Ինչի՞ համար են ԲՈՒՀ-երը լրագրողներ պատրաստում, եթե նրանց փոխարեն եթերը լցնելու են կիսագրագետ երգիչ-երգչուհի-դերասանները


15:30 , 19 հուլիս, 2012

ՀՀ  Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի 5-րդ հոդվածում գրված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիո  հաղորդումների լեզուն գրական հայերենն է: Բայց այսօրվա հանրային և  մասնավոր հեռուստաընկերությունների եթերում ոչ միայն չի հնչում գրական հայերենը, այլ կարծես միտումնավոր արվում է ամեն ինչ, որ մեր մատաղ սերունդը  չլսի  գրական ու մեսրոպյան հայերենը: Օտարների մոտ ամեն պատեհ-անպատեհ առիթ օգտագործում ենք պարծենալու համար, որ մեր լեզուն աշխարհում ամենահինն է, ամենագեղեցիկն է, պատմում ենք, թե ինչ  չարչարանքներ են կրել  Մաշտոցն ու իր աշակերտները`Հայոց ոսկեզօծ տառերը ստեղծելու ժամանակ: Ինչի՞ համար ստեղծվեցին մեր տառերը, մեր լեզուն ու գրականությունը, երբ այսօր հեռուստաեթերից հնչում են ժարգոնային ու փողոցային բառեր, անգրագետ ու ոճական առումով սխալ կառուցված նախադասություններ,ինչու ենք ամաչում hայերեն խոսելուց: Մի՞թե այսքան քննադատություններից հետո հնարավոր չէ  հեռուստաեթերի լեզուն ենթարկել փոփոխության, ֆիլմերի, սերիալների ու հաղորդումների սցենարները գրել  ավելի գրագետ: Գուցե այս ամենը ձեռք է տալիս ոլորտի պատասխանատուներին, եթե ոչ, ապա ինչո՞ւ չեն ձեռնարկվում համապատասխան միջոցներ եթերից ավելի գրագետ   hայերեն  հնչեցնելու համար: Այսօր հեռուստատեսությունը  ամենաազդեցիկ միջոցներից մեկն է և եթերից հնչած ամեն տափակ ու  գռեհիկ արտահայտություն  րոպեներ անց փողոցում լսում ենք երեխաների շուրթերից: Ինչո՞ւ ենք թույլ տալիս աննկատ խեղման ենթարկել մեր մատաղ սերնդին, ո՞վ է այս ամենի համար պատասխանատվություն կրելու, ինչո՞ւ որևէ  հեռուստաընկերության տնօրեն կամ հաղորդավար չի ենթարկվում վարչական  կամ  քրեական  պատասխանատվության`եթերից   հայերենը բնաջնջելու  և մեզ անգրագիտության դրդելու համար: Գուցե այս  ամենը  ծանոթ–բարեկամի միջոցով  եթերում կադրից դուրս հայտնված, համակարգի հետ բացարձակապես կապ  չունեցող,անգրագետ և  եթերային էթիկային չտիրապետող «հաղորդավարների»  մեղավորությունն է, երբ տաղավարում սկսում են «տնական» ձևով ու առօրեա բառապաշարով զրուցել հյուրերի հետ: Իսկ ինչի համար են ամեն տարի  տարբեր բուհերի Ժուռնալիստիկայի բաժինները  պատրաստում  հարյուրավոր մասնագետներ,երբ նրանց փոխարեն եթերում հայտնվում են «աստղեր» կոչված կիսագրագետ երգիչ-երգչուհի-դերասանները և  սղոցում մեր նյարդային համակարգը: Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կոչ ենք անում չմոռանալ   և պահպանել մեր լեզուն, իսկ ինչո՞ւ մենք  մեր  Մայր հողում չենք հետևում այդ պատգամին և մեր սուպերմարկետները և առևտրի կենտրոնները անվանում ենք Սթար, Սիթի  և այս ամենը գրում ենք օտար լեզվով ու շատ մեծ տառերով: Մի՞թե մենք չունենք գեղեցիկ հայեցի անվանումներ այդ կենտրոնները կոչելու համար օրվա ընթացքում անընդհատ գովազդում ենք եթերում օտար լեզուն և օտարի բառերը: Ո՞ւմ ենք այս ամենով փորձում հաճոյանալ,էլ ո՞ւր մնացին մեր Աճարյանի, Այտնյանի, Եզեկյանի և  այլ մեծերի չարչարանքները,որոնք միտված են եղել Հայոց լեզվի պահպանմանն ու կատարելագործմանը: Մենք  հանգիստ կարող ենք շունչ քաշել միայն  այն ժամանակ, երբ էկրաններից այլևս չհնչեն սենց, տենց, քո  ինչ գործ   բառերն ու բառակապակցությունները: Եկեք խոսենք  հայերեն և  դրա համար   չամաչենք: