Երեկ, երբ լրահոսում կարդացի-լսեցի, որ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց, շատ-շատերի պես անասելի էր նաև իմ ուրախությունը։
Ուրախությունից էլ անդին էր զգացումս, «ամեն ինչ կորած չէ», շտապեցի եզրակացնել, մեր իրականության մեջ, այնուամենայնիվ, կան ինստիտուտներ, որոնք կարող են պետականության և, հատկապես, պետականության արժանապատվության գիտակցում ունենալ, պետականության համար ողնահարային գործառույթներն իրականացնել՝ իշխանության ճյուղերի տարանջատման ու հակակշռելիության սկզբունք ապահովել, այնուամենայնիվ, մեր քաղաքական իրականությունից մինչև վերջ օտարված չէ բարոյականությունը, այնուամենայնիվ, մարդն արժեք է ու նրա իրավունքները՝ թեև դժվար, ծանր ու հյուծիչ պայքարի գնով, հնարավոր է պաշտպանել, այնուամենայնիվ, Հայաստանում կան պետական այրեր, որոնց համար մասնագիտական խիղճն ու ստորագրության գինը թանկ են ամեն տեսակի կարճաժամկետ «հեղինակությունից», երկիրը կործանող կեղծ հավատարմության գայթակղությունից։ Մտածումներս ու ոգևորությունս ավելի ամրապնդվեցին, երբ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ «Վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կատարված բոլոր վճարումները»։ Անկեղծորեն գնահատեցի նաև ՀՀԿ ներկայացուցչի արտահայտությունը, որը Սահմանադրականի բակում, լրագրողների ու հանրության առջև գունատ ու քրտնած դեմքով խոստովանեց, որ սխալվել են….
Հնարավոր է, թեթևացած շունչ քացեշի ես, ուրախանալով այն երիտասարդների համար, որոնք քաղաքացու, արդարության, արժանապատվության ու իրավունքի պաշտպանության իրենց համոզումներում վճռական են, համոզված ու շարունակելու են ապրել Հայաստանում՝ այս հողի վրա տեսնելով իրենց վաղը։
Արդեն երեկոյան մի շարք պետական պաշտոնյաների մեկնաբանությունները տրամադրության խմբագրում ու աննահանջություն էին արտացոլում, իսկ «Շանթ» հեռուստաընկերության եթերից Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը հայտարարեց, որ «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը ոչ միայն մինչև սեպտեմբերի 30-ը գործելու է, այլև քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները:
«ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պատասխանատու մարմինների, այս դեպքում՝ կառավարության և Ազգային ժողովի կողմից»,- հենց այսպես էլ, առանց աչքերը թարթելու ասաց Ֆելիքս Թոխյանը, որն ընդամենը մեկ օր առաջ ժողովրդի աչքի ու ականջի համար հաճո, «լավ տղու» խիստ ժողովրդական «արա ախպեր»-ով սեփականության անձեռնմխելիության սահմանադրականությունն էր բացատրում ՀՀ սոցիալական ապահովության նախարարին, ԿԲ փոխնախագահին ու ԱԺ ներկայացուցչին ու ձեռքի հետ էլ «փչացնում » նրանց ու նրանց ներկայացրած ինստիտուտները։
Շտապել էի/էինք. պարզվեց, որ հնարավոր չէր, ու մեր ժամանակավոր էյֆորեան ընդամենը հերթական բարոյական հաղթանակ էր, գոլորշի. Սահմանադրական դատարանը կառավարության ու Ազգային ժողովի հաշվին կարճընթաց PR արեց, վերջնախաղում առհասարակ վարկաբեկելով իրեն էլ, նրանց էլ…. ուրիշ ոչինչ…
Իսկ մենք, ինչպես հայտնի երգում է ասվում, «այնքան էինք սպասում հրաշքին, որ հավատացինք դրախտին»։
Իսկ Հայաստանում, ինչպես Հայաստանում. այո, օրենքը հակասահմանադրական է, բայց ևս 6 ամիս՝ մինչև սեպտեմբեր կգործի, երկրում կշարունակվի կուտակայինի հակասահմանադրական երթը։ Եվ արդյո՞ք միայն կուտակայինի….
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/641359025940715?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել