Սերժը հերթական անակնկալը մատուցեց՝ հայտարարելով, որ անձամբ ինքը չի առաջադրվելու նախագահի պաշտոնի համար ու չի հավակնում վարչապետի պաշտոնին: Ավելին՝ հանրությանն է ներկայացվել սահմանադրական բարեփոխումների փաթեթի «սևագիր» տարբերակը, որը էականորեն փոփոխելու է պետական կառավարման համակարգը՝ Հայաստանը նախագահական երկրից դարձնելով պառլամենտական:
Հիմա եկեք հասկանանք մի պարզ բան. գործող քաղաքական համակարգը տեսականորեն վատը չի ու, անկասկած, ունի իր առավելությունները, բայց պրակտիկ փորձը շատ հստակ ցույց է տվել նաև նախագահական կառավարման համակարգի հիմնական թերությունները, որոնցից առանցքայինը, թերևս, այն է, որ ինչ-որ մի էտապում նախագահող անձը կարող է իր ձեռքերում կենտրոնացնել ուղղակի ու անուղղակի այնքան իշխանություն, որ իր լիազորություններով գրեթե դադարում է զիջել դասական միապետությունների առաջնորդներին:
Սա ինքնին վատ չէ՝ պայմանով, որ նախագահը ադեկվատ, ժողովրդավար ու ժողովրդասեր մեկն է, ով այդ իշխանության ծավալն ունենալով, միևնույն ժամանակ թույլ չի տալիս լճացում երկրում ու քաղաքական համակարգում:
Պառլամենտական համակարգի առավելությունը այն է, որ այստեղ շատ ավելի բարդ է միաբևեռ քաղաքական համակարգ կառուցել ու քաղաքական ուժերը գտնվում են անընդհատ շարժման մեջ՝ կառուցելով դինամիկ հարաբերություններ: Բացի դրանից, քաղաքական համակարգն ավելի կայուն է դառնում, որովհետև այն աստիճան անձնավորված ու սուբյեկտիվ ընկալման ենթակա չէ, ինչքան նախագահական համակարգի դեպքում:
Ընդհանուր առմամբ, եթե մի կողմ ենք դնում էմոցիաներն ու ամբիցիաները, ապա կարելի է ասել, որ Հայաստանի վաղվա օրվա հրամայականը հենց պառլամենտական համակարգ ունենալն է, ու պետք է դա անենք օր առաջ, ոչ թե սպասենք խոշոր ցնցումների ու հասարակական ճգնաժամի: Մի խոսքով, ես կողմ եմ այս բարեփոխումներին և հասկանում եմ, որ դրանք իրոք կարող են բարեփոխում դառնալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.isahakyan.7/posts/1537486286477826?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել