Վերջին շրջանում, Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ, Արևմուտքը Ռուսաստանին ակտիվորեն սկսել է սպառնալ նոր պատժամիջոցներով: Արևմուտքում ամենաակտիվն այս հարցում ԱՄՆ-ն է: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը քիչ առաջ հայտարարել է, որ կարող է ընդլայնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների ցանկը: Սրանից ավելի վաղ Օբաման էր հայտարարել, որ իբր «Ռուսաստանը շատ թանկ կվճարի, եթե շարունակի ապակայունացնել Ուկրաինայի արևելքը»: ԱՄՆ նախագահն իր ելույթում նաև ուղերձ էր հղել ԵՄ-ին, որպեսզի եվրոպացիներն էլ պատրաստ լինեն ներդնել իրենց ավանդը համատեղ ջանքերում: Այլ կերպ ասած՝ միանան պատժամիջոցներին: Այս համատեքստում Գերմանիայի Դաշնության արտգործնախարար Վալտեր Շտայնմայերն էլ իր հերթին հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը ներխուժի արևելյան Ուկրաինա, ապա Գերմանիան ստիպված կլինի մասնակցել ԵՄ-ի կողմից նախապատրաստվող պատժամիջոցների երրորդ փուլին, անկախ այն կորուստներից, որ կարող է կրել Գերմանիայի տնտեսությունը:
Ճիշտն ասած՝ այս պարագայում ինձ ոչ այնքան հետաքրքրում է Արևմուտքի հերթական պատժամիջոցների ցանկն ու բովանդակությունը, որքան մտահոգում է մեկ այլ բան, որը բխում է իրեն ներկայիս պահվածքից: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ կարծես Արևմուտքը նույնիսկ մոռացել է, որ գոյություն ունի նաև Ղրիմի հարց: Եթե նկատել եք՝ ոչ ոք այլևս ուղղակիորեն չի խոսում Ղրիմի վերադարձի մասին, բոլորի միակ մտահոգությունն այն է, որ Ռուսաստանը հանկարծ չշարունակի իր ներկայիս քաղաքական կուրսը, ասել է թե, չզավթի հիմա էլ արևելյան Ուկրաինան:
Մի խոսքով, ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի ընդունած ոճը չի փոխվում: Տնտեսական պատժամիջոցներից բացի, մենք, որպես այդպիսին, այլ միջոցառումներ չենք տեսնում և թերևս չենք էլ տեսնի: Ի վերջո, մեկ անգամ չէ, որ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, հայտարարել է, որ ռազմական գործողությունները Ռուսաստանի հանդեպ բացառվում են: Բայց մյուս կողմից էլ, տնտեսական պատժամիջոցներ կիրառելու ոճն ինքնին անարդյունավետ է. 1-ին՝ Ռուսաստանը մեծ հաշվով արհամարհում է դրանք և առաջ է տանում իր շահերից բխող արտաքին քաղաքականությունը՝ իրեն բնորոշ ձևով, 2-րդ՝ Ռուսաստանը լավ էլ հասկանում է, որ Արևմուտքում ևս հասկանում են, որ տնտեսական պատժամիջոցների շարունակական ընդլայնման հետևանքով տուժելու են բոլոր կողմերը: Այլ կերպ ասած՝ Արևմուտքը չափն անցնել էլ չի կարող:
Այնպես որ, Արևմուտքի կողմից շարունակական սպառնալիքները մտածելու տեղ անխոս տալիս են, բայց իրավիճակի վրա կտրուկ ազդելու հույս՝ ոչ: Այդ կոնտեքստում, իմիջիայլոց, նշեմ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամը չէ, որ սպառնում է Ռուսաստանին, թե իբր վերջինիս «թանկ կվճարի իր քաղաքականության համար»: Դեռ այն ժամանակ, երբ Ղրիմը չէր միացել Ռուսաստանին, Օբաման կրկին սպառնում էր նմանատիպ բառապաշարով, բայց ժամանակի ընթացքում մենք գործնականում այդպես էլ չտեսանք, թե ինչպես է Ռուսաստանն ի վերջո թանկ վճարում իր գործողությունների համար:
Ի սեր Աստծո, ես բնավ չեմ ուզում թերագնահատել ԱՄՆ-ի հզորությունն ու հնարավորությունները միջազգային ասպարեզում, ես պարզապես փաստերն եմ արձանագրում: