Քիչ առաջ վերջացավ «Դեմ եմ» քաղաքացիական շարժման հանրահավաքը՝ Մատենադարանի մոտ: Այսօրվա հանրահավաքին ներկա էին բազմահազար մեր քաղաքացիներ: Սա, թերևս, ամենամեծ քաղաքացիական շարժումն է, որ երբևէ եղել մեր նորագույն պատմության մեջ: Եվ ես ուզում եմ անպայման շեշտել «քաղաքացիականի» հանգամանքը: Ես կարծում եմ, որ պետք է ըստ արժանվույն գնահատել «Դեմ եմ»-ի մեր երիտասարդ կազմակերպիչների սկզբունքայնությունը: Այս մարդիկ չեն տրվում գայթակղությանը և չեն փորձում մանիպուլացնել մեր հասարակության դժգոհ մասսային՝ վերածելով այս շարժումը քաղաքականի: Ես ուրախ եմ, որ մեր ընդդիմադիր ուժերը ոչ թե իրենց ձեռքն են վերցնում այս շարժումը և տանում իրենց հետևից, այլև «հյուրի» կարգավիճակով մասնակցում են «Դեմ եմ»-ի հանրահավաքներին: Իսկ դա ոչ այնքան մեր ընդդիմության շնորհքն է, այլ այս շարժման կազմակերպիչների:
Այսօրվա հանրահավաքի ժամանակ շարժման ղեկավարներից մեկը մի շատ կարևոր և ուշագրավ միտք արտահայտեց: Նախ նա ասաց, որ «Դեմ եմ»-ը կուսակցություն չէ, և, ըստ երևույթին, չի էլ պատրաստվում դառնալ, և հետո, խոսելով շարժման ապագայի մասին, հույս հայտնեց, որ այն կարող է դառնալ արհմիություն, քանի որ, ըստ վերջինիս, իրենք այժմ կատարում են հենց արհմիությունների գործառույթները, որոնց մշակույթն այդպես էլ մեզ մոտ չձևավորվեց:
Սա, կարծում եմ՝ ամենակարևոր որոշումն էր, որ այս երիտասարդները կարող էին կայացնել: Անկախ իրենց օրակարգի հետագա զարգացման, այս մարդիկ մնում են հաստատակամ՝ պնդելով, որ իրենք քաղաքական գործիչներ չեն և քաղաքական ոչ մի ամբիցիա չունեն, այլ պարզապես ուզում են հասնել իրենց իրավունքների վերականգնմանը՝ սահմանադրական բոլոր հնարավոր միջոցներով: Իսկ դա գովեստի արժանի է:
Ես հուսով եմ, իսկ ավելի ճիշտ կարծում եմ, որ «Դեմ եմ»-ը հավատարիմ կմնա իր գործին և ոգուն մինչ վերջ, և մենք կունենանք պայքարի նոր մշակույթ մեր երիտասարդ հանրապետությունում, որն իր հերթին նոր որակ կհաղորդի մեր երկրի կայացման գործին:



