1in.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում: Այս մասին ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիր խորհրդի անդամ Սալիհ Կապուսուզը TRT Haber հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ երկրի վարչապետը նախագահի արժանի թեկնածու է:

Ավելի վաղ փոխվարչապետ Բյուլենթ Առընչը նույնպես հայտարարել էր, որ թուրք ժողովրդի մեծ աջակցությունն ու ՏԻՄ ընտրությունների արդյունքները հիմք են տալիս ասելու, որ վարչապետը կարող է նախագահ ընտրվել իր թեկնածության առաջադրման դեպքում:

Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2014-ի օգոստոսի 10-ին:

Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 51 տոկոս ձայն, ապա օգոստոսի 24-ին ընտրական երկրորդ փուլ կանցկացվի:

2007-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով՝ 2014 թվականից Թուրքիայի նախագահը կընտրվի ոչ թե խորհրդարանի, այլ ժողովրդի կողմից: Համաձայն հանրաքվեի արդյունքների՝ նախագահը կընտրվի 5-ամյա ժամկետով՝ ներկայիս 7-ի փոխարեն:

Սպասվում է, որ թուրքական ընդդիմությունը կառաջադրի միասնական թեկնածուի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել