաստանում և նրա վերափոխումը սոցիալիստական հեղափոխության:
Հեղափոխական պայքարի հիմնական միջոցը Լենինը համարել է պրոֆեսիոնալ հեղափոխականների կուսակցության ստեղծումը՝ ի տարբերություն դումայական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների:
Առաջ է քաշել կապիտալիզմի զարգացման բարձրագույն՝ իմպերիալիզմի փուլին անցնելու գաղափարը և դրա հիման վրա եզրակացրել, որ Եվրոպայի առաջավոր երկրները հասունացել են համաշխարհային սոցիալիստական հեղափոխության համար, որը պիտի սկսի Ռուսաստանը՝ որպես համաշխարհային իմպերիալիստական համակարգի ամենաթույլ օղակ: Խորհրդարանական ժողովրդավարության փոխարեն պաշտպանել է պրոլետարիատի (չունևոր բանվոր դասակարգ) դիկտատուրան՝ որպես սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման գործիք:
Լենինի մահվանից հետո նրա մշակած տեսությունը ԽՍՀՄ-ում և մի շարք սոցիալիստական երկրներում կանոնակարգվել և կոչվել է լենինիզմ:
Լենինի հիմնական երկերն են «Ի՞նչ են «ժողովրդի բարեկամները», և ինչպե՞ս են նրանք պայքարում սոցիալ-դեմոկրատների դեմ» (1894 թ.), «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» (1899 թ.), «Ինչ անել» (1902 թ.), «Մեկ քայլ` առաջ, երկու քայլ՝ հետ» (1904 թ.), «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» (1908 թ.), «Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա» (1916 թ.), «Պետություն և հեղափոխություն», «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ» (երկուսն էլ` 1917 թ.), «Նամակ համագումարին» (1922 թ.), «Էջեր օրագրից», «Կոոպերացիայի մասին», «Մեր հեղափոխության մասին» (երեքն էլ՝ 1923 թ.) և այլն:
Լենինը անձնական և նամակագրական կապեր է ունեցել ճանաչված հայ մարքսիստներ Իսահակ Լալայանցի, Բոգդան Կնունյանցի, Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի և ուրիշների հետ:



