Ilur.am-ը գրում է.
-Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հրաժարականի փաստը։
-Վերանալով վարչապետի անձից, նրա հրաժարականը նախ և առաջ պետք է գնահատել որպես պատմական տարողության մի իրադարձություն, որի կարևորությունն, իմ տպավորությամբ, դեռևս բավարար չափով չի գիտակցվել հասարակության և նույնիսկ քաղաքական շրջանակների կողմից։ Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում։ Հետևաբար, բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով որևէ բան փոխել հնարավոր չէ, հօդս են ցնդում։ Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարական երկրներում կիրառվող սահմանադրականության սովորական մեխանիզմ։
-Դուք ասացիք, որ կառավարության փոփոխությունը փաստորեն պարտադրվել է ընդդիմության կողմից, մինչդեռ իշխանությունները պնդում են, թե վարչապետը պաշտոնից ինքնակամ հրաժարվել է իր դիմումի համաձայն, իսկ որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ էլ նրա հրաժարականի այլ պատճառներ են մատնանշում։
-Իշխանությունների պնդումները պատկանում են հեքիաթի ժանրին և սեփական դեմքը փրկելու ճիգից բացի որևէ այլ բան չեն նշանակում, իսկ Ձեր նշած քաղաքական գործիչների ու վերլուծաբանների բերած պատճառներն, ընդամենը, միտված են խորհրդարանական ընդդիմության դերը նսեմացնելուն։ Վարչապետի հրաժարականն արդյունք է բացառապես Ազգային Ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունների կողմից այդ հարցով ստորագրահավաք սկսելու և շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու վերաբերյալ համատեղ կայացված որոշման։ Ուստի միանգամայն զուր են այլևայլ ձեռնածություններով ժողովրդին մոլորեցնելու էժանագին հնարքները։
-Քառյակի որոշումը մի՞թե բավարար էր և արդյո՞ք շուրջօրյա հանրահավաքներն այդքան լուրջ սպառնալիք էին, որպեսզի Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ ընկրկեր ու թոշակի ուղարկեր վարչապետին։
-Անշուշտ այդպես էր, որովհետև իշխանությունները չէին կարող չհասկանալ (իսկ Սերժ Սարգսյանը, ինչ-ինչ, բայց հաշվել գիտի), որ եթե մարտի 1-ին Կոնգրեսին հաջողվեց երեսունհազարանոց հանրահավաք գումարել, ապա քառյակի կողմից կազմակերպված շուրջօրյա հանրահավաքների պարագայում այդ թիվը կարող էր եռապատկվել, հնգապատկվել կամ նույնիսկ տասնապատկվել` ո՛չ ամենևին չորս ուժերի համակիրների թվաբանական գումարի, այլ սիներգիայի օրենքի ներգործությամբ, երբ երկուսին գումարած երկուսը ոչ թե չորս է, այլ տասը, քսան, և անգամ ավելին։
-Իսկ բացի քառյակի գործոնից, վարչապետի հրաժարականի հարցում, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր են խաղացել քաղաքացիական շարժումները, մասնավորապես, «Դեմ եմ» նախաձեռնությունը։
-Երկրում իրական փոփոխությունների իրականացման գործում քաղաքացիական շարժումների դերը և քաղաքական ու քաղաքացիական ուժերի համագործակցության կարևորությունը ես հիմնավորապես գնահատել եմ իմ վերջին հրապարակային ելույթում։ Ուստի անժխտելի է, որ հասարակական ակտիվության առումով քաղաքացիական գործոնն էլ տվյալ հարցում որոշ դեր խաղացել է, բայց միայն անուղղակիորեն, քանի որ, ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումը, ձգտելով զերծ մնալ իր հետապնդած խնդրի քաղաքականացումից, երբևէ վարչապետի հրաժարականի պահանջ չի ներկայացրել։
-Կարելի՞ է, արդյոք, զուգահեռներ անցկացնել Ուկրաինայում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև։
-Զուգահեռներն, իմ կարծիքով, բոլորովին անտեղի են։ Ուկրաինական իրադարձությունները կապված են Արևմուտքի և Ռուսաստանի միջև այդ երկրի քաղաքական կողմնորոշման «հավերժական» երկընտրանքի հետ։ Այդպիսի երկընտրանքի առջև Ուկրաինան կանգնած է եղել Բոգդան Խմելնիցկու ժամանակներում, Պետլյուրայի օրոք և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նույնը տեղի է ունենում այսօր և դեռևս շարունակվելու է ապագայում։ Մինչդեռ Հայաստանում քաղաքական առումով, շեշտում եմ, քաղաքական, այլ ոչ թե արժեքային կամ մշակութային առումներով, հատուկենտ անհատներից ու լուսանցքային տարրերից բացի, արևմտամետ ուժեր գոյություն չունեն։ Եթե ունենային, ապա քսան-երեսուն հոգիանոց բողոքի ցույցերի փոխարեն վաղուց բազմազանգված Մայդան կկազմակերպեին։ Սեպտեմբերի 3-ից ավելի քան յոթ ամիս է անցել, իսկ Մայդան այդպես էլ չկա ու չկա։ Հայաստանյան իրադարձություններն, ըստ այդմ, ի տարբերություն Ուկրաինայի, կապված են ոչ թե արտաքին, այլ բացառապես ներքին խնդիրների, ավելի ճիշտ, ատելի ավազակապետական ռեժիմից ազատվելու միակ խնդրի հետ, որը գոյություն է ունեցել սեպտեմբերի 3-ից շատ առաջ, ամենևին առնչություն չունենալով ևրոասոցացումից դեպի ևրասիացում կատարված կտրուկ շրջադարձի հետ։
-Այսպես կոչված արևմտամետները հենց Հայ Ազգային Կոնգրեսին և մասամբ նաև Բարգավաճ Հայաստանին են մեղադրում Սերժ Սարգսյանի կողմից այդպիսի շրջադարձ կատարելու հարցում, իրողությունն այնպես ներկայացնելով, թե իբր վերջինս անկեղծորեն ձգտում էր ընթանալ Եվրոինտեգրման ճանապարհով, բայց այդ ուժերը դավադրաբար նրան մղեցին Ռուսաստանի գիրկը։
-Հիրավի սպանիչ, բայց, պետք է խոստովանել, միաժամանակ հանճարեղ մեղադրանք` նկատի առած մանավանդ այն հանգամանքը, որ նույն այդ մարդիկ երկու տարի շարունակ գիշեր-ցերեկ հայտարարում էին, թե Կոնգրեսը մեռած է, նա այլևս գոյություն չունի, իսկ Բարգավաճ Հայաստանն ընդհանրապես քաղաքական գործոն չէ։ Տվյալ պարագայում հարց է առաջանում, թե այդ ինչպես պատահեց, որ մեռած Կոնգրեսը և որպես քաղաքական գործոն գոյություն չունեցող Բարգավաճը կարողացան Սերժ Սարգսյանին ստիպել անդամակցելու Մաքսային միությանը, իսկ կենդանի արևմտամետների հզոր բանակը ի զորու չեղավ ազդելու վերջինիս վրա և նրան տանելու ևրոասոցացման ճանապարհով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ