Վաղուց էի ուզում գրել հայերենում հիմա սարսափելի տարածված մեկ այլ սխալի մասին, ու քանի որ հենց նոր հերթականն աչքովս ընկավ, հենց էս օրինակով էլ կշարադրեմ:

Խնդիրն էն ա, որ գրական խոսքում «որպեսզի»-ն սկսել ա ամբողջությամբ դուրս մղել «որ»-ը, քանի որ, չեմ ալարի ու անվերջ կհիշեցնեմ, սովետի շնորհիվ հայերեն կատարյալ անգրագետ խոսող հայ հասարակությանը թվում ա, թե «որպեսզի»-ն «որ»-ի գրական տարբերակն ա: Սա շատ տարածված քաղքենիական երևույթի մասնավոր դրսևորումներից մեկն ա, որոնցից ա օրինակ գրական խոսքում «սիրուն»-ի փոխարեն պարտադիր «գեղեցիկ»-ն օգտագործելը («սիրուն»-ը, ըստ հնաթուխ «սովետախոսների», գրական համարվելու համար բավարար ճոռոմ չի կամ էլ, քանի որ շատ ա կիրառվում խոսակցականում, արդե՛ն իսկ գրական չի) և այլն:
Հիմա գանք «որպեսզի»-ին: «Որպեսզի»-ն միայն նպատակ ա ցույց տալիս և չի կարող օգտագործվել «որ»-ի փոխարեն:

«Որպեսզի»-ի սխալ կիրառությունը բռնացնելու համար հարկավոր ա փոխակերպել նախադասությունը «նպատակով»-ի, ու եթե արդյունքում ստացվում ա անհեթեթություն, ուրեմն «որպեսզի»-ի փոխարեն պիտի լիներ «որ» (ի դեպ՝ որ-ը նույնպես կարող ա ցույց տալ նպատակ, էնպես որ եթե վստահ չեք կոնկրետ դեպքում որպեսզի-ի ճիշտ կիրառության վրա, բայց ուզում եք նպատակ ցույց տալ, կարող եք հանգիստ «որ» գրել, բայց հակառակը՝ ոչ):

«Հրանտ Մարգարյանը շատ է ուզում, որպեսզի կառավարության կազմում ընդգրկվեն ընկեր Լևոն Մկրտչյանն ու ընկեր Արծվիկ Մինասյանը»:

Հիմա փոխում ենք նախադասությունը. «Հրանտ Մարգարյանը շատ է ուզում կառավարության կազմում Լևոն Մկրտչյանի ու ընկեր Արծվիկ Մինասյանի ընդգրկվելու նպատակով»....: Բան հասկացա՞ք: Ի՞նչ ա ուզում ՀՄ-ն այդ նպատակով: Ակնհայտ ա, որ նախադասությունը դառնում ա կիսատ: Ու էսպիսի կիսատ անհեթեթություններով լցված ա ամբողջ լրատվական դաշտը:

Հանեք ձեր միջի քաղքենուն, մի տքնեք լինել ավելի «գրական», քան գրական հայերենն ա: Թարգեք էդ ցուցամոլական ճիգը. դրա արդյունքում առանց էն էլ ծեծուջարդ եղած հայերենից բան չի մնում: Հանգստացեք ու ամեն բառն օգտագործեք իրա տեղում, ոչ թե զարգացած երևալու համար, քանի որ արդյունքում ընդամենը ցույց եք տալիս հենց գրակա՛ն հայերենում ձեր անճարությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել