Իսկապես, ու՞մ է սպասում հայ հանրությունը – ինչպիսի՞ն է պատկերանում նրան այն ուժը կամ անհատը, այն գիրն ու գաղափարը, որ նրան կհանի այս ճահիճից…
Նախանցյալ խորհդարանական ընտրություններն էին…Ահա թե ինչ է պատմել գեղջուկ եղբայրս՝ իր կոշտ բարբառով. «Գացինք գյուղամեջ՝ տեսանք հեսա մե մարդ կայնուկ ա, շըլվարը՝ խին(հին), մե խատ էլ խին, հալից հընգած 24-ով: Ասինք՝ ախպե՜ր, վո՞ն ես, հընչի՞ ես էկե մեր գյուղ… Ասավ՝ ուզում եմ դեպուտատ դառնամ… Ծղզացինք, ասինք՝ ա՛յ ախպեր, հլա քու շըլվարին հիշկա՛, քու ավտոյին հիշկա՛, դու ըստոնցով իմա՞լ ես դեպուտատ դառնում… Նստավ ավտոն ու փախավ, էն գալն էր, որ պտի գար…»: Եվ չէր թաքցնում գեղջուկ եղբայրս – այդ մարդը տասը մատը մոմ դարձներ ու վառեր, լույս տար – նա այդ գյուղում ձայն չէր հավաքի:
Մի պատմություն էլ ինձ հետ է պատահել – մի անգամ էլ ես էլ էի որոշել՝ ներկա քաղաքական համակարգի մեխանիզմով պատգամավոր դառնալ, քայլիս մոտիվներն էլ մի կողմ դնեմ… Հանդիպել է մի գյուղապետի – ծանրումեծ, պատվով, խելոք գյուղապետ: Նա երկար նայեց ինձ, սեղանին փռված գրքերիս, որ գրել էի հայոց ապագայի մասին, ու ծանրումեծ ասաց - «Դեպուտատության թեկնածուն գյուղ պիտի մտնի 10-20 ավտոյով, ժողով անի, հետո իր մարդկանց հավաքի տանի, Սևանա ափին հաց ու ջուր տա…»: Ապա ավելացրեց. «300 դոլարանոց ակնոց պիտի դնի…»: Սատանա գյուղապետը տեսել էր, որ հազար փորձանք տեսած ակնոցիս ապակու եզրը մի քիչ թռած էր…
Հարցնեմ՝ ինչպե՞ս Առաջին նախագահը վերդարձավ քաղաքականություն: Հիշում եք՝ տաս տարի էր՝ անունը տվող չկար, և եթե տալիս էին՝ միայն դառնությամբ ու անեծքով: Բայց վերադարձավ: Կասեք՝ խմբագիր-պոլիտեխնոլոգի նուրբ աշխատանքն էր, իր հռետորական արվեստն էր, բայց միայն մասամբ ճիշտ կլինեք: Մոռացաք ամենակարևորը – սպիտակ «Բրաբիուսը», նախընտրական ավտոշարայան՝ գրեթե իշխանական երկարությունը, թափը: Մեր հայ հանրությունը գցեց-բռնեց՝ ներկա իշխանությունը ինքը չի կարող տեղից շարժել, գուցե Լևոնը կարողանա… Եվ «Լևո՛ն, Լևո՛ն» կանչող կանանց ֆալցետի ամպլիտուդը ուղիղ համեմատական էր «Բրաբիուսի» շարժիչի ձիաուժ-հզորությանը: Դառն է, բայց փաստ է:
Հարցնեմ՝ ինչու՞ են մարդիկ խմբերով, ամբոխներով լցվում մեր բարեգործ օլիգարխի կուսակցություն: Միայն չասեք՝ ծրագրի համար, նոր գաղափարների համար – սակայն արդարացի լինենք՝ հիմա ոչ մի կուսակցություն չունի նման արժեքներ: Բայց ինչու՞ են լցվում: Մի՛ ամաչիր, մի՛ ամաչիր, ամոթխած հայ հանրություն – կուսակցություն մտնողների շարքերի խտությունը և դեմքերի վերանցական ուրախության քանակը ուղիղ համեմատական է օլիգարխի ֆիզիկական և ֆինանսական բիցեպսների շրջագծի երկարությունը: Եթե դուք կգտնեք այլ, երևույթը բացատրող ավելի համոզիչ ու համադրելի հատկանիշներ՝ փառք ու պատիվ ձեզ…
Ինչու՞ է այսպես ստացվել: Ինչու՞ հայ հանրությունը չունի, չի կիրառում այլ արժեքային համակարգեր՝ իր կառավարիչները ընտրելիս: Պատճառները շատ են և գնում են նրա պատմության խորքը – սուլթանների, ցարերի, ստալինների հազար տարին, հետո էլ եկավ սեփական ու արյունակից բռնատերերի ժամանակը: Ուժի և հարստության, ուժի և իշխանության, ՈՒԺԻ և ՔԱՆԱԿԻ հանդեպ ճորտական խոնարհումը մտել է մեր արյան մեջ… Եվ չիմանաք թե այս ներքին ճորտությունը հատուկ է միայն ընդհանուր-միջին մեր զանգվածին, այն հատուկ է նաև նրանց, ովքեր մտավորական խավ են կոչվում, ազգի խիղճն ու աշխարհայացք են ձևավորում: Սրանք էլ մի քաղաքացիական կամ ազգային երևույթի հանդիպելիս, մտքի մեջ գցում-բռնում են՝ քանի՞ հոգի են, փող ու թիկունք ունե՞ն, - և եթե տեսնում են, որ չունեն՝ աչքերը փախցնում են, երևույթի մեջ հրեղենը չեն տեսնում և գնում են արդարություն փնտրողների շահավետ ճղճղոցները շարունակելու:
Հա, հենց այսպես, հայ միջինացված հանրություն: Սա է քո պատկերը: Այս փոքր հայելին դրեցի, որ ինքդ քեզ տեսնես: Բայց ի՞նչն է նպատակս…
Մենք պատմականորեն անկյուն ենք քշված - և այդ դաժան անկյունից, ստեղծված մեր իսկ ձեռամբ, ելք պետք է գտնենք: Եվ հին, ախտավոր, հայկական բնազդը ՈՒԺ է երազում – կլիներ թե մեկը՝ մի կուսակցություն կամ շարժում գար - բրաբիուսը տակը, բիցեպսները տեղը, գրպանն էլ լիքը, բայց հետն էլ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ունենար, արթուն խիղճ ունենար՝ մեզ այս վիճակից հաներ: Սա է երազում հայկական բնազդը…
Բայց մի ուրիշ ձայն, մի Բարձր Օրենքի շունչ ասում է. - «Հայ հանրություն, եթե դու ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ սպասում ես այդ փաթաթանի մեջ – երկար ես սպասելու, հարյուր ու հազար տարի ես սպասելու, և նա չի գալու… Նա չի գալու այն անուններով, որ շուրթերիդ են, նա չի գալու այն ամբոխներով, որ լցվում են աչքերիդ մեջ, նա չի գալու այն աղմուկներով, որ խլացրել են քեզ… Քո սպասումն իզուր է, քո իմացած տեղերից, քո իմացած ձևերով չի՜ գալու ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ:
Բայց ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, այնուհանդերձ, գալու է… Բազում ձևերով, բազում ձայներով – մի բանաստեղծության մեջ, մի երգի մեջ, խոկումից ծնված մի տեսիլքի, այրող սիրուց ծնված մի խոսքի, գիշերային կայծակի, առավոտյան աղոթարանի առաջին ճառագայթի մեջ: Եվ եթե դու, հայ հանրություն, ստոր ամբոխ չես դեռևս և պահել ես մեջդ արարչական կայծը և ցեղիդ հին ավյունը, ապա կտեսնես ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Եվ որպեսզի այս ասածն էլ չհամարես երազողի անհիմն հնչյուն, որ լսես ու դառնաս նորից քո հին անկյալությանը, ավելացնեմ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ կստանա քո գիտակցությանը հարիր ձևեր, որպեսզի դու ԿԱՐՈՂԱՆԱՍ, ԿԱՐՈՂԱՆԱՍ, ԿԱՐՈՂԱՆԱՍ ճանաչել նրան: Հիմա ամեն ինչ կախված է քեզանից…