Hayeli.am-ը գրում է.
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ, համապատասխան առաջարկի դեպքում ՀՅԴ-ն պատրաստ է կոալիցիոն կառավարության մաս դառնալ: Նոր կոալիցիոն կառավարության հնարավոր կազմավորման դեպքում իրենց մասնակցությունը Ռուստամյանըպայմանավորել է ոչ թե անձերով, այլ ծրագրով. <<Եթե երաշխավորվում է հստակ ծրագրի իրականացում, ինչո՞ւ ոչ, մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը ստանձնել։ Եթե ասում ես` սա է ծրագիրը, բայց հրաժարվում ես այն իրականացնելուց եւ մերժում ես, ուրեմն երկու եզրակացություն կարելի է անել՝ կա՛մ ծրագիրդ է թերի, սխալ, կա՛մ դու ինքդ այն պրոֆեսիոնալ մակարդակը չունես, որ այն իրականացնես։ Քաղաքական առումով սխալ տեղում ես հայտնվում երկու դեպքում էլ>>,- հայտարարել է Ռուստամյանը։
Փաստորեն, ՀՅԴ-ն չի թաքցնում, որ պաշտոնների ակնկալիք ունի, թեպետ պարզ չէ՝ Ռուստամյանն այս դեպքում խոսել է քառյակի՞, թե՞ կոնկրետ ՀՅԴ-ի անունից: Քառյակի անունից նման հայտարարությամբ հանդես գալու քաղաքական հիմք գոնե այս պահի դրությամբ Դաշնակցությունը կարծես թե չունի. նման լիազորությամբ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու <<Ժառանգությունը>> նրան չեն օժտել: Առավել հավանական է, որ Դաշնակցությունը կոալիցիա վերադառնալու սեփական ալիբի է ստեղծում. ծրագրին հղում կատարելն այս դեպքում փորձված և աշխատող տարբերակ է: Նույն բանը դաշնակցականներն հայտարարեցին նաև 2003-ին, երբ առաջին անգամ կոալիցիա կազմեցին: Այն ժամանակ էլ լոզունգը նույնն էր. <<Գալիս ենք, որ մեր ծրագրերն իրագործենք>>: Այսպես, 10 տարի կոալիցիա խաղալով, ավանդական կուսակցության մերօրյա շուլլերները տեղը-տեղին օգտվեցին իշխանության կերակրատաշտակից, շատ ու շատ իրական իշխանավորներից մի բան էլ ավել իրենց համար անձնական բարեկեցություն ու բիզնես ապահովեցին՝ այդ ամենի դիմաց կրելով զրոյական քաղաքական պատասխանատվություն: Կոալիցիայից հեռանալուց հետո հին ընկերները շատ արագ մոռացան, որ իրենք պորտֆելները ստանձնել էին ծրագրերի իրագործման համար, և անմիջապես հայտարարեցին՝ դաշնակցությունը չի կարող իշխանության համար պատասխանատու լինել, քանի որ իրենց ունեցած պորտֆելները բավարար չէին՝ ՀՅԴ ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու համար, ուստի բոլոր ձախողումների միակ մեղավորը քաղաքական մեծամասնությունն է: Հիմա, փաստորեն, ՀՅԴ-ն ուզում է, որ պատմությունը կրկնվի. պաշտոնների համը տեսնելուց հետո առանց պաշտոնների ապրելը իհարկե դժվար է: Միշտ էլ կարելի է ծրագրի իրագործման պատրվակով պաշտոն վերցնել, գոհ ու երջանիկ ապրել, հետո, ըստ քաղաքական նպատակահարմարության, դրանցից հրաժարվել ու հրեշտակի դեմք ընդունած հայտարարել, թե մենք ոչ մի բանի հետ կապ չունենք՝ իշխանություն չենք եղել:
Բայց հիմա, ամեն դեպքում, իրավիճակը մի փոքր այլ է. Դաշնակցությունը մոռանում է, որ ինքն այժմ իշխանության հետ հարաբերվում է քառյակի ֆորմատով: Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ պիտի հանուն ծրագրի Դաշնակցությանը պորտֆել առաջարկվի, իսկ, օրինակ, <<Ժառանգությանն>> ու ՀԱԿ-ին՝ ոչ: Էլ չենք խոսում ԲՀԿ-ի մասին, որը քառյակի գլխավոր դերակատարն է և իր ունեցած ԱԺ ներկայացվածությամբ ամենաշատը կարող է հավակնել պաշտոնների: Բայց Ծառուկյանն ու ԲՀԿ-ականներն առայժմ չեն շտապում հայտարարել, թե իրենք չեն հրաժավի պատասխանատվությունից: Մինչդեռ Դաշնակցությունը չի էլ ուզում թաքցնել, որ կռիվը պաշտոնների համար է: Մի խոսքով՝ ստրիպտիզը կարծես թե սկսվում է՝ հիմա արդեն մերկանալու պահն է:
Դավիթ Մանուկյան