Ուկրաինայում իրավիճակն առ այժմ չի կայունանում, բայց կարծես ինչ-որ շարժ ամեն դեպքում տեղի է ունենում: Այդ երկրի նախկին վարչապետ, սակայն իշխող «Բատկիվշինա» կուսակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ եկող շաբաթ կկազմակերպվի կլոր սեղանի շուրջ քննարկում, որտեղ ներկայացված կլինեն ամբողջ երկրից քաղաքական-հասարակական ներկայացուցիչներ, որպեսզի քննարկվի երկրում ստեղծված իրավիճակը, և դրան տրվի համապատասխան լուծում: Լավատեսություն ունենալ այս հարցում կարելի է, բայց, միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Տիմոշենկոն վերջերս ցուցաբերում է չափազանց անկայուն և փոփոխական կեցվածք:
Ընդամենը երեկ Տիմոշենկոն կոչ էր անում ԱՄՆ-ին ուղղակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, որն իր մեջ կներառեր հակատանկային և հակաօդային միջոցներ: Սրանից զատ, նա խնդրում էր նաև համապարփակ և բազմակողմանի օգնություն ԱՄՆ Կոնգրեսից: Այլ կերպ ասած՝ բացեիբաց հայտարարում էր, որ երկիրը պատերազմական իրավիճակում է, և իրենք մտադիր են «պայքարել հանուն իրենց տարածքային ամբողջականության»: Այսօր, սակայն, մոտեցումը կարծես փոխվել է: Ուրբաթ օրը Տիմոշենկոն Դոնեցկում հանդիպել էր ցուցարարների հետ և եկել այն եզրահանգման, որ փոխզիջումը հնարավոր է: Վերջինիս այսօրվա հայտարարության մեջ ասվում էր, որ ինքն առաջարկել է հենց Դոնեցկում կլոր սեղանի շուրջ քննարկման հրավիրել ցուցարարների ներկայացուցիչներին, շրջանների ներկայացուցիչներին, բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի երկիրը դուրս բերվի այս ծնար վիճակից:
Հիմա դժվար է ասել, թե ինչքանով է անկեղծ Տիմոշենկոյի վերջին այս հայտարարությունը: Գուցեև անկեղծ է: Գուցե նախորդ հայտարարությամբ Տիմոշենկոն պարզապես փորձում էր ինչ-որ երաշխիքնե՞ր ստանալ ճգնաժամի ավելի խորացման և Ռուսաստանի` դրա ուղղակի ներգրավման դեպքում: Ճիշտն ասած՝ չգիտեմ, և առհասարակ դժվար է ինչ-որ բան կանխատեսել Տիմոշենկոյի գործողություններում, քանի որ, ինչպես սկզբում նշեցի, այս գործիչը հակասական կեցվածք է դրևորում վերջին ժամանակներս. մի օր առաջարկում է բոլոր ռուսներին ատոմային զենքով ոչնչացնել, հաջորդ օրը համագործակցության կոչ է անում:
Կարճ ասած՝ ինչ-որ եզրահանգումներ անելիս այս գործոնը ևս պետք է հաշվի առնել: Անկախ ամեն ինչից, հուսանք, որ եկող շաբաթ ի հայտ կգա որոշակի դրական միտում խնդրի վերջնական կարգավորման ուղղությամբ: Ի վերջո, Ուկրաինան արդեն կամաց-կամաց վերածվում է Սիրիայի, իսկ դա թույլ տալ ոչ մի կողմին, ձեռնտու չէ: Խոսքը, ինչպես անմիջական, այնպես էլ անուղղակի կողմերին է վերաբերում: Այնպես որ, տեսնենք, թե ինչ ընթացք կունենան զարգացումները Հարության տոնից հետո: