Արամ mp3-ն Ամստերդամում արժանացավ դահլիճի սուլոցներին ու դժգոհությանը:
Արամն իր 30 ամյակը նշեց Ամստերդամում՝ բեմի վրա: Երգի ողջ ընթացքում դահլիճն ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորեց մեր կատարողի հանդեպ, իսկ վերջում բանը հասավ սուլոցներին ու դժգոհ բացականչություններին, անգամ իրավիճակը չփրկեց Արամի ներողությունն ու այն փաստը, որ նա հերքեց, թե ինքը հոմոֆոբ է... Ցնցվա՞ծ եք, ես էլ, կարծում եք Արամն արժանի՞ էր էս ամենին, իհարկե ՈՉ, վիրավորվա՞ծ եք ձեզ զգում, դե իհարկե՝ ԱՅՈ: Իսկ գիտե՞ք, որ էս սուլոցները մենակ Արամինը չէին, հասկանո՞ւմ եք, որ էդ մարդիկ մենակ Արամին չարհամարհեցին, գոնե պատկերացնո՞ւմ եք, թե Արամը դեռ ինչերի միջով է անցնելու եվրոպական շրջագայությունների ընթացքում... կարծում եմ արդեն պատկերացնում եք: Կասե՞ք թքած ունեք «այլասերված» Եվրոպայի կարծիքի վրա, կասեմ՝ ես էլ, բայց... Էստեղ քննարկման նյութը Եվրոպան չէ...
Իրականում այս սուլոցները բոլորինն էին, բոլոր այն մարդկանց էին ուղղված, ովքեր փրփրաբերան վրա էին տվել մեկ այլ կատարողի (անունը միտումնավոր չեմ նշում՝ ավելորդ անգամ նրան չգովազդելու համար, կարծում եմ բոլորն էլ հասկացան), ովքեր առավոտից իրիկուն իրենց թերարժեք ներկայությունն էին ապահովում այդ կատարողի հոլովակների քոմենթներում: Հա, հենց դուք՝ Mrut Anul, Armenian Pretty Girl, Gagulik from Armenia, Burcho Txa, Ptir Demq, Grgrvac Manushak from armenian Mountains... ու էլի շատ ուրիշներ... ու ի՞նչ, ինչի՞ հասաք, ի՞նչ փոխվեց, ո՞ւմ - ի՞նչ ապացուցեցիք... էս էի՞ք ուզում: Դե ստացե՛ք: Եթե դուք ընդամենը քոմենթ գրելով եք ինքնահաստատվում, էս մարդիկ կոնկրետ գործողությունների են դիմում, ու շատ ավելի արդյունավետ, ցավոք:
Կարծում եք արդարացնում եմ դահլիճի պահվա՞ծքը: Իհարկե ոչ: Ամո՛թ նրանց, որ տարրական կուլտուրա չունեցան իրենց հյուրին ըստ արժանվույն դիմավորելու, որ եթե ծափ էլ չէին տալու, ապա գոնե իրենց շնորհքով պահեին: Ինչևէ, եղավ այն, ինչ եղավ:
Վերադառնալով հանդուրժողականությանը, որը ցավոք մեզ պակասում է՝ ուզում եմ կրկին հարցնել ընկերներիս ու նաև նրանց, ովքեր նույնպես կորոշեն մասնակցել քննարկմանը: Արդյո՞ք մենք այդքան մարդատյաց ենք, արդյո՞ք մենք պատրաստ ենք շանսատակ անել մեկին, ով ընդամենը համարձակվում է տարբերվել, ընտրել ու լինել ուրիշ, արդյո՞ք թրաշով կինը, կամ շրջազգեստով տղամարդն ազդում է իմ, քո, կամ մեկ ուրիշի կենսամակարդակի վրա, խանգարում է մեզ ապրել էնպես, ինչպես մենք մինչ այդ էինք ապրում: Կա՞ն արդյոք մեզանում մարդիկ, ովքեր տեսնելով Ավստրիայի ներկայացուցչին, իրենց կյանքը 180 աստիճանով փոխվել է: Եվ հարցի մյուս կողմը, արդյոք կա՞ ինչ որ ստատիստիկա, թե քանի գեյի են ծեծելով դարձրել նատուրալ, կամ հակառակը, քանի լեզբուհու են շանսատակ անելով՝ մարդի տվել ու սարքել տան կնիկ, քանի՞ աղանդավորի են քֆրտելով հետ բերել Առաքելականության, քանի՞ անառակի են ստիպողաբար դարձրել առաքինի, և կամ քանի՞ կիրթ մարդիկ են նայել հայկակն սերիալ ու դարձել աբորիգեն, քանի՞ թասիբով ընտանիքի հայր է նայել օղու գովազդ ու դարձել ալկոհոլիկ, քանի՞ նամուսով աղջիկ է աչք գցել Քիմ Քարդաշյանին ու դարձել «տակը փախած»... Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն էլ հենց ձեզ կհուշեն, որ կյանքն իրականում ընտրությունների շղթա է, և ամեն մարդ պատասխանատու է սեփական ընտրության համար և միայն ու միայն իր անձի առաջ: Ապրե՛ք ձեզանով ու ապրե՛ք ձեզ համար: Եղե՛ք հանդուրժող, ու միայն հենց այն պատճառով, որ ձեր կարծիքը դիմացինին չի հուզում ու չի ազդում նրա ընտրության վրա...
ՀԳ. Ես էլ ահավոր զզվում եմ սարդերից ու ուզում եմ, որ իրանք վերանան, բայց մեկ ա, չեմ մտնում Discovery-ի կենդանական աշխարհի մասին պատմող նյութերի տակ սարդերին քֆրտում..
ՀՀԳ. Անդրադառնալով Եվրատեսիլին ու մեր Արամին՝ ուզում եմ ասել, որ մենք միևնույնն է քո կողքին ենք՝ անկախ ամեն ինչից: Արդարության համար էլ ասեմ, եթե հանկարծ էդ Եվրոպական տուռի ժամանակ քեզ նորից հոմոֆոբիայի հետ կապված հարց կտան, մի հատ դրանց էրեսին ճպպացրա ու հակառակ հարց տուր, թե էդ Եվրատեսիլը հիմա երգի մրցույթ ա՞, թե համաեվրոպական գեյ-պառադ:
ՀՀԳ-2 Մեկնաբանելիս վստա՛հ եղեք, որ գրում եք հայատառ, գտնվում եք ադեկվատ վիճակում և քննարկում եք ոչ թե հոդվածագրի անձը, այլ նրա մտքերը: Շնորհակալություն: