Մյունխենցիները ի զարմանս շատերի, որոշակի դժվարությամբ հաղթահարեցին իրենց վաղեմի ախոյան Մանչեսթեր Յունայթեդի արգելքը: Դժվարությամբ, բայց միաժամանակ նաեւ վստահորեն, քանի որ անգամ Էվրայի հրաշալի գոլից հետո անձամբ ես վստահ էի, որ մյուս փուլ կանցնի Բավարիան: Մյունխենցիները կիսաեզրափակիչում են, սակայն այս փուլում երեւաց թիմի միակ թույլ կողմը: Այսօր Բավարիայի միակ թուլությունն իր իսկ անսահման ուժն է: Թիմը շատ, երբեմն նաեւ չափից ավելի վստահ է իր ուժերին, ինչը երբեմն խանգարում է: Այստեղ երեւում է նաեւ Գուարդիոլայի հանգամանքը, քանի որ Հայնկեսի ժամանակ թիմը երբեք չէր կորցնում զգոնությունը: Ինչ վերաբերում է Պեպին, բոլորն են հիշում թե ինչպիսին էր Բարսելոնան Գուարդիոլայի գլխավորության վերջին տարիներին՝. գերհզոր, բայց չափից ավելի ինքնավստահ: Իհարկե, օրինակները տարբեր են, Բավարիան մշտապես իրավիճակն իր հսկողության տակ է պահում, ինչը հերթական անգամ հաստատվեց Մանչեսթեր Յունայթեդի դեմ դիմակայությունում, որոնցից առաջինի ժամանակ թիմը գնդակ ընդունելուց հետո անմիջապես հավասարեցրեց հաշիվը եւ հանդիպումն ավարտեց ինչպես ինքն էր ցանկանում՝ ոչ ոքի, իսկ պատասխան խաղում նույնպես առաջինը գոլ ընդունելուց հետո, դրան պատասխանեց ոչ թե 2-ով, այլ 3-ով, որպեսզի վերջ դնի բոլոր հարցերին: Եվ այսպես, արդեն հայտնի են կիսաեզրափակչի բոլոր չորս թիմերը: Ո?վ կարող է նրանցից կանգնեցնել այս մեքենային: Շատերն այս հարցին կպատասխանեն շատ հակիրճ՝. ՝՝Ոչ մեկը՝՝: Չքննարկելով, բայց միաժամանակ նաեւ չբացառելով այդ տարբերակը, անդրադառնանք մյունխենցիների հնարավոր մրցակիցներից յուրաքանչյուրին: Առաջին թիմը, որը միանշանակ կարող է ձեռնոց նետել Բավարիային դա իհարկե Չելսին է: Ոչ թե նրա համար, որ այս թիմը 2 տարի առաջ Բավարիայի դաշտում կարողացավ հաղթել իրեն եւ չեմպիոն դառնալ, այլ որովհետեւ Եվրոպայի ակումբային մրցաշրջանի մեկնարկի ժամանակ մենք արդեն տեսել ենք այս 2 թիմերի դիմակայությունը, որն ըստ իս առայժմ մնում է լավագույնը 2013/2014 մրցաշրջանում: 8 ամիս առաջ կայացած ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում հաղթեց Բավարիան, սակայն ինչպես դա եղել է «Ինտեր – Բարսելոնա» եւ «Ռեալ – Բարսելոնա» դիմակայությունների ժամանակ, այդ հանդիպումը վերածվեց Մոուրինյո – Գուարդիոլա մենամարտի հերթական ռաունդի: Եվ դա այն դեպքում, երբ Պեպը դեռ նոր-նոր էր գլխավորել Բավարիան, իսկ Ժոզեն նոր էր վերադարձել Չելսի: Հիմա, երիտասարդ սերնդի 3 լավագույն մարզիչներից 2-ը(Կլոպը ապացուցեց որ արժանի է 3-րդը կոչվելուն) իրենց թիմերում արդեն լիովին ստեղծել են իրենց ձեռագիրը եւ Չելսի - Բավարիա դիմակայությունը կարող է դառնալ պատմական: Առավելեւս, որ ի տարբերություն Գուարդիոլայի, քարորդ եզրափակչի առաջին խաղից հետո շատ ավելի ծանր իրավիճակում հայտնված Մոուրինյոն հերթական անգամ ապացուցեց իր ով լինելը եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Մյունխենցիների համար անհարմար մրցակից կարող է լինել Աթլետիկոն, որը քարորդ եզրափակիչում վերջնականապես ապացուցեց, որ արդեն թոփ-ակումբ է: Մադրիդյան ակումբը չի հիացնում իր գեղեցիկ ֆուտբոլով, սակայն փորձեք դա ասել թիմի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին: Նրանք ուղղակի թքած ունեն, թե ինչ են մտածում իրենց խաղի մասին, այդպես է նրանց դաստիարակել դոն Դիեգոն: Գեղեցիկ չեն խաղում, բայց գլխավորում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, կարող են դառնալ առաջին ակումբը, որը վերջին 10 տարում կարող է Բարսելոնային եւ Ռեալին զրկել Իսպանիայի չեմպիոնի կոչումից, Չեմպիոնների լիգայի քարորդ եզրափակչի պատասխան խաղում խեղճացնում են Բարսելոնային եւ դուրս են գալիս Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ: Հենց սրանով է վտանգավոր Աթլետիկոն, որը չի վաղենում ոչ ոքից եւ որի կազմում խաղում են իսկական տղամարդիկ: Իհարկե թիմի կազմը օբյեկտիվորեն թույլ է Բավարիայից, սակայն այն թույլ էր նաեւ Բարսելոնայից:
Մյունխենցիների մյուս հավանական մրցակիցը Ռեալն է: Եթե դիտած չլինեյի Բորուսիայի դեմ պատասխան խաղը, ապա Բավարացիների ամենավտանգավոր մրցակիցների ցուցակում առաջինը կգրեյի հենց արքայական թիմի անունը: Սակայն եթե Ռեալը Բավարիայի դեմ խաղա նույնպես, ինչպես Բորուսիայի դեմ, ով ի դեպ Բունդեսլիգայում մյունխենցիներին զիճում է 20 միավոր... Անգամ մտածելն է սարսափելի, թե այդ երեկո ինչ կլինի Ռեալի հետ: Սակայն եթե Անչելոտին կարողանա իր տղաներին ստիպել, որպեսզի խաղը կառուցեն Լուկա Մոդրիչի վրա եւ թույլ չտա Ռոնալդույին եւ Բեյլին խաղը չափից ավելի շատ իրենց վրա վերցնել, ապա Ռեալը կարող է ձեռնոց նետել Բավարիային եւ լուրջ գլխացավանք դառնալ Գուարդիոլայի համար: Եթե խաղը կառուցի Մոդրիչը, ապա 80 տոկոս հավանականությամբ, գրոհի եզրափակիչ փուլում գնդակը այսպես թե այնպես հայտնվելու է կամ Ռոնալդույի, կամ Բեյլի մոտ: Սակայն եթե այս երկուսը որոշեն, ինչպես Բարսելոնայի դեմ խաղում, միայնակ ճեղքել մրցակցի պաշտպանությունը եւ հերոսանալ, ապա նրանք կարող են «հետմահու» հերոսանալ: Ուստի Ռեալին ոչ թե պետք է փորձել հեծանիվ հայտնաբերել, այլ ուղղակի խաղալ այն խաղը, որը խաղացել է այս մրցաշրջանի մեծ հատվածում: Այսպիսին են Բավարիայի մրցակիցները, որոնցից յուրաքանչյուրը կարող է ձեռնոց նետել մյունխենցիներին եւ կարող ենք չկասկածել, որ անկախ նրանից, թե ինչ զույգեր կտեսնենք կիսաեզրափակիչում, կենաց մահու պայքարն ընթանալու է մինչեւ վերջին վայրկյանը:
P.S. Քանի որ վերնագիրը կոչվում է «Ո՞վ կարող է կանգնեցնել այսօրվա Բավարիային», նշեմ եւս մեկ թիմի անուն, որը կարող է մարտահրավեր նետել մյունխենցիներին, որը սակայն ցավոք չի մասնակցել անգամ Չեմպիոնների Լիգայի այս խաղարկության խմբային փուլին: Ափսոս... Լիվերպուլ…