Ռոբեր Մուզիլի ժամանակակիցները ավելի շատ հիանում էին նրա խելքով (intelligence), քան գրքերով. նրանց կարծիքով նա պետք է գրեր էսսեներ, այլ ոչ թե վեպեր: Այս կարծիքը հերքելու համար բավական է բացասական ապացույցը. կարդացեք Մուզիլի էսսեները՝ ի՛նչ ծանր, ձանձրալի և անհրապույր են դրանք: Որովհետև Մուզիլը մեծ մտածող է միայն իր վեպերում: Նրա միտքը կարիք ունի սնվելու կոնկրետ իրադրություններով և կոնկրետ անձնավորություններով: Միով բանիվ՝ դա վիպական միտք է, այլ ոչ փիլիսոփայական:

Ֆիլդինգի Թոմ Ջոնսի տասնութ մասերի յուրաքանչյուր առաջին գլուխը կարճ էսսե է: XVIII դարի ֆրանսիացի առաջին թարգմանիչը ուղղակի բաց է թողնում դրանք՝ վկայակոչելով անհամապատասխանությունը ֆրանսիացիների ճաշակի հետ: Տուրգենևը կշտանբում է Տոլստոյին Պատերազմ և խաղաղություն [գրքի] մեջ էսսեիստական հատվածների համար, որտեղ քննարկվում է Պատմության փիլիսոփայությունը: Տոլստոյն սկսեց կասկածել ինքն իրեն և խորհրդատուների ճնշման տակ այդ հատվածները բաց է թողնում վեպի երրորդ հրատարկության միջից: Բարեբախտաբար, ավելի ուշ նա դրանք վերականգնում է:
Գոյություն ունի վիպական դատողություն, ինչպես գոյություն ունի վիպական երկխոսություն և գործողություն: Պատերազմ և խաղաղության մեջ երկար պատմական դատողություններն աներևակայելի են վեպից դուրս, օրինակ՝ գիտական հանդեսում: Լեզվախոսության (langage) պատճառով, իհարկե, [որը] լի է դիտավորյալ պարզամիտ համադրություններով և փոխաբերություններով: Բայց հատկապես, որովհետև Տոլստոյը, խոսելով Պատմության մասին, չի հետաքրքրվում, ինչպես դա կաներ պատմագետը, իրադարձությունների ճշգրիտ նկարագրությամբ, սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքի համար դրանց հետևանքներով, այսինչի կամ այնինչի դերի գնահատմամբ և այլն. նա հետաքրքրվում է Պատմությամբ՝ ինչպես մարդկային գոյության նոր չափմամբ:
Պատմությունը XIX դարի սկզբին դարձավ կոնկրետ փորձառություն յուրաքանչյուրի համար, այդ նապոլեոնյան պատերազմների ժամանակ, որոնց մասին խոսվում է Պատերամ և խաղաղության մեջ. այդ պատերազմները, ցնցելով, յուրաքանչյուր եվրոպացու հասկանալի դարձրեցին, որ նրանց շրջապատող աշխարհը գտնվում է անընդհատ փոփոխությունների իշխանության ներքո, որոնք միջամտում են նրա կյանքին, փոխակերպում են այն և պահպանում այն տատանման մեջ: Մինչ XIX դարը, պատերազմները, խռովություններն ընկալվում էին իբրև բնական աղետներ, ժանտախտ կամ երկրաշարժ: Մարդիկ պատմական իրադարձությունների մեջ չէին նկատում ո՛չ միասնություն, ո՛չ շարունակականություն և չէին մտածում, որ կարող են փոխել դրանց ընթացքը: Ժակ-ճակատագրապաշտ Դիդրոն զորակոչվում է բանակ, այնուհետև ծանր վիրավորվում է մարտի ժամանակ. դա իր կնիքն է թողնում նրա ողջ կյանքի վրա՝ նա կկաղի մինչև իր օրերի վերջը: Սակայն այդ մարտի մասին, որն այդքան նշանակալից էր Ժակի համար, վեպում ոչինչ չի ասվում: Եվ մի կողմից էլ ի՞նչ ասել: Եվ հանուն ինչի՞ ասել: Բոլոր պատերազմները միանման են եղել: XVIII դարի վեպերում պատմական պահը որոշարկված է շատ մոտավոր: Միայն XIX դարի սկզբին, սկսած Վալտեր Սքոթից և Բալզակից, բոլոր պատերազմներն այլևս միանման չեն թվում, իսկ վեպերի կերպարներն ապրում են ճշգրտորեն թվագրված ժամանակներում:
Տոլստոյը վերադառնում է նապոլեոնյան պատերազմներին հիսուն տարի անց: Նրա դեպքում Պատմության նոր ընկալումը ներառվում է ոչ միայն վեպի կառույցի մեջ, որն ավելի ու ավելի է ընդունակ դառնում որսալ (երկխոսություններում, նկարագրությունների միջոցով) պատմվող իրադարձությունների պատմական բնույթը. այն, ինչը նախ և առաջ նրան հետաքրքրում է, մարդու հարաբերությունն է Պատմության հետ (նրա վրա իշխելու ունակությունը կամ նրանից խուսափելը, նրա նկատմամաբ լինել ազատ կամ ոչ), և նա այդ հիմնախնդրին մոտենում է ուղղակիորեն, ինչպես իր վեպի թեմային, թեմա, որը նա քննում է բոլոր միջոցներով, ներառյալ վիպական դատողությունը:
Տոլստոյը բանավիճում է ընդդեմ գաղափարի, որ Պատմությունը ստեղծում են մեծ անձնավորությունների (personnages) կամքը և բանականությունը: Ըստ նրա Պատմությունը ստեղծվում է ինքն իրեն, իր սեփական օրենքներին հնազանդ, որոնք անըմբռնելի են մարդու համար: Մեծ անձնավորությունները «Պատմության անգիտակից գործիքներն են եղել և արարել են իրենցից թաքուն, բայց մեզ հասկանալի գործեր» [1]: Այնուհետև. «Նախախնամությունը ստիպում է իրենց անձնական նպատակներին ձգտող բոլոր այդ մարդկանց համագործակցել մեկ վիթխարի արդյունքի իրականացման [համար], որի մասին ոչ մի մարդ (ո՛չ Նապոլեոնը, ո՛չ Ալեքսանդրը, ո՛չ էլ առավել ևս պատերազմին մասնակցած որևէ մեկը) դույզն ինչ պատկերացում չուներ»[2]: Եվ դարձյալ՝ «Մարդը գիտակցաբար ապրում է իր համար, բայց անգիտակից գործիք է ծառայում պատմական, համամարդկային նպատակներին հասնելու համար»: Այստեղից էլ այդ վիթխարի եզրակացությունը. «Պատմությունը, այն է՝ մարդկության անգիտակից, ընդհանուր, հոտային կյանքը …» (Բանաձև-բանալի բառերը ես ինքս եմ ընդծել)
Պատմության այդ հղացքով Տոլստոյը պատկերում է մետաֆիզիկական տարածությունը, որտեղ շարժվում են նրա հերոսները: Չհասկանալ Պատմության ոչ իմաստը, ոչ էլ նրա ապագա ընթացքը, անգամ չհասկանալով սեփական արարքների օբյեկտիվ իմաստը (որոնց միջոցով անգիտակցաբար մասնակցում են իրադարձություններին, որոնց իմաստը նրանցից խուսափում է), նրանք իրենց կյանքում շարժվում են այնպես, ինչպես շարժվում են մշուշի մեջ: Ոչ մթության մեջ, քանի որ մթության մեջ ոչինչ տեսանելի չէ, դուք կույր եք, դուք կախված եք, դուք անազատ եք: Մշուշի մեջ դուք ազատ եք, բայց դա ազատությունն է նրա, ով գտնվում է մշուշի մեջ. նա տեսնում է հիսուն մետր հեռուն, նա կարող է հստակորեն տարբերել զրուցակցի դիմագծերը, նա կարող է վայելել ճանապարհը եզերող ծառերի գեղեցկությունը, և անգամ դիտել այն, ինչ կատարվում է մոտակայքում, և հակազդել դրան:
Մարդն այն է, որ առաջանում է մշուշի մեջ: Բայց երբ նա հետ է նայում, որպեսզի դատի անցյալի մարդկանց, նա ոչ մի մշուշ չի տեսնում նրանց ճանապարհին: Իր ներկայից, որը նրանց համար հեռավոր գալիք էր, նրանց ճանապարհը նրան թվում է լիովին պարզ, տեսանելի իր ողջ ձգվածությամբ: Հետ նայելով, մարդը տեսնում է ճանապարհը, տեսնում է անցյալի մարդկանց, ովքեր առաջ են շարժվում, տեսնում է նրանց սխալները, բայց մշուշն այլևս չկա: Այդուհանդերձ բոլորը` Հայդեգգերը, Մայակովսկին, Արագոնը, Էզրա Փաունդը, Գորկին, Գոտֆրիդ Բենը, Սեն-Ժոն Պերսը, Ժուանոն, բոլորն էլ քայլել են մշուշի մեջ, և կարող ենք ինքներս մեզ հարցնել. ո°վ է ավելի կույր: Մայակովսկի°ն, ով գրելով իր պոեմը Լենինի մասին, չգիտեր` ուր է տանում լենինիզմը: Կամ մենք ինքնե°րս, իրականացնելով մեր դատը նրանց նկատմամբ տասնամյակներ անց և չնակատելով նրանց պարուրած մշուշը:
Մայակովսկու կուրացումը հավիտենական մարդկային կացության մասն է:
Չտեսնել մշուշը Մայակովսկու ճանապարհին` նշանակում է մոռանալ այն, ինչ մարդն է, մոռանալ այն, ինչ մենք ինքներս ենք:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[1] Մեջբերումն արել ենք ըստ Լ. Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» գրքի համապատասխան հատվածի ռուսերեն թարգմանության (Տե՛ս Л. Н. Толстой, Собрание сочинений в 22 томах, Том шестой,, Война и мир, Москва: «Художественная литература», 1981, с. 105): Ֆրանսերենում հատվածն այլ կերպ է գրված. «Պատմության անգիտակից գործիքներն են եղել. կատարել են գործեր, որոնց իմաստը նրանցից վրիպել է»:
[2] Մեջբերումը՝ կրկին ըստ Լ. Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» գրքի համապատասխան հատվածի ռուսերեն թարգմանության (Տե՛ս Л. Н. Толстой, Собрание сочинений в 22 томах, Том шестой, Война и мир, Москва: «Художественная литература», 1981, с. 106): Ֆրանսերենում հատվածը այլ կերպ է գրված. «Նախախնամությունը իրենց անձնական նպատակները հետապնդող այդ մարդկանցից յուրաքանչյուրին ստիպում է համագործակցել մեկ միասնական և վիթխարի արդյունքի համար, որի մասին նրանցից ոչ ոք, լինի դա Նապոլեոնը կամ Ալեքսանդրը, առավել ևս դերակատարներից որևէ մեկը, դույզն ինչ գաղափար չուներ»:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Թոնդրակի

Աղբյուրը՝ Գրանիշ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել