Երեկ այնպիսի տպավորություն էր, որ մեր հանրապետությունում կարծես ինչ-որ կարևոր ներքաղաքական գործընթաց պետք է տեղի ունենար: Մարդ իմանա, կրկին վարչապետ պետք է ընտրեին, կամ էլ դրա տիպի ինչ-որ բան էր սպասվում հասարակությանը: Բայց դու մի ասա՝ խոսքը «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) քաղխորհրդի նիստի մասին էր, որից հետո իբր պետք է այդ կուսակցությունը հրապարակեր իր հետագա գործողությունների ծրագիրը: Դե ինչ, եղավ այն, ինչ եղավ: ՕԵԿ-ը որոշեց դուրս գալ իշխող կոալիցիայից` համարելով այդ կոալիցիան ոչ նպատակահարմար և խնդրահարույց իրենց համար: Թե ինչ սև կատու անցավ ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի միջև, չգիտեմ, բայց այն, որ սա այս կուսակցության քաղաքական վախճանն էր, դա հաստատ:
Նախ խնդիրը եկեք դիտարկենք երկու տեսանկյունից: Եթե սա կոնկրետ ՕԵԿ-ի որոշումն էր, այլ ոչ թե ՀՀԿ-ի պարտադրանքը, ապա սրանից ավելի հիմար որոշում այս կուսակցությունը կայացնել չէր կարող: Ինձ ուղղակի հետաքրքիր է, թե իրենք ինչպես են իրենց պատկերացնում ընդդիմության շարերում: Ես ինքս դա չեմ պատկերացնում և չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչպես պետք է մեր հասարակությունը դա պատկերացնի: Միանշանակ է, որ ՕԵԿ չի կարողանալու գրավել ընդդիմադիր զանգվածը, և դրա համար կա երկու պատճառ: Առաջինն այն է, որ չի լինի աջակցություն ընդդիմադիր զանգվածի կողմից, իսկ երկրորդ` արդեն իսկ ընդդիմադիր կուսակցությունները ոչ միայն չեն համագործակցի և ընդունի ՕԵԿ-ին իրենց «շարքերը», այլև դեռ մի բան անել այս կուսակցությանը կդարձնեն իրենց համար ընդհանուր թշնամի, և ամեն կերպ կպիտակավորեն և կնսեմացնեն ՕԵԿ-ականներին՝ ի դեմս իրենց առաջնորդ Արթուր Բաղդասարյանի: Այնպես որ, այս կուսակցության գործողություններում ես ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում:
Մյուս կողմից, եթե սա հանրապետականի պարտադրանքն էր, ապա սրա համար կարող է լինել մի քանի պատճառ: Առաջինն այն է, որ այս քայլով հանրապետականները, գուցեև, փորձում են Արթուր Բաղդասարյանին զոհաբերելով, սիրաշահել ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի վերջինիս գլխավորած կուսակցությունը մտնի կոալիցիա: Ի վերջո, ինչպես գիտեք, Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև առկա է շատ լուրջ ընդհարում և հետևաբար դա կարող էր լուրջ խոչընդոտ հանդիսանալ ԲՀԿ-ի` կոալիցիա մտնելու ճանապարհին: Չգիտեմ, թե արդյոք ԲՀԿ-ն կարող էր հասնել նրան, որ ինչ-որ տեղ պարտադրեր հանրապետականին գնալ նման քայլի, բայց մյուս կողմից հանրապետականը շատ մեծ բան չի էլ կորցնում: Մեծ հաշվով, ՕԵԿ-ն արդեն իրեն սպառել է և ոչ մեկին այլևս պետք չէ: Այնպես որ, չի բացառվում, որ հանրապետականում որոշել են ՕԵԿ-ին անպետք իրի պես նետել աղբարկղը:
Բանն այն է, որ 2008թ.-ից ՕԵԿ-ն այլևս մեծ հեղինակություն ունեցող կուսակցությունը չէ, որի հետ հաշվի նստեն և հետն էլ առևտուր անելիս մեծ գին առաջարկեն: ՕԵԿ-ն այլևս «գծերից ընկած»-մոլորված կուսակցություն է, որը չունի քաղաքական ապագա: Սրտանց ցավում եմ այս կուսակցության և դրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համար, քանի որ 2008-ին Արթուր Բաղասարյանի համար կար բացառիկ հնարավորություն՝ դառնալու ընդդիմության առաջնորդ և հետագայում չափազանց լուրջ մարտահրավեր նետել իր քաղաքական հակառակորդներին՝ իշխանության պայքարի համար: Բայց, դժբախտաբար, թե բարեբախտաբար, դա չեղավ:
Ահա և վերջ, ֆինիտա լա կոմեդիա: