«Կոզիրյոկը» քաղաքային կենցաղի խորհրդանիշն էր «Կոզիրյոկ» սրճարանը բացառիկ վայր է:«Կոզիրյոկ» անվանումը հենց հաճախորդներից է եկել՝ սրճարանի ծածկի, այսպես կոչված «կեպիի» շնորհիվ: Երբ մարդու կյանքում ամեն ինչ փոխվում է, մի թել է մնում, որը կապում է ներկան անցյալի հետ: Մեր պարագայում դա «Կոզիրյոկն» է: 60-ականների կեսերից այն երեւանյան սակավաթիվ սրճարաններից էր եւ քաղաքային կենցաղի խորհրդանիշը: «Կոզիրյոկը» Օպերայի եւ բալետի թատրոնի աշխատակիցների սիրելի վայրն էր: Համերգներից եւ փորձերից հետո միշտ գալիս էին այստեղ: Հաճախ կարելի էր տեսնել բալետմայստեր Վիլեն Գալստյանին, երգիչ Գեղամ Գրիգորյանին: Երեկոյան «Կոզիրյոկում» հնարավոր չէր ազատ աթոռ գտնել: Գոյանում էին պաղպաղակի եւ սուրճի հերթեր: Պաղպաղակը մատուցում էին ալյումինե ափսեներով: Վճարելով 4 ռուբլի 50 կոպեկ, գնում էինք պաղպաղակ եւ շամպայն, որն ըմպում էինք սովորական հաստաշուրթ բաժակներով:Իրեն «քաղաքի տղա» համարող ցանկացած երիտասարդ շաբաթական 2-3 անգամ անպայման այցելում էր «Կոզիրյոկ»:«Կոզիրյոկը» զարմանալի երեւույթ էր, քանի որ այն ձգում էր եւ կապում էր մարդկանց միմյանց հետ: Դա մի վայր էր, որտեղ դու քեզ ապահով էիր զգում, կարող էիր ոչ մեկին չճանաչելով նստել եւ վստահ լինել, որ քեզ շրջապատող մարդիկ եւ դու «մի արյունի եք»: Եթե «Պոպլավոկում» հիմնականում հավաքվում էին դերասանները, «Սկվոզնյաչոկում»` գրողները եւ նկարիչները, ապա «Կոզիրյոկում» հավաքվում էին ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ: Այդ փոքր տարածքում սեղանները բաշխվում էին ըստ մասնագիտությունների. ճարտարապետներ, դասական երաժիշտներ, ռոք եւ ջազ երաժիշտներ, երգիչներ, պարողներ, դերասաններ....ամեն մասնագիտություն սրճարանում «իր» սեղանն ուներ: «Կոզիրյոկ» մշտապես եկել ու գալիս են քաղաքի ամենակարգին երեւանցիները: Այս սրճարանը շատ մեծությունների սիրելի վայրերից էր, այստեղ կարելի էր տեսնել Քոչարին, Շիրազին, Իսահակյանին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել