Հանրային տրանսպորտի գնի թանկացման մասին խոսակցությունները կրկին արդիական են դարձել: Արվում են ինչ-որ հաշվարկներ տարբեր կազմակերպությունների և քաղաքապետարանի կողմից: Վերջին ուսումնասիրությունները, օրինակ, կատարել է IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը, որի հաշվարկների համաձայն՝ Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների գինը չի համապատասխանում այն գնին, որն այժմ գործում է: Այլ կերպ ասած՝ մեզ նրբանկատորեն նախապատրաստում են առաջիկա թանկացումներին: Բայց շաբաթ օրը տեղի ունեցավ մի բան, անկախ ամեն ինչից, որն անձամբ ինձ հունից հանեց և, կարծում եմ՝ ցանկացած ինքնասիրություն ունեցող մարդու նման երևույթը, մեղմ ասած, դուր չէր գա:

Երևանի Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հայտարարել էր, որ մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձի թանկացման պարագայում, ովքեր վճարունակ են, կստանան ծառայություն, ովքեր ոչ՝ «ոտքով կգնան»: Փորձեմ ընդհանուր առմամբ մեջ բերել այդ մարդու խոսքերը. «Դուք հո ամեն օր խավիար չե՞ք ուտում, թե՞ հաց ու պանիր եք ուտում: Ես հաց ու պանիր եմ ուտում և չեմ գտնում, որ ամեն օր պետք է խավիար ուտեմ: Մեր աշխատանքն արժե 200-250 դրամ: Եթե քաղաքապետը որոշի մեր աշխատանքի արժեքը, դրանից հետո փոխադրողներն իրենք կորոշեն, թե իրենց բավարարո՞ւմ է այդ սակագինը, թե՝ ոչ, ու կմտածեն՝ աշխատե՞լ, թե՝ չէ: Հիմա ուղևորը եթե չի վճարում, սպասարկում չի ստանում: Եթե դու գնում ես հաց առնելու, որն արժե 100 դրամ, իսկ դու ունես 70 դրամ, քեզ հաց տալի՞ս են: Հիմա մեր սպասարկումն արժե այդքան, կվճարեք՝ կստանաք, չեք վճարի՝ չեք ստանա»,- ասել է Փոխադրողների միության նախագահ: Վերջինս նաև այս ամենից հետո էլ հանդգնություն է ունեցել ասելու, որ եթե նախորդ թանկացման դեպքում ակտիվիստներն աղմուկ չբարձրացնեին, մարդիկ նորմալ կվճարեին:

Նախ սկսենք նրանից, թե ինչ է նշանակում «չունեն, թող ոտքով քայլեն» և ինչ տրամաբանությամբ կամ էլ մտածողությամբ է այս մարդը համեմատում քաղաքային տրանսպորտը խավիարի հետ: Հարգելի պարոն Եղիազարյան, նախ քաղաքային տրանսպորտից օգտվելը ոչ թե շքեղություն է, այլ` անհրաժեշտություն, և երկրորդ` քաղաքային տրանսպորտից հիմնականում օգտվում են աղքատության շեմին ապրող մարդիկ և, այսպես կոչված, «միջին խավը», որը գրեթե ոչնչով չի տարբերվում հասարակության ծանր սոցիալական պայմաններում ապրող մարդկանցից: Այնպես որ, քաղաքային տրանսպորտից օգտվող մարդկանց ծաղրել պետք չէ, ամեն օր «շախմատի ձի»-ու կեցվածքով երթևեկող մարդկանց խավիար պետք չէ ցինիկաբար ուտողների տեղ դնել: Ինչ վերաբերում է նրան, թե չունևորները պետք է ոտքով քայլեն, ապա հենց միայն դրա համար այս մարդուն պետք է զրկել «գիծ ունենալու» իրավունքից, և դա պետք է անի, ոչ ավել ոչ պակաս, քան քաղաքապետարանը:

Հետո ի՞նչ ասել է, թե մարդիկ նախորդ թանկացման ժամանակ կվճարեին, եթե ակտիվիստները աղմուկ չբարձրացնեին: Լսեք, հարգելի Եզիազարյան, այդ ակտիվիստները աղմուկ բարձրացրեցին, որովհետև մարդիկ ի վիճակի չէին վճարել: Իսկ երբ այս աղմուկից հետո Դուք, նկատի ունեմ գծատերերդ, շարունակեցիք աշխատել և ծառայություն մատուցել երևանցիներին, շատ պարզ ապացույցներ այն բանի, որ գինը բարձրացնելու ոչ մի անհրաժեշտություն էլ չկար: Այլ կերպ ասած՝ անհնար է, որ ինչ-որ մեկը բիզնեսով զբաղվի տարիներ շարունակ, վնաս կրի, և իրավիճակը փոխելու փոխարեն շարունակի վնաս կրել: Այնպես որ, պատմելով այն հեքիաթները, որ գծատերերը տարիներ շարունակ վնասով են աշխատել և շարունակում են աշխատել` Դուք զուր ժամանակ եք կորցնում, քանի որ Ձեզ ոչ ոք ո՛չ հավատում է, ո՛չ էլ շատ ուզենալու դեպքում կարող է հավատալ:

Անկեղծ ասած՝ չեմ ցանկանում ավել ինչ-որ բան ասել այս կապակցությամբ: Պարզապես պետք է այս գծատերերը հստակ հասկանան, որ իրենց ցինիզմի ու լկտիությանը տուրք տվող չկա, և եթե իրենց թվում է, որ մեր ժողովուրդը պատրաստ է 100 դրամից ավել վճարել մի տրանսպորտի համար, որով երթևեկելն անգամ «կամիկաձեություն է», ապա չարաչար սխալվում են: Ես վստահ եմ, որ եթե տրանսպորտի գինը թանկանա՝ երևանցիները մեկ անգամ ևս ոտքի կկանգնեն և միանգամայն արդարացված կպաշտպանեն իրենց իրավունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել