Մոտենում է ապրիլի 24-ը, և ԱՄՆ-ն նորից կիրառում է իր «հումանիստական դիվանագիտության» հնարքը. Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը, որը, մի կողմից, պետք է բավարարի պատկառելի թվով հայերի պահանջմունքը, մյուս կողմից էլ՝ ճնշելով Թուրքիային՝ բավարարել նրա պահանջմունքը՝ պաշտոնապես չճանաչելով «Հայոց ցեղասպանությունը»: Այս մասին իր չափից շատ դիվանագիտությամբ «վկայեց» հենց պետքարտուղարության մամուլի խոսնակ Յեն Փսաքին՝ հայտարարելով, որ «ինքը հայտարարել է ամերիկյան դիրքորոշումը», իսկ այն հետևյալն է. «Սգալ, կիսել միլիոնավոր զոհերի վիշտը»: Այսպիսի քայլ առաջին անգամ չէ, որ Վաշինգտոնի կողմից կիրառվում է, հետևաբար՝ այս բանաձևն էլ կորչելու է Կոնգրեսի քվեարկության խութերում: Տվյալ քայլով ԱՄՆ-ն փորձում է 2 կարևորագույն հարց լուծել՝
1. Իր կողքին պահել 4 ամենաազդեցիկ լոբբիստական էթնոխմբերից մեկին՝ հայկականին (Բժեզինսկին իր «Համաշխարհային տիրապետություն, թե գլոբալ լիդերություն» գրքում ԱՄՆ 4 ամենաազդեցիկ համայնքների շարքում նշում է նաև հայկականը).
2. Թուրքիային ռեգիոնալ ակտիվության տեմպից գցելու մարտավարություն, որովհետև այս օրերին Անկարան բավական ակտիվորեն մասնակցում է սիրիական ճգնաժամի գործընթացներին, ընդ որում՝ անուղղակի ռազմական գործողություններով:
Ընդհանրապես, ԱՄՆ-ի համար իր գլոբալ քաղաքական հարցերում շատ կարևոր է լոբիստական խմբերի ներգրավվածությունը, որոնք իրենց ֆինանսական և, այսպես կոչված, «լեգիտիմացման» ռեսուրսներով կնպաստեն ամերիկյան ծրագրերի իրագործմանը: Միաժամանակ ցույց է տրվում ամերիկյան դեմոկրատիայի հաստատումը, իբրև թե բոլոր հարցերն այնտեղ մշակվում և ընդունվում են այդ արժեհամակարգի շրջանակներում: ԱՄՆ-ն միամիտ երկիր չէ, և սա էլ քաղաքական հաշվարկ է առ այն, որ աշխարհի երկրները, ի դեմս իրեն, ունեն դեմոկրատական հեգեմոնիա, ինչն անհնար է արևելյան գերտերությունների պարագայում: Ստեղծվում է նաև ընտրության գաղափարական տաբու, ուստի ավելի լավ է դեմոկրատական հեգեմոնիա, քան ավտորիտար գաղութատիրություն: Ինչ վերաբերում է հարցի սիրիական մասին, ապա պետք է նշել, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում շատ զգուշավոր է, քանզի այդ տարածաշրջանը, որը չափազանց անկայուն է, համարում է կենսական շահ: Այստեղ դաշնակիցների մասնակցությունը խրախուսվում է, սակայն միջամտությունը՝ արգելվում: Հայտնի է, որ Ցեղասպանությունը ամերիկյան իշխանության կողմից հաճախ է օգտագործվել Թուրքիային մտրակ բաժին հանելու գործում: Թուրքիան երբեմն հեռուն է գնում իր աշխարհաքաղաքական կոդերի ռեալիզացման հարցում, որը դուրս է գալիս վաշինգտոնյան վերահսկողությունից կամ ենթադրվում է, որ ինչ-որ պահի կարող է դուրս գալ, և կիրառվում է պառլամենտական դիվանագիտական հնարքը. բանաձևն ընդունվում է պառլամենտի հանձնաժողովում, բայց ոչ՝ կառավարությունում: Թուրքիան չի կարող նեղանալ դաշնակցից, բայց և չի էլ կարող հաշվի չառնել այդ զգուշացումը: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կառավարության արտաքին քաղաքական դոկտրինան ազգային անվտանգության հարցերում հենվում է կոշտ ուժի արտահայտման վրա (ըստ ամերիկյան մոտեցման՝ Մերձավոր Արևելքը համարվում է անկայունության օջախ, տեռորիստական խմբավորումների բնօրրան, հետևաբար, այնտեղից ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնալիքներ են հասնում), երբեմն՝ ռազմական ուժի՝ առանց հաշվի առնելու հետևանքները: Ուստի, երբեմն խանդ է առաջանում ամերիկյան ստրատեգների ու քաղաքական գործիչների շրջանում, երբ ռազմական գործողություններն անմիջականորեն իրենցով չեն իրականացվում: Դա դիտվում է անկայունացնող գործոն, նրանք չեն վստահում այլ երկրների հնարավորություններին՝ ռազմական կոնֆլիկտի ճիշտ ուղղորդման ու կառավարման մեջ: Այսպիսով՝ ԱՄՆ-ն մշակում է իր քաղաքական հերթական ծրագիրը՝ ճնշման, լեգիտիմության և ֆինանսական ռեսուրսների օգտագործման և հեղինակության ընդգծման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել