«Աղանդ» բառը հասարակության մեջ այնքան է հոլովվել, որ ցավոք արդեն սովորականի նման է սկսվում ընկալվել: Ու քանի դեռ ինչ-ինչ եվրոպարտավորություններ մեզ ստիպում են այս ամենին եվրոակնոցներով նայել, այս կառույցները ծաղկում ու զարգանում են: Այս բառն իր ստվերի տակ է վերցրել անգամ հայրենի շոուբիզնեսի մի մասը: 

Մեր երկրում այս ամենն իրացնելու համար նրանք օգտագործում են հեռուստատեսությունը, համացանցն ու անգամ սովորական բամբասանքը: Իսկ հոգեորսություն կամ մատչելի բառով ասված` «հավաքչություն» կազմակերպելու համար կիրառում են հիմնականում հետևյալ մեթոդները` դռնեդուռ ընկնելը, Աստվածաշունչն իրենց ուզածով կոնսպեկտելն ու ներկայացնելը, իրենց հավատին անդամակցող նշանավոր անուններով գլուխ գովելն ու գրավելը, այստեղ-այնտեղ իրենց որպես ոչ աղանդ ներկայացնելը, իրենց Հայ Առաքելական եկեղեցու հետ նույնականացնելը (Հայ առաքելական եկեղեցին մերժող տարաբնույթ կրոնական կառույցներ օգտագործում են Հայ Առաքելական եկեղեցու պատկերն ու խորհրդանիշները), անգամ` աղոթելը Հայ Առաքելական եկեղեցու եղբայրների համար, առավել խորամանկները սկսել են «Մաֆիա» խաղի օրինակով մեկմեկու «գցելը», որ հոգևոր ասպարեզի սպառողների մոտ առավել լավը երևան: Եվ այսպես, աստիճանաբար, 1700 տարի քրիստոնեության գաղափարին հավատարիմ ազգին գոյության 100 տարին բոլորած կամ չբոլորած կրոնական կազմակերպությունները գալիս են ու սկսում սովորեցնել, թե ինչ է քրիստոնեությունը ու ինչպես պիտի մարդն ապրի իր հողի վրա:

«Երկնային լուսատուները» փորձում են առավել մոտենալ «Երկնային հորը»…
 
Արդեն մի քանի երկարուձիգ տարիներ պարբերաբար լրացվում ու հանրությանն են ներկայացվում շոուբիզնեսի այն աստղերի անվանացանկը, ովքեր անդամակցում են այս կամ այն կրոնական կազմակերպությանը: Նրանց ներկայացնելու ևս մեկ փորձ արեց «Փոփ հանրագիտարան» հեռուստանախագիծը, որը բում դարձավ համացանցում վերջին մի քանի օրերին: Այդուհանդերձ, այս ծրագիրն ինձ ավելի շատ հիշեցրեց արդարանալու մի յուրահատուկ ատյան. մարդկանց տրվել էր եթերաժամ, որպեսզի բացատրեին, թե ինչու.. ինչպես… Նույնիսկ, որոշ մարդիկ հասցրեցին գովազդել իրենց «եկեղեցին», մեղադրել հասարակությանը, որ չեն տարբերակում «աղանդը»` «չաղանդ»-ից.

Երգչուհի Արմինկա. 
«Պատրաստ եմ նույնիսկ բղավել, որ աղանդավոր չեմ»: «Ես աղանդավոր չեմ։ Եթե ինչ-որ մեկն ինձ փաստարկներ ներկայացնի, որ ես աղանդավոր եմ, մի քանի անգամ ավել փաստարկներով կապացուցեմ, որ աղանդավոր չեմ, պատրաստ եմ նույնիսկ բղավել այդ մասին։ Եթե մարդիկ հավատացյալին աղանդավորից չեն տարբերում՝ իրենց խնդիրն է»,– ասել է երգչուհին։ 
Արսեն Գրիգորյան երգիչ.
«Բողոքականն աղանդ չէ»«Ես հարում եմ բողոքական եկեղեցու, և եթե ինչ–որ մեկը Հայ Ավետարանական եկեղեցին աղանդ է համարում, ուրեմն ծանոթ չէ կրոնի պատմությանը։ Բողոքականն աղանդ չէ»։

Այս աստղերի համար մի նկատառում` Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությամբ աղանդ են համարվում այն կրոնական կազմակերպությունները, որոնք շեղված են Ընդհանրական եկեղեցու ավանդական ուսմունքից և դավանաբանական դրույթներից: Իսկ նրանց առաջնորդներին, որ պարբերաբար հիշեցնում են Նիկիո հանգանակի մասին (Նիկիական հավատամքը կամ հանգանակը Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավանանքի ամփոփումն է, ընդունվել է 325թ.Նիկիայի Ա տիեզերական Ժողովի կողմից: Եվ եթե անգամ Նիկիան ընդունենք հիմք, ապա կրկին անհասականալի է, թե ինչպես են այս կրոնական միավորները մեկնաբանում հավատամքի` «Հավատում ենք նաև մեկ ընդհանրական, առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեկ մկրտության...» տողը), տեղեկացնենք, որ եկեղեցու հայրերը, որպեսզի հավատացյալները մոլորության մեջ չհայտնվեն, ժամանակի ընթացքում մշակել են հավատին վերաբերող մի շարք դրույթներ, որոնք գալիս են անհրաժեշտաբար լրացնելու Նիկիո հանգանակը: Բացի այդ, աստվածաբանության համար նույնքան մեծ արժեք է ներկայացնում եկեղեցու Ավանդությունը, որի մասին նրանք լռում են. դե ձեռք չի տալիս խոսելը: Եթերի ընթացքում որոշ աստղեր հասկացրին, որ հոգևոր նվիրումը շփոթում են գումարային աջակցության հետ: Էլի մի քանի սարկազմիկ ինտրերմեդիաներ եղան, որոնց մասին լռում ենք` չչարաշահելու ընթերցողի համբերությունը:

 «Փոփ հանրագիտարան» հեռուստանախագծի շրջանակներում աստղերի խոսքը մեկնաբանեց Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը. «Աղանդների արարքներն ամբողջը շոու են։ «Կյանքի խոսքն» օրինակ, ապահովում է աստղերի շոուները, ինչը ցավալի է։ Յուրաքանչյուր մարդ կոնկրետ պատվեր ընդունելուց առաջ պետք է հասկանա՝ ինչ է անում։ Եկեղեցի ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով չեն գնում։ Դրա համար կան հատուկ հիմնադրամներ, այլապես կրոնական կազմակերպությունը բիզնես կազմակերպության է վերածվում»:
Ինչևէ, Աստված բոլորիս տվել է ազատ ընտրության հնարավորություն. ձգտենք, որ մեր յուրաքանչյուր ընտրություն առավելապես բանական հիմնավորում ունենա: 
Իսկ մենք թերևս չպիտի շտապենք «աստղեր» բարձրացնել երկինք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել