ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի 5-րդ հոդվածում գրված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիո հաղորդումների լեզուն գրական հայերենն է: Բայց այսօրվա հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների եթերում ոչ միայն չի հնչում գրական հայերենը, այլ կարծես միտումնավոր արվում է ամեն ինչ, որ մեր մատաղ սերունդը չլսի գրական ու մեսրոպյան հայերենը: Օտարների մոտ ամեն պատեհ-անպատեհ առիթ օգտագործում ենք պարծենալու համար, որ մեր լեզուն աշխարհում ամենահինն է, ամենագեղեցիկն է, պատմում ենք, թե ինչ չարչարանքներ են կրել Մաշտոցն ու իր աշակերտները`Հայոց ոսկեզօծ տառերը ստեղծելու ժամանակ: Ինչի՞ համար ստեղծվեցին մեր տառերը, մեր լեզուն ու գրականությունը, երբ այսօր հեռուստաեթերից հնչում են ժարգոնային ու փողոցային բառեր, անգրագետ ու ոճական առումով սխալ կառուցված նախադասություններ,ինչու ենք ամաչում hայերեն խոսելուց: Մի՞թե այսքան քննադատություններից հետո հնարավոր չէ հեռուստաեթերի լեզուն ենթարկել փոփոխության, ֆիլմերի, սերիալների ու հաղորդումների սցենարները գրել ավելի գրագետ: Գուցե այս ամենը ձեռք է տալիս ոլորտի պատասխանատուներին, եթե ոչ, ապա ինչո՞ւ չեն ձեռնարկվում համապատասխան միջոցներ եթերից ավելի գրագետ hայերեն հնչեցնելու համար: Այսօր հեռուստատեսությունը ամենաազդեցիկ միջոցներից մեկն է և եթերից հնչած ամեն տափակ ու գռեհիկ արտահայտություն րոպեներ անց փողոցում լսում ենք երեխաների շուրթերից: Ինչո՞ւ ենք թույլ տալիս աննկատ խեղման ենթարկել մեր մատաղ սերնդին, ո՞վ է այս ամենի համար պատասխանատվություն կրելու, ինչո՞ւ որևէ հեռուստաընկերության տնօրեն կամ հաղորդավար չի ենթարկվում վարչական կամ քրեական պատասխանատվության`եթերից հայերենը բնաջնջելու և մեզ անգրագիտության դրդելու համար: Գուցե այս ամենը ծանոթ–բարեկամի միջոցով եթերում կադրից դուրս հայտնված, համակարգի հետ բացարձակապես կապ չունեցող,անգրագետ և եթերային էթիկային չտիրապետող «հաղորդավարների» մեղավորությունն է, երբ տաղավարում սկսում են «տնական» ձևով ու առօրեա բառապաշարով զրուցել հյուրերի հետ: Իսկ ինչի համար են ամեն տարի տարբեր բուհերի Ժուռնալիստիկայի բաժինները պատրաստում հարյուրավոր մասնագետներ,երբ նրանց փոխարեն եթերում հայտնվում են «աստղեր» կոչված կիսագրագետ երգիչ-երգչուհի-դերասանները և սղոցում մեր նյարդային համակարգը: Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կոչ ենք անում չմոռանալ և պահպանել մեր լեզուն, իսկ ինչո՞ւ մենք մեր Մայր հողում չենք հետևում այդ պատգամին և մեր սուպերմարկետները և առևտրի կենտրոնները անվանում ենք Սթար, Սիթի և այս ամենը գրում ենք օտար լեզվով ու շատ մեծ տառերով: Մի՞թե մենք չունենք գեղեցիկ հայեցի անվանումներ այդ կենտրոնները կոչելու համար օրվա ընթացքում անընդհատ գովազդում ենք եթերում օտար լեզուն և օտարի բառերը: Ո՞ւմ ենք այս ամենով փորձում հաճոյանալ,էլ ո՞ւր մնացին մեր Աճարյանի, Այտնյանի, Եզեկյանի և այլ մեծերի չարչարանքները,որոնք միտված են եղել Հայոց լեզվի պահպանմանն ու կատարելագործմանը: Մենք հանգիստ կարող ենք շունչ քաշել միայն այն ժամանակ, երբ էկրաններից այլևս չհնչեն սենց, տենց, քո ինչ գործ բառերն ու բառակապակցությունները: Եկեք խոսենք հայերեն և դրա համար չամաչենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել