1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի անդամները երկրում գենամոդիֆիկացված եգիպտացորենի վաճառքը, օգտագործումը և աճեցումն արգելող օրենք են ընդունել, հայտնում է անգլիական RT կայքը:

Ֆրանսիայի իշխանություններն անհանգստացած են, որ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների աճեցումն իր հետ որոշակի ռիսկեր կբերի, այդ թվում՝ էկոլոգիական: Օրենսդրական արգելքը հետևել է նրան, որ մարտին Ֆրանսիայում արգելվել է MON 810 մոդիֆիկացված եգիպտացորենը: MON 810-ը միակ գենային մոդիֆիկացիան է, որի աճեցումը ԵՄ-ի տարածքում թույլատրված է:

Եգիպտացորենի թիթեռի նկատմամբ կայուն MON 810 տեսակը ստեղծել է Monsanto կորպորացիան: Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիաների կիրառման մոնիթորինգի միջազգային ծառայության (ISAAA) գնահատմամբ՝ անցած տարի ԵՄ տարածքում MON 810-ի ցանքատարածությունը հասել է ռեկորդայինի՝ 148 000 հա-ի:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում գենային մոդիֆիկացված MON 810 եգիպտացորենի մասին օրենքը մոտ ժամանակներս կուղարկվի խորհրդարանի վերին պալատի քննարկմանը: Սակայն եթե այնտեղ այն մերժվի, որոշիչ խոսքը Ազգային ասամբլեայինը կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել