Ստեղծված քաղաքական իրավիճակը ճիշտ գնահատելու և հետագա քայլերը հստակեցնելու համար առաջարկում եմ հետևյալ համեմատությունը:

2011 թվական։ Կոնգրեսը վերջին երեք տարիներում ամենաբազմամարդ և ամենաբարձր էներգետիկայով հանրահավաքային ալիքի միջոցով Սերժ Սարգսյանին պարտադրեց հրապարակում դրված պահանջների (քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու ազատություն, Մարտի 1-ի սպանդը բացահայտելու պաշտոնական հավաստիացում) կատարում: Իշխանության կորստի անխուսափելի վտանգի տակ Սերժ Սարգսյանը ստիված եղավ զիջել, իսկ այնուհետև չկարողանալով մեղմել հասարակական բողոքի ալիքի ահագնացումը կրկին պարտադրված նահանջեց և ՀԱԿ ներկայացուցիչների հետ նստեց բանակցային սեղանի շուրջ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Դրանով, ըստ էության, ամբողջ հասարակության և միջազգայի հանրություն առջև ընդունեց սեփական իշխանության ոչ լեգիտիմությունն ու հանցավորությունը:

Պետք է շեշտել, որ ռեժիմի նման աննախադեպ զիջումները իրականացվեցին Սերժ Սարգսյանին միջազգային հանրության կողմից բացահայտ աջակցության, իշխանական բուրգի մոնոլիտության, հասարակական-քաղաքական ուժերի ոչ ամբողջական համամխմբվածության պայմաններում և բացառապես մեկ քաղաքական միավորի՝ Կոնգրեսի կողմից իրականացված հանրահավաքային ալիքի ճնշման տակ:

2014 թվական. ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ միասնական հանրահավաքի միայն նախապատրաստման ահից Սերժ Սարգսյանը ստիպված է գնալ լրջագույն զիջման՝ այն է անվերապահորեն կատարել ընդդիմության կողմից առաջ քաշված պահանջը՝ ցրել կառավարությունը:

Սա արդեն տեղի է ունենում միջազգային հանրության կողմից աջակցության բացակայության, իշխանական բուրգի բացահայտ քայքայման, հասարակական-քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածության և դեռևս քաղաքական ուժերի կողմից պարտադրանքի ամենահզոր միջոցը՝ զանգվածային հրապարակային միջոցները գործի դրած չլինելու պայմաններում:

Այսինքն՝ ի տարբերություն 2011թ.-ի 2014թ.-ին միասնական ընդդիմությունը գործելով ծայրահեղ շահեկան քաղաքական իրավիճակում, ունենալով հոգեբանական առավելություն պառակտված և մեկուսացման մեջ հայտնված իշխանությունների նկատմամբ և ամենակարևորը, դեռևս սպառած չլինելով իր փողոցային ռեսուրսը կարողացել է հասնել տպավորիչ հաղթանակի՝ էլ ավելի թուլացնելով իշխանությունների և ամրապնդելով, ուժեղացնելով ընդդիմության դիրքերը: Պատկերավոր ասած, ընդդիմությունը գտնվում է ակտիվ հարձակման փուլում, որին իշխանությունները չեն կարողանում դիմադրել։ Սրա արդյունքում ժողովրդական ուժերի կուռ շարքերը առանց կորուստների, առանց կրակոցների գրավում են թշնամու նորանոր տարածքներ: Արագընթաց և ուժեղ հարձակման ճնշման տակ թշնամին չի կարողանում բռունցքի մեջ հավաքել խուճապահար ուժերը և ձևավորել դիմադրության կայուն ճակատ: Նմամ հարձակման շարունակականությունը և տեմպի պահպանումը, ամենայն հավանականությամբ, այդպես էլ հնարավորություն չի տա իշխանություններին մշակելու և իրականացնելու որևե լուրջ հակաքայլ: Սակայն հարձակման տեմպերի թուլացումը, հարձակման դադարեցումը կարող է հնարավորություն տալ ռեժիմին հենց այդ ճակատը ձևավորելու, անցնելու ակտիվ՝ հակահարձակում ենթադրող պաշտպանության: Նման քայլը անթույլատրելի է և Հայաստանի ապագայի համար մեծ վտանգներ է պարունակում:

Ձևավորվել է մի իրավիճակ, երբ իշխանություններին ուղղվող հարվածների պահպանումը, նրան շունչ քաշելու հնարավորություն չտալը անխուսափելի են դարձնում դիմադրության որևե ռեսուրս չունեցող Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումը:

Հ.Գ. Պատերազմը հայտարարված է, սահմանպահների գիծն անցած է: Ընդդիմությունն այժմ անդառնալիորեն խորացել է թշնամու տարածքների մեջ։ Այս փուլում հապաղումը կարող է դառնալ կործանարար հարձակվող կողմի համար: Ետդարձի ճանապարհը վտանգավոր է և անկանխատեսելի։ Միակ ճանապարհը, միակ ելքը արդեն հաջող մեկնարկ ունեցած հարձակման զարգացումն է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել