Մինչ Օբաման և Պուտինը հեռախոսազրույց են ունենում ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծման վերաբերյալ, Ուկրաինայում վիճակն ավելի է սրվում: Երեկ «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ և նախագահի ներկայիս թեկնածու Յուլիա Տիմոշենկոն տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է, որ հարյուրավոր զինված մարդիկ շրջապատել են Գերագույն ռադան: Վերջինիս խոսքերով, այն, ինչ այժմ տեղի է ունենում Դոնեցկում, տեղափոխվում է Կիև: Տիմոշենկոն հավաստիացրել է, որ այդ զինված մարդիկ նույն այն մարդիկ են, ովքեր նախօրեին Մայդանում կոչ էին անում ժողովրդին տապալել ներկայիս իշխանություններին: Նախագահի թեկնածուի կարծիքով՝ նրանք (իբր Ռուսաստանի գործակալները) ցանկանում են իրենց ձեռքը վերցնել իշխանությունն Ուկրաինայում: Հիշեցնեմ, որ ժամեր առաջ տեղի է ունեցել նաև Պուտինի և Օբամայի միջև հեռախոսազրույց, որի ժամանակ կրկին խոսվել է խնդրի դիվանագիական լուծման ճանապարհներ որոնելու անհրաժեշտության մասին, սակայն խոսակցության հիմնական առանցքը եղել է ճգնաժամի սրման համար փոխադարձ մեղադրանքները և արդյունքում ոչ մի արդյունավետ բանի շուրջ համաձայնության այդպես էլ չեն եկել:
Վերադառնալով Տիմոշենկոյի հայտարարությանը և դատելով այդ հայտարարության բովանդակությունից` կարելի է ասել, որ Ռուսաստանը փորձում է ճգնաժամը լուծել ավելի արագ և արդյունավետ: Բազմիցս խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանը սոցիալ-տնտեսական ճնշումների միջոցով կփորձի անկայունացնել Ուկրաինայի ներքաղաքական կյանքը` հրահրելով հերթական հեղափոխությունը, որն իշխանության կբերեր, այսպես ասած, ռուսամետ ուժերի: Այժմ, ինչպես երևում է, Ռուսաստանը, մի քիչ շեղվում է իր նախնական ծրագրից և փորձում է այդ հեղափոխությունն (այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել հեղաշրջումը) իրականացնել հնարավորինս արագ, որը թույլ կտա կանխել հետագա բարդությունները:
Տեսեք, մեծ հաշվով Ռուսաստանի ինչի՞ն է պետք անեքսիայի ենթարկել Ուկրաինայի կեսը` ոչնչացնելով այդ երկիրը և դառնալով աշխարհի աչքում ագրեսոր, զավթիչ: Պուտինն արդեն իսկ բռնակցել է (կոչեք դա ինչպես կուզեք) Ղրիմը և անասելի կերպով բարձրացրել սեփական վարկանիշը երկրի ներսում` գրեթե դառնալով համազգային առաջնորդ: Ասեմ ավելին, եթե այս ամեն ինչի տակից Ռուսաստանը կարողանա չոր դուրս գալ, ապա Պուտինը հաստատ պատմության մեջ կմտնի որպես Ռուսաստանի ամենամեծ առաջնորդներից մեկը: Այնպես որ, վտանգել այն, ինչ արդեն ձեռք է բերվել անմտություն կլինի:
Մեծ հաշվով, աշխարհաքաղաքական իմաստով Պուտինին ի՞նչ է պետք: Այդ մարդը ցանկանում է ամեն գնով կանխել ՆԱՏՕ-ի` դեպի արևելք ընդարձակումը: Իսկ դրա համար ոչ թե երկիրն է պետք ավերել, այլ պետք է ունենալ, պայմանականորեն ասած, այդ մտքին «հավատարիմ» իշխանություններ: Իսկ դա հնարավոր է հերթական հեղաշրջման արդյունքում: Ինձ թվում է, որ հեղաշրջում իրականացնելը Ռուսաստանի վրա շատ ավելի էժան կնստի, քան ռազմական գործողությունները: Այնպես որ, տեսնենք թե այս ամենն ինչով կավարտվի Կիևում: