Պատերազմ տեսած ու իր մաշկի վրա զգացած սերունդը, կներեք արտահայտությանս համար, լաչառ կանանց նման իրար մազ են պռճոկում նախագահական աթոռի համար` արատավորելով սեփական զինակից ընկերների հիշատակը: Այսպիսով` Արցախի ընտրությունները ոչնչով չեն զիջում իրենց անբարոյական բնույթով: Կարդացեք ներքևի մեջբերումն ու կհասկանաք ինչի մասին է խոսքը.

***

Բայց ԼՂՀ նախագահական ընտրությունների նախընտրական փուլի վերջին զարգացումները, դժբախտաբար, քաղաքական տարբեր տեխնոլոգիաների անհաջող, երբեմն անբարո նմանակման պատճառով մեզ տանում են ոչ թե գաղափարների բախումների ու բյուրեղացման, այլ քաղաքական կարճատեսության հետևանքով առաջադրում պատասխան չունեցող մի շարք հարցականներ, հասարակական գիտակցության մեջ արժեզրկում Արցախի պետականության և նախագահական ընտրությունների գաղափարն ու նպատակը և ընդամենը մղում կորսված բարոյականության որոնումների:
«100-ից ավելի ազատամարտիկների» կողմից հուլիսի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակն ու ԼՂՀ նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանին սկզբում «Արցախ գնդի» փոխհրամանատար Ռոլանդ Բաբայան», իսկ վերջում` «Արցախ գունդ» արտաքուստ հավաքական, իսկ իրականում անանուն ստորագրությունն ունեցող նամակը, որոնք, ինքնին հասկանալի է, թե ում նախնտրական շտաբի հանձնարարությամբ են գրվել, Հայաստանի լրատվամիջոցներում սկիզբ դրեցին քաղաքական մտածողության ու նախընտրական գործընթացների հետ որևէ կապ չունեցող քննարկումների:
Ի վերջո, որքանո՞վ է բարոյական հայտարարել, թե 21 տարի առաջ ԼՂՀ Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի պաշտպանության մարտերում զոհված հրամանատար Սամվել Վարդանյանը եթե ապրեր, ապա այսօր բաց նամակ գրելով կպաշտպաներ նախագահության թեկնածու Վիտալի Բալասանյանին: Գրավյալ Շահումյանը մեր ցավն է, նրա սահմանները պաշտպանելիս զոհված կամավորականները` մեր հպարտությունը և երբեք չի կարելի ցավը որպես մանրադրամ օգտագործել, իսկ հպարտությունն` արժեզրկել: Եվ սա անում ու զոհված հրամանատարի հիշատակի հոգևոր դիակապտությամբ է զբաղվում նախկին կամավորականը:
Որքանո՞վ է բարոյական նույն հայտարարությունն անել նաև ծանր հիվանդության ու պատերազմում ստացած վերքերի պատճառով շուրջ մեկ ամիս առաջ մահացած Միքայել Ապրեսյանի անունից, ով ևս «Արցախ գունդ» կամավորական կազմավորման հրամանատարներից էր, ու նաև հասարակական ակտիվ կեցվածք ունեցող մարդ և հաստատապես կարիք չուներ իր հայացքներն ուրիշի միջոցով արտահայտելու:

հղումը` http://hetq.am/arm/opinion/16621/ 

Իսկ տուժողն ապագա սերունդն է, ով հավատում էր ձեզ :(

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել