Aysor.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանը գալիք եռամսյակում նախատեսում է իր ծրագրերը իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Անրդառանալով «Վերջին զանգի» միջոցառմանը՝ փոխքաղաքապետը նշեց, որ թեև օրը դեռևս հստակ որոշված չէ, բայց այն լինում է ավանդաբար մայիսի 25-ին:
«Հավանաբար հենց այդ օրն էլ շրջանավարտների համար Ազատության հրապարակում կլինի տոնական ծրագիր։ Հույս ունեմ, որ աշակերտները կնախընտրեն համընդհանուր ծրագրերը և կխուսափեն ռեստորանային տարբերակից։ Այն որակը, մակարդակը, որ փորձ ենք անում իրականացնել, վստահ եմ, որ մի շարք օբյեկտներում առկա չեն լինի։ Այսօրվանից կոչ կանեի ծնողներին, մանկավարժներին՝ ուղղորդելու շրջանավարտներին ավելի շատ Ազատության հրապարակ, քան այլընտրանքային այլ ճանապարհներ գտնեն, մանավանդ, որ անհամեմատ ծախսատար են այդ միջոցառումները»,-հավելեց նա։
Անդրադառնալով Երևանի կենդանաբանական այգու բացմանը, որը տեղի կունենա մայիսի 1-ին, Սուքիասյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում են այգին մայրաքաղաքի ամենասիրելի վայրերից մեկը դարձնելու համար:
«Հայտարարված է մրցույթ այգին բարեկարգելու համար, բացի այդ՝ երկու ազատ վանդակներ կառանձնացվեն և այգին կթարմացվի նոր կենդանատեսակներով»,- ընդգծեց նա:
Թվարկելով միջոցառուների ցանկը, նա նշեց, որ կլինեն միջոցառումներ Ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված: Կիրականավեն նաև բարեկարգման աշխատանքներ։
«Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես ապրիլի 30-ին Երևանը կտոնի ջազի միջազգային օրը»,- հավելեց նա՝ նշելով, որ այս տարի «Կասկադ» համալիրում ելույթներով հանդես կգան միջազգային ջազմեններ:
Ա. Սուքիասյանի խոսքով՝ չափազանց հագեցած է լինելու հունիսի մեկը՝ երեխանների պաշտպանության օրը: «Այդ օրը քաղաքի տարբեր այգիներում ու զբոսայգիներում տարբեր միջոցառումներ կլինեն: Ամեն ինչ արվելու է, որ երեխաների տոնը տոն դարձնենք»,-ասաց նա։
Ըստ նրա՝ չի անտեսվել նաև հունիսի վեցը՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը:
Կլինեն նաև սպորտային միջոցառումներ:
Երևանի քաղաքապետարանի մյուս անակնկալը նախատեված է թանգարանասեր ու թատերասեր աշակերտների համար: «Երևանյան ամառ» նախագծի շրջանակներում մեկ ամիս շարունակ երևանյան երեք թանգարաններում և թատրոններ հաճախելու հնարավորություն կտրվի այն երեխաներին, ովքեր ամառը ստիպված են անցկացնել մայրաքաղաքում։
Նա նաև առանձնացրեց մանկապարտեզների վերազինման խնդիրը և շեշտեց, որ մայրաքաղաքային բյուջեից 300 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզները վերազինելու համար։
«Կարծում ենք՝ երեք տարում կկարողանանք մեր բոլոր մանկապարտեզները լիովին թարմացնել ու ժամանակակից դարձնել»,-ասաց նա։



