1in.am-ը գրում է.

Այսօր «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2014» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին  «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց է ուղղել՝ իր և Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցի, ինչպես նաև նորանշանակ վարչապետի նշանակման հետ կապված:

-Ճի՞շտ է արդյոք այն տեղեկատվությունը, որ Դուք և Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց եք ունեցել: Ի վերջո, Ձեր՝ նախարարի պաշտոնակատարի հետագա ճակատագիրն ինչպե՞ս  որոշվեց:

-Խնդիրն այն է, որ ես ամեն օր կրթական միջոցառումներ ունեմ, և ես չեմ ուզում ամեն օր խոսել քաղաքական հարցերի մասին:

-Այնուամենայնիվ, վերջին օրերին երկրում սրանք ամենաակտուալ թեմաներն են:

-Իմ պաշտոնավարման հարցը չեմ կարծում՝ երկրի ամենակատուալ հարցերից մեկն է:

-Ձեզ նոր կառավարությունում պատկերացնո՞ւմ եք:

-Ես ինձ պատկերացնում եմ բացառապես ՀՀԿ-ի ներսում, և այնտեղ, որտեղ ինձ կգործուղի կուսակցությունը, այնտեղ էլ կաշխատեմ: Ձեզ դո՞ւր է գալիս չորս օր շարունակ նույն պատասխանը լսել: Իսկ պարոն Աբրահամյանի հետ մենք համագործակցության, համատեղ աշխատանքի շատ երկար փորձ ունենք և՛ կուսակցության ներսում, և՛ իմ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ: Ինչ վերաբերում է զրույցներին՝ աշխատանքային զրույցներ միշտ էլ լինում են թե՛ կուսակցական ձևաչափով և թե՛ կառավարման ձևաչափով:

-Պարո՛ն Աշոտյան, ասում են՝ ՀՀԿ հին՝ աջակողմյան թևը հաղթեց ՀՀԿ երիտասարդ՝ձախակողմյան թևին: Դուք, որ երիտթևի մեջ եք մտնում, համամի՞տ եք այս կարծիքին:

-Ես՝ քառասունամյա երիտասարդս... (ժպտում է): Գիտե՞ք՝ լրագրողական դաշտի հաջորդ պրոբլեմն այն է, որ ՀՀԿ անատոմիան լավ չեք ուսումնասիրել: Չգիտեմ՝ անատոմիա առհասարակ ուսումնասիրել եք թե ոչ, ձեր մասնագիտական անձնագրի մեջ դա պարտադիր առարկա չէ, բայց ՀՀԿ անատոմիան, վստահաբար, լավ չեք ուսումնասիրել: Մի օր շատ ազատ լինել, կպատմեմ Ձեզ:

-Այսինքն՝ համամիտ չե՞ք այն կարծիքին, որ ՀՀԿ երիտթևը պարտվեց:

-Երիտթևը ղեկավարում է ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, և այնտեղ երեխաներ են:

-Երիտթև ասելով՝ նկատի ունեմ Ձեզ, Էդուարդ Շամազանովին և այլոց. արդյոք համամիտ չե՞ք, որ հին թևը, որը շատ ավելի կոնսերվատիվ է, ամրապնդեց իր դիրքերը:

-Երբեմն ես իրոք սկսում եմ հավատալ, որ Հայաստանի լրատվական դաշտը գոնե արևելյան ազդեցության տակ է, «Հազար ու մի գիշերի» տրամաբանությամբ ամեն անգամ նույն հեքիաթները լսում եք, արձագանքը ստանում եք և նորից պնդում եք: Մենք կուսակցության ներսում որևէ տեսակի տարաձայնություններ, խնդիրներ չունենք և չենք կարող ունենալ, որովհետև կուսակցական քննարկումների ֆորմատը այնպիսի ներկուսակցական ժողովրդավարական մեխանիզմներ է պարունակում, որ ցանկացած քննարկում հնարավոր է: Հետևաբար կուսակցություններից դուրս մենք միասնական ենք, նպատակաուղղված ենք մեր ծրագրերը իրականացնելու, և բացարձակապես ՀՀԿ-ի ներսում քչփորելու ցանկություն մի դրսևորեք, որովհետև դա ապարդյուն զբաղմունք է:

-Պարոն Աբրահամյանը հենց ա՞յն թեկնածուն էր, որին տեսնում եք վարչապետի պաշտոնում:

-Ես իմ կարծիքը հայտնել եմ կուսակցական քննարկումների ընթացքում: Ամբողջությամբ կողմ քվեարկելով և՛ Գործադիր մարմնի նիստին, և՛ խորհրդի նիստին այդ որոշմանը, կիսում եմ նաև այդ քաղաքական որոշման պատասխանատվությունը՝ որպես ՀՀԿ փոխնախագահներից մեկը: Վերջացնենք հարցարզրույցը և անցնենք շատ կարևոր միջացառման՝ կրթություն և կարիերա: Օրինակ՝ ես կարիերա եմ անում, որովհետև ստացել եմ լավ կրթություն. սա էլ քաղաքական եզր է: Այստեղ պոտենցիալ ապագա նախարարներ են, պատմագավորներ, կամ ուղղակի ՀՀ որակյալ շարքային քաղաքացիներ:

-Բայց ինչպե՞ս երիտասարդները քաղաքական կարիերա անեն, երբ ամբողջ քաղաքական դաշտը ՀՀԿ-ն ուզուրպացրել է:

-Ցտեսություն, շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել