Armsport.am-ը գրում է.
Eurosport-ն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերջին մրցելույթներին, որոնք, ըստ կայքի, փարատել են հայ ֆուտբոլիստի՝ Գերմանիայի փոխչեմպիոնների կազմ տեղափոխվելու նպատակահարմարության ու արդյունավետության հետ կապված որոշակի կասկածները։
Հիշեցնելով «Bleacher Report»-ի մարտյան հրապարակումը, որում նշվում էր, թե Հենրիխի տեղափոխությունը՝ «Բորուսիա» , դորտմունդցիների ամենաանհաջող գործարքն էր (Մխիթարյանի տրանֆերը կայացել է «ռուրյան» թիմի համար ռեկորդային՝ 27.5 մլն եվրո գումարով-խմբ.), պնդելով, որ կարևոր խաղերում հայ կիսապաշտպանն աչքի չի ընկնում սպասվածի պես, մինչդեռ, ըստ գերմանական լրատվամիջոցի, նա կոչված էր արժանիորեն փոխարինել «Բավարիային» միացած Մարիո Գյոտցեին, Eurosport-ը հակադարձում է՝ օրինակ բերելով Բունդեսլիգայի չեմպիոն գերհզոր մյունխենյան գրանդի դեմ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի խաղն ու գոլը, ինչպես նաև երեկ՝ ապրիլի 15-ին կայացած «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» գավաթային հանդիպումը՝ կրկին Հենրիխի գոլի և ամբողջական փայլուն խաղի մատնանշմամբ։
Կայքը նշում է, որ Մխիթարյանը միանգամայն կարող է կիսել վերջին մրցավեճի «փառքի դափնիները», քանի որ բացի մրցակցի դարպասը գրավելուց, նա հրաշալի պահեր է ստեղծել թիմակիցների համար՝ երկու անգամ նպաստավոր հարվածի դուրս բերելով Ռոբերտ Լևանդովսկուն, ով դիպուկ չի գտնվել այդ դրվագներում, սակայն, ի վերջո, իր գոլը խփել է՝ իր համար հոբելյանական՝ 100-րդ խաղում։
Eurosport-ի բնորոշմամբ, «Գայլերը» («Վոլֆսբուրգ») իրենց մաշկի վրա զգացին, թե ինչու է «Բորուսիան» այդքան միլիոներ ծախսել Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար։ Ի դեպ, գերմանական մամուլում ևս, դրվատական կարծիքներ պարունակող հրապարակումներ են հայտնվել դորտմունդցիների հայ կիսապաշտպանի վերջին մրցելույթների առնչությամբ, որոնցում կրկին առանձնացվում են Հենրիխի՝ խաղը կարդալու և պրոֆեսիոնալ ու մարդկային մյուս հատկությունները։